Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 1 տարի առաջ - 09:33 01-10-2024

Այսօր Ս. Եվստաթեոսի և նրա կնոջ, երկու որդիների, Երմոնե և Նեքտարինե կույսերի հիշատակության օրն է

Ս. Եվստաթեոսը (2-րդ դար) Հռոմում ապրող մի մեծահարուստ և բարեգործ զորավար էր: Տիրոջ տեսիլքից հետո հեթանոս զորավար Պղակիդոսը դարձի է գալիս և իր ողջ ընտանիքի հետ մկրտվում՝ ստանալով Եվստաթիոս անունը: Կայսրից շնորհազուրկ է լինում և կորցնելով ողջ հարստությունը՝ Հռոմից մեկնում: Դաժան փորձություններ են բաժին ընկնում նրան. ծովահեններն առևանգում են կնոջը՝ Թեոփիստային, իսկ գետանցի ժամանակ կորցնում է երկու մանկահասակ որդիներին, որոնք մոլեգնած գետի ջրերից փրկվելով՝ տարբեր մարդկանց որդեգիրներն են դառնում: Եվստաթեոսը ողբում է ընտանիքի կորուստը, սակայն Հոբ երանելու հնազանդությամբ ընդունում է Տիրոջ կամքը: Շուտով նրան կրկին կանչում են զինվորական ծառայության՝ Հռոմը թշնամիներից ազատագրելու համար: Պատերազմի ժամանակ, Տիրոջ նախախնամության շնորհիվ, գտնում է իր ընտանիքի անդամներին: Երբ հաղթանակած վերադառնում է Հռոմ, մերժում է կատարել կայսրի պահանջը` զոհ մատուցել հեթանոս աստվածներին՝ պնդելով, որ իր հաղթանակի համար պարտական է միայն Հիսուս Քրիստոսին: Զայրացած Ադրիանոս կայսրը հրամայում է Ս. Եվստաթեոսին, նրա կնոջն ու երկու երիտասարդ զավակներին այրել՝ շիկացրած պղնձե ցուլի մեջ փակելով:

Ս. Երմոնե կույսը (2-րդ դար) Փիլիպոս սարկավագի դուստրն էր: Իր քրոջ՝ Եվտիքիայի հետ ուղևորվում է Ս. Հովհաննես Ավետարանչին փնտրելու: Երբ իմանում է առաքյալի մահվան մասին, ճանապարհին հանդիպում է Ս. Պողոս առաքյալի աշակերտ Պետրոնիոսին և նրան աշակերտում: Հիմնում է մի բուժարան, որտեղ բժշկում է բոլոր կարիքավորներին՝ քարոզելով Տիրոջ խոսքը: Տրայանոս կայսեր կողմից չարչարվում է, բայց անսասան մնում իր հավատի մեջ: Նահատակվում է Ադրիանոս կայսեր օրոք, քանզի զոհ մատուցելու պատրվակով մտնում է հեթանոսական տաճար, որտեղ իր աղոթքով կործանվում են բոլոր կուռքերը:

Ս. Նեքտարինե կույսն Ալեքսանդրիայի կառավարիչ Կոնստասի դուստրն էր: Ունենալով բացառիկ գեղեցկություն և գիտելիքներ՝ ցանկություն էր հայտնել ամուսնանալ միայն նրա հետ, ով իրեն կգերազանցեր ամեն ինչում: Նեքտարինեի քրիստոնյա մայրն աղջկան տանում է իր հոգևոր ուսուցչի մոտ, ով պատմում է Նրա մասին, Ով գերազանցում է բոլոր աշխարհիկ փեսացուներին: Նա մկրտվում է՝ արժանանալով Քրիստոսի տեսիլքին, Ով իրեն մատանի է տալիս՝ նշանելով իր հետ: Հեթանոսական տոնի ժամանակ կայսեր առջև աղջիկը մերկացնում է հեթանոսների մոլորությունները, դարձի բերում 50 հեթանոս իմաստունների, ովքեր կայսեր հրամանով եկել էին Նեքտարինեի խոսքերը հերքելու: Այս պատճառով տանջանքների է ենթարկվում, սակայն կտտանքների գործիքները շրջվում են և սկսում գանահարել հեթանոսներին: Այս հրաշքին ականատես՝ Օգոստուհի կայսրուհին և Պորփյուրիոս զորավարն իր 200 զինվորների հետ քրիստոնյա են դառնում: Զայրացած կայսրի հրամանով վերջիններիս գլխատում են, իսկ Նեքտարինե կույսին՝ սրով խոցում:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
18:47 Զանգեք ձեր մամային ու պապային. Սուպեր Սաքոյի դիմումը՝ հայրիկի գերեզմանից
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից