copy image url
Ներքին 2 տարի առաջ - 09:25 02-05-2024

Հայհոյել է լրագրողին և ձեռքով հարվածել վերջինիս դեմքին․ ՔԿ-ն՝ Լևոն Քոչարյանի օգնականի կալանավորման մասին

ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության ծանր հանցագործությունների քննության բաժնում շարունակվում է ապրիլի 30-ին ՀՀ ազգային ժողովի բակում լրագրողի մասնագիտական գործունեությունը առերևույթ բռնության գործադրմամբ խոչընդոտելու դեպքի առթիվ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, որի շրջանակներում իրականացված վարութային և ապացուցողական անհրաժեշտ միջոցառումների արդյունքում պարզվել են էական մի շարք հանգամանքներ: Այս մասին հայտնում են ՀՀ ՔԿ-ից:

Մասնավորապես՝ 2024թ․ ապրիլի 30-ին՝ ժամը 11:50-ի սահմաններում, Civik.am լրատվական գործակալության լրագրող Դավիթ Լևոնյանը, իր լրագրողի մասնագիտական գործունեությունն իրականացնելու նպատակով, գտնվել է ՀՀ ազգային ժողովի բակում, երբ նրան է մոտեցել ՀՀ ԱԺ պատգամավորներից մեկի օգնական Ա․Ս․-ն, ով վիրավորելով լրագրողին՝ պարզաբանում է պահանջել՝ Դ․Լևոնյանի կողմից, որպես լրագրող, օրեր առաջ սոցիալական ցանցում տեսանյութ հրապարակելու կապակցությամբ:

Ի պատասխան՝ Դավիթ Լևոնյանը պարզաբանել է, որ հանդիսանում է լրագրող, իր կողմից տարածված տեսանյութն իր՝ լրագրողի ազատ խոսքն է և անձնական կարծիքը: Խոսակցությունը վերաճել է վիճաբանության, որի ընթացքում Ա.Ս.-ն հայհոյել է լրագրողին և, իրեն ոչ ցանկալի տեսանյութեր տարածելուց հրաժարվելուն հարկադրելու դիտավորությամբ, ձեռքով հարվածել է վերջինիս դեմքին, ինչի պատճառով լրագրողը վայր է ընկել, իսկ նրա ձեռքին եղած տեսախցիկը վնասվել է։

Այնուհետև Ա.Ս.-ն, իր հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու վճռականությամբ, շարունակել է լրագրողին տեղեկություն տարածելուց հրաժարվելուն հարկադրելու գործողությունները և հետագայում նմանատիպ տեսանյութեր չհրապարակելու սպառնալիքներ հնչեցրել՝ այդ կերպ լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելով խոչընդոտելով Դավիթ Լևոնյանի՝ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը:

Ձեռք բերված բավարար փաստերի հիման վրա՝ միջնորդություն է ներկայացվել հսկող դատախազին՝ Ա.Ս.-ի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 237-րդ հոդվածի 3-րդ մասով (բռնության գործադրմամբ լրագրողի մասնագիտական օրինական գործունեությունը խոչընդոտելը) հանրային քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ, որը բավարարվել է:

Դատարան ներկայացնելու նպատակով նրան ձերբակալելու որոշում է կայացվել, և տվյալ անձը ձերբակալվել է, ներկայացվել վարույթն իրականացնող մարմին։ Միջնորդություն է հարուցվել դատարան՝ վերջինիս նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, ինչը բավարարվել է:

Նախաքննությունը շարունակվում է: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական և վարութային գործողություններ՝ դեպքի հանգամանքները պարզելու նպատակով։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով՝ դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Ամենից շատ դիտված

15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում