Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 13:40 01-05-2024

Հայաստանում շարունակում է խնդրահարույց մնալ աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը. ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը շնորհավորական ուղերձ է հղել Աշխատանքի օրվա առթիվ:

«Ի սրտե շնորհավորում եմ Մայիսի 1-ի` Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:

Այս տոնը ևս մեկ առիթ է ընդգծելու յուրաքանչյուր անձի աշխատանքային իրավունքները պաշտպանելու կարևորությունը:
Աշխատանքային իրավունքների պատշաճ իրացման հետ կապված մի շարք խնդիրներ շարունակում են արդիական մնալ մեր հանրապետությունում:

Մեր ուսումնասիրությունները, ստացված բողոքների քննությունը թույլ են տալիս արձանագրել անվտանգ ու արժանապատիվ աշխատանքային պայմանների, հանգստի իրավունքի, արդար վարձատրության, ներառյալ՝ արտաժամյա աշխատանքի դիմաց վարձատրվելու իրավունքի ապահովման համատեքստում առկա խնդիրներն ու այդ ուղղությամբ լրացուցիչ ջանքերի ձեռնարկման անհրաժեշտությունը։

Ինչպես նախորդ տարիներին, այնպես էլ 2023 թվականին աշխատանքային իրավունքների հետ կապված առավել տարածված խնդիրներից է եղել աշխատանքից ազատվելիս աշխատողների հետ վերջնահաշվարկ չկատարելու, ոչ ամբողջովին կատարելու կամ օրենսդրությամբ սահմանված ժամկետը չպահպանելով կատարելու խնդիրը։ Վերջինիս մանրամասն անդրադարձ եմ կատարել Մարդու իրավունքների պաշտպանի գործունեությունն ամփոփող տարեկան հաղորդման շրջանակներում։

2023 թվականին ևս Պաշտպանի աշխատակազմ ստացված բողոքներով բարձրաձայնվել է հաստիքների կրճատման հիմքով աշխատանքից ազատելիս կրճատվող հաստիքը զբաղեցնող աշխատակիցների միջև ընտրության չափանիշների բացակայության խնդիրը։

Շարունակում է խնդրահարույց մնալ նաև աշխատաշուկայում խտրականության բացառման հարցը։ Այս առումով հատկապես կարևոր է աշխատաշուկային կանանց ավելի ցածր մասնակցության խնդրի հասցեագրումը, աշխատավայրում սեռական ոտնձգության բացառման օրենսդրական և գործնական արդյունավետ կառուցակարգերի նախատեսումը։ Բացի այդ, առաջնային է հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային իրավունքների, ներառյալ՝ մատչելի աշխատանքային միջավայրի ապահովմանն ուղղված ջանքերի շարունակականությունը։

Կարևոր եմ համարում նաև մասնավոր հատվածում աշխատանքային իրավունքների ապահովման նկատմամբ պետության պատշաճ վերահսկողության միջոցների ձեռնարկումը, ինչպես նաև աշխատողների և գործատուների շրջանում աշխատանքային իրավունքների առնչությամբ իրազեկվածության մակարդակի բարձրացմանն ուղղված միջոցառումների իրականացումը։

Մաղթում եմ բոլորիս արդյունավետ և ստեղծագործ աշխատանք և ընդգծում ՀՀ իրավասու մարմինների շարունակական գործուն քայլերի անհրաժեշտությունը աշխատանքային իրավունքների պաշտպանության պատշաճ կառուցակարգերի ամրապնդման ուղղությամբ»,- ասվում է ուղերձում:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել