copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:07 09-04-2024

Առավել քան մտահոգիչ է նախագծում «զուգընկեր» հասկացության նորամուծությունը. Մայր Աթոռ

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի իրավախորհրդատվական հանձնախումբը հայտարարություն է տարածել ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագծի վերաբերյալ.

«Խիստ տարակուսանքով տեղեկացանք, որ Ազգային Ժողովում վերստին քննարկման է դրված ««Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի խնդրահարույց նախագիծը:

Եկեղեցին ողջունում է յուրաքանչյուր նախաձեռնություն, այդ թվում և իրավական փաստաթուղթ, կոչված բացառելու բռնությունն ինչպես ընտանիքում, այնպես և սոցիալական որևէ այլ միջավայրում: Բռնության ցանկացած դրսևորում դատապարտելի է, և բոլոր մարդիկ գտնվում են Աստծո անփոփոխ խնամքի ներքո, քանզի Սուրբ Գիրքը վկայում է Տիրոջ խոսքը, թե. «Ես նրանց համար Աստված պիտի լինեմ, և նրանք ինձ համար պիտի լինեն որդիներ» (Հայտն. 21.7):

Այսուհանդերձ, խիստ անընդունելի են նախագծում առկա որոշ ձևակերպումներ և հասկացություններ:

Մասնավորաբար` նախագծի վերնագրում և բովանդակության մեջ ներդրված «կենցաղային բռնություն» հասկացությունը խիստ անորոշ է ու տարածական, հակասում է ընտանիքի ներսում բռնությունների կանխարգելման նպատակին և արհեստականորեն ընդլայնում է օրենքի կարգավորման տիրույթը:

Առավել քան մտահոգիչ է նախագծում «զուգընկեր» հասկացության նորամուծությունը, որտեղ սահմանվում է. «զուգընկեր՝ անձ, որի հետ առկա են հարաբերություններ, որոնց հատուկ է սիրային կապը՝ անկախ համատեղ բնակության կամ միմյանց հետ սեռական հարաբերություններ ունենալու հանգամանքից»: Սրան զուգահեռ` նախագծում որևէ ձևով չի բացառվում, որ զուգընկեր կարող են համարվել նաև նույնասեռ անձինք, որոնց միությունը, ըստ էության, հավասարեցվելու է ընտանիք հասկացությանը:

Ընտանիքը տղամարդու և կնոջ սիրո միությունն է` Աստծո կամքի մեջ միավորված և սերնդագործությամբ օրհնված: Ընտանիքի ավանդական ընկալումը գոյաբանական նշանակություն ունի մեր ազգի համար և չի կարող սակարկման առարկա լինել:

Հետևաբար, բռնության կանխարգելումը չպիտի ծառայեցվի որպես առիթ` ընտանիքի ավանդական ընկալման ձևախեղման համար։ Բռնության, ինչպես և ցանկացած այլ չարիքի կանխարգելումը և դրա դեմ պայքարը պետք է իրագործվի այնպիսի միջոցներով, որոնք պատճառ չեն դառնա չարիքի խորացմանն ու նոր բռնության:

Արդ, հաշվի առնելով վերը նշված, ինչպես և մի շարք այլ մտահոգիչ ձևակերպումներ ու նորամուծություններ, Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Իրավախորհրդատվական հանձնախումբն անընդունելի է համարում նմանօրինակ նախաձեռնությունը և հորդորում է Ազգային Ժողովի խմբակցություններին և պատգամավորներին մերժել նախագծի ընդունումը:

Յուրաքանչյուր պատգամավորի քվեարկության արդյունքը ակներև է դարձնելու նրա վերաբերմունքն ու պատասխանատվությունն իր իսկ ընտանիքի, իր իսկ երեխաների և սերունդների նկատմամբ ու հավատարմությունը քրիստոնեական ավանդական ընտանեկան արժեքներին:

Ազգային Ժողովի պատգամավորներին մաղթում ենք արդյունավոր ծառայություն` ի նպաստ մեր երկրի զորացման և ազգային մեր ինքնության ամրապնդման»:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում
13:27 Սարիկ Մինասյանը ՀԷՑ-ի տնօրենի պաշտոնից ազատման և ավագանու անդամի լիազորությունները դադարեցնելու դիմում է ներկայացրել
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին