copy image url
Արտաքին 2 տարի առաջ - 00:22 07-04-2024

ՀՀ-Թուրքիա սահմանի բացումը և Կիլիկիայից Հայաստան տրանսպորտային միջանցքի հաստատումն ԱՄՆ օրակարգում է․ «Հրապարակ»

Ապրիլի 5-ին Բրյուսելում, ԱՄՆ Պետքարտուղարության Brussels Media Hub-ում ԵՄ-ԱՄՆ-ՀՀ եռակողմ հանդիպմանը համարյա զուգահեռ կամ ավարտից հետո ասուլիսով հանդես եկավ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով տեղակալ Ջեյմս Օ՛ Բրայենը։ Այդ ասուլիսից ինչ-որ կիսատ-պռատ, կապակցված-անկապ հատվածներ Հայաստանի լրատվադաշտում երեկ շրջանառվում էր։ Սակայն երևի ասուլիսի կենտրոնական հարցը, որից Օ՛Բրայենը սկսեց հարցերին պատասխանելը՝ մի կողմ թողնելով նախորդ հարցերը, «Հրապարակ» օրաթերթի հարցն էր։ Հարցը իր ձևակերպմամբ՝ արդեն ուշագրավ էր։

Մոդերատոր - Եվ երրորդ հարցի համար, ես թույլ տվեք գնամ Լուսինե Պետրոսյանի հարցին «Հրապարակ» օրաթերթից, Հայաստան։ Հարցը հետեւյալն է․ «Շարունակաբար հայտարարվել է, որ ապրիլի 5-ին քննարկվելու է Հայաստանի տնտեսական դիմադրողականության հարցը։ Ակնբախ է, որ Հայաստանի տնտեսության դիմադրողականության, զարգացման, բարգավաճման ճանապարհին մեծագույն խոչընդոտը Հայաստանի՝ թշնամաբար եւ անօրինականորեն փակված սահմանն է Թուրքիայի կողմից։ Ի՞նչ դեր կարող է խաղալ ԱՄՆ-ն այս խոչընդոտը վերացնելու եւ այնուհետ Արեւելյան Միջերկրականի ափերին տարածվող պատմական հայկական Կիլիկիայից դեպի մերօրյա Հայաստան տրանսպորտային միջանցք հաստատելու գործում։ Նման միջանցքը բեկումնայի՞ն փոփոխություն կլինի Մերձավոր Արևելքում, Հարավային Կովկասում և անդին»։

Պետքարտուղարի օգնական Օ'Բրայեն - Շնորհակալություն: Էրին, գուցե ես սկսեմ այս հարցերից, հետո կարող ենք փոխատեղվել, միմյանց լրացնել՝ որքանով անհրաժեշտ նկատենք:

Ես կսկսեմ վերջին հարցից։ Տնտեսության դիվերսիֆիկացիայի, ճկունության և սահմանների վերաբերյալ մենք ծավալուն քննարկումներ ենք ունեցել, անկեղծ ասած, տարածաշրջանի բոլոր երկրների հետ՝ Թուրքիայից մինչև Կենտրոնական Ասիա՝ հզոր տրանսպորտային միջանցք կառուցելու կարևորության վերաբերյալ: Եվ ես հավատացած եմ՝ մեծ պատրաստակամություն և հետաքրքրություն կա այդ ուղղությամբ շարժում տեսնելու:

Այսօր երկու որոշակի հարց է քննարկվել. մեկը՝ USAID կառավարիչ Սամանտա Փաուերը հայտարարեց նման առևտրային միջանցքի հնարավորությունների ուսումնասիրման մասին: Այն կարող է ապրանքներ բերել Կենտրոնական Ասիայից՝ հացահատիկ, էներգիա, տեքստիլ եւ այլն, եւ այդ ապրանքները, ինչպես ասվեց, տարանցվեն մինչև Միջերկրական ծով։ Կա ևս մի հնարավոր երթուղի, որով ապրանքները կարող են հասնել Սև ծով։ Այսպիսի կենտրոնում գտնվող, տարանցիկ միջանցքը շահավետ կլինի տարածաշրջանի բոլոր բնակիչների համար, նրանց թույլ կտա զարգացնել արդյունաբերություններ, որոնց արտադրանքը կշահի նման փոխադրումներից։ Հետեւաբար, մենք կսկսենք ձևավորել տնտեսական տեսլականը, և այնուհետև յուրաքանչյուր պետություն, ներառյալ՝ հատկապես Հայաստանը, պետք է որոշի, թե ինքն ինչպիսի ներդրում է ցանկանում ունենալ նման միջանցքի նախագծում, դրա շուրջ, եթե այն կառուցվի:

Եվ մենք միայնակ չենք այս գործում: Եվրոպացիները՝ եվրոպական տարբեր կառույցներ նույնպես սկսել են ուսումնասիրել այս նախագիծը: Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկը հանդիպում է անցկացրել հենց այդ հարցով համաժողովի վերաբերյալ, և ես կարծում եմ, որ դեսպան ՄակՔին և այլոք AID-ից մասնակցել են դրան և առջեւում կշարունակեն այս թեման։

Սակայն նման ներդրման եւ ծրագրի վճռորոշ պայմանը տարածաշրջանում խաղաղություն ունենալն է։ Սա սերունդների նախագիծ է, որը կփոխի Կենտրոնական Ասիայի երկրների տնտեսությունները, քանի որ նրանք կունենան նաեւ այլ տարանցիկ ելքեր, Ռուսաստան կամ Չինաստան անցնողներից բացի, դեպի Ադրբեջան, Հայաստան, Վրաստան, Թուրքիա: Այս տեսակի հանձնառությունները պահանջում են կայունություն և խաղաղություն: Այսպիսով, մենք հստակ հայտնել ենք մեր պատրաստակամությունը աջակցելու այս նախագծի զարգացմանը մեզ հասանելի ամեն կերպով, եթե տարածաշրջանի երկրները կարողանան համաձայնել, և ինքնիշխան կերպով որոշեն, որ ցանկանում են տեսնել այսպիսի միջանցքը կառուցված: Ես գտնում եմ՝ սա բացառիկ նախագիծ է, որը հսկայական ներուժ է պարունակում տարածաշրջանի բնակչության համար, և մենք ամեն կերպ դրան աջակցելու ենք, ինչպես այսօր ասել են քարտուղար Բլինքենը, նախագահ ֆոն դեր Լեյենը, կառավարիչ Փաուերը եւ բարձր ներկայացուցիչ Բորելը։

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին

Ձեզ գուցե հետաքրքրի