Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 14:40 06-04-2024

Տեղի գյուղի Սբ․ Գևորգ եկեղեցին հայտնվել է սահմանից 900 մետր հեռավորության վրա

Արցախյան 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած սահմանային փոփոխություններից հետո Տեղի Սբ․ Գևորգ եկեղեցին հայտնվել է սահմանից 900 մետր հեռավորության վրա։ Այս մասին գրում է Monument Watch-ը:

Տեղ խոշորացված համայնքի կենտրոնի նույնանուն գյուղը գտնվում է ՀՀ Սյունիքի մարզում, մարզկենտրոն Կապանից 100 կմ, իսկ Գորիս քաղաքից 20 կմ հեռավորության վրա։ Ծովի մակերևույթից ունի 1360 մետր բարձրություն։ Գյուղի կենտրոնում՝ մելիքական ապարանքի հարևանությամբ, գտնվում է Սբ․ Գևորգ եկեղեցին (նկ․ 1)։

Պատմական ակնարկ

Պատմական Տեղ բնակավայրը հիշատակվում է դեռևս 10-րդ դարից, երբ Սյունյաց Շահանդուխտ թագուհին 988 թվականին հիմնում և շենացնում է գյուղը այն նվիրելով Տաթևի վանքին (Օրբէլեան 1910, 252)։

Տողի ամենանշանակալի հուշարձաններից Սբ․ Գևորգ եկեղեցու վերաբերյալ պատմական տեղեկություններ չկան։ Կառույցի վերաբերյալ հիմնական տեղեկությունները ստանում ենք 19-20-րդ դարի հետազոտողներից և եկեղեցու ու շրջակայքի վիմագրերից։

Կառույցի արձանագրությունները վերաբերում են 1451-1900 թվականներին (ԴՀՎ 2, 66; Խուրշուդեան 2022, 396, նկ․ 2)։ Իրենց նշանակությամբ առանձնանում են հատկապես շինարարական արձանագրությունները։ Եկեղեցու ներկայումս միակ (հարավային կողմից) մուտքի բարավորի վրա է գտնվում եկեղեցու հիմնական նորոգության 1742 թվականի արձանագրությունը՝ «Յիշատակ է սբ տաջարիս վէմս նոր/էքեցան Բարխուտարն իւր կողակից Թաճ/ումն որ գեղիս նորօքիլն թվ ՌՃՁԶ» (Հասրաթյան 1985, 243, ԴՀՎ 2, 70, նկ․ 3): Մուտքի երկու կողմերի արձանագրությունները վերաբերվում են 1742 և 1743 թվականների եկեղեցու ավազանի և խորանի ոճավորված որմնախորշերի պատրաստմանը (ԴՀՎ 2, 69; Հասրաթյան 1985, 243), իսկ կառույցի ամենաուշ արձանագրությունը վերաբերում է 1900 թվականին և վավերացնում է խորանի աստիճանների նորոգումը (Խուրշուդեան 2022, 396, նկ․ 4)։

Ճարտարապետական-հորինվածքային քննություն

Տեղի Սբ․ Գևորգ համալիրը կազմված է բուն եկեղեցուց, 18-րդ դարում արևմտյան կողմից կցված երկհարկ կոպտատաշ շինությունից, դարավանդ-պարսպապատից: Ըստ Ե․ Լալայանի, բակում եղել են նաև այլ սենյակներ (Լալայեան 1899, 38, նկ․ 5)։ Հուշարձանը ենթարկվել է մի շարք վերանորգումների։ Եկեղեցու վաղագույն կառույցը վերաբերում է վաղմիջնադարին։ Այն իրենից ներկայացնում է 3․30x7․05 մետր չափերով ուղղանկյուն աղոթասրահով և շեշտված ներգծված պայտաձև աբսիդով թաղածածկ միանավ կառույց և թվագրվում է 5-6-րդ դարերով (Հասրաթյան 1985, 241)։ Նմանատիպ օրինակներ են Սյունիքից Սռնեղցին, Վերիշենի Սբ․ Հռիփսիմեն, Սպանդարյան գյուղի միանավ բազիլիկը և այլն։ Վաղ եկեղեցին կառուցված է տեղական դեղնավուն ֆելզիտի սրբատաշ քարերով, պատերի հաստությունը 0,9 մետր է։ Կառույցը հարավային կողմում ունեցել է 1․05 մտր լայնությամբ մուտք, որը հետագայում փակվել է։ Մուտքի բարավորի վրա առկա են երկու խոշոր 16 և 6 թերթերով վարդյակներ (նկ․ 5)։ Վաղմիջնադարյան վարդյակներ են քանդակված նաև կառույցի ներսում և հարավային պատին (Տեր-Մինասյան 1986, 61)։ Հավանաբար, եկեղեցին ունեցել է երկրորդ մուտք արևմտյան կողմում։

Հուշարձանի հիմնական նորոգությունը իրականացվել է 1742 թվականին Մելիք Բարխուդարի և նրա կողակից Թաճումի կողմից։ Կառույցի արևմտյան պատը քանդվել է և վերածվել կամարակապ բացվածքի, ապա նրան կցվել է աղոթասրահի բարձրությամբ և լայնությամբ հատված (նկ․ 6)։ Կից հատվածը կառուցված է կոպտատաշ բազալտից և երկհարկանի է։ Կառույցի ստորին հարկը թաղածածկ դահլիճ է, որը շարունակում է եկեղեցու աղոթասրահը, իսկ երկրորդ հարկը (չի պահպանվել) ունեցել է մուտք հյուսիսային կողմից։ Ըստ Ա․ Տեր-Մինասյանի, կից հատվածի երկրորդ հարկը ավելացվել է 19-րդ դարի վերջին կամ 20-րդ դարի սկզբին, երբ իրականացվել է կառույցի երրորդ շինարարական փուլը (Տեր-Մինասյան 1986, 62)։

Կառույցի նորոգված հատվածներում և դարավանդ-պարսպապատի մեջ վերօգտագործվել են տապանաքարեր, խաչքարեր, ճարտարապետական դետալներ։ Եկեղեցու հարավային պատին առկա է արևային ժամացույց, որը, ըստ Ա․ Տեր-Մինասյանի վերաբերում է 18-րդ դարին (Տեր-Մինասյան 1986, 62, նկ. 7)։

2014-2023 թվականներին համալիրում իրականացվել են վերականգնման աշխատանքներ՝ 1984 թվականի չափագրությունների հիման վրա։ Ամբողջությամբ վերականգնվել են Սբ․ Գևորգ եկեղեցին, 17-րդ դարի կից սրահը, հեռացվել է սրահի երկրորդ հարկը, իսկ կից սրահի տանիքի արևմտյան կողմում ավելացվել է քառասյուն զանգաշտարակ։ Ամրակայվել են հենապատ-պարսպապատերը, կամարակապ աստիճաններով շքամուտքը, վերատեղադրվել են խաչքարերը և իրականացվել տարածքի ամբողջական բարեկարգումը, ապահովվել է նաև եկեղեցու գիշերային լուսավորությունը: Եկեղեցու արևելյան ճականտի վերին հատվածում ավելացվել է խաչապատկեր՝ «Ս/Ժ/Ե» (2015) արձանագրությամբ (ՀՀ ԿԳՄՍ նախարարության պաշտոնական կայք)։

Վիճակը 2020-2022 թ․ ադրբեջանական ագրեսիայից հետո

Արցախյան 44-օրյա պատերազմից և դրան հաջորդած սահմանային փոփոխություններից հետո Տեղի Սբ․ Գևորգ եկեղեցին հայտնվել է սահմանից 900 մետր հեռավորության վրա։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել