Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Խոսք 2 տարի առաջ - 22:30 12-03-2024

Փիար տեխնոլոգիա. Փաշինյանը ձգտում է համոզել, որ մերժված չէ և անվտանգ է զգում

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Վերջին շրջանում սոցցանցերում իշխանամերձ օգտատերերի կողմից հրապարակվում էին կարճ հոլովակներ՝ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ, որտեղ վերջինս իր աշխատասենյակում համակարգչի դիմաց նստած աշխատում էր։

Արդեն նախօրեին հրապարակվեց ևս 2 տեսանյութ, որտեղ Նիկոլ Փաշինյանն ու Ալեն Սիմոնյանը զբոսնում են Երևանի կենտրոնում․ տեսանյութերի ռակուրսն այնպիսինն է, որ ստեղծվի տպավորություն, թե իրենք երկուսով են, և անվտանգության աշխատակիցներն իրենց չեն ուղեկցում։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Բադալյանն ընդգծեց, որ դա փիար տեխնոլոգիա է, իսկ հիմնական ուղերձն այն է, որ Երևանում իրենք իրենց շատ անվտանգ են զգում, հասարակության կողմից մերժված չեն և կարող են առանց թիկնազորի հանգիստ շրջել ու չարժանանալ քաղաքացիների դժգոհ վերաբերմունքին։ Նրա խոսքով՝ այս ամենը իրականությանը չի համապատասխանում, դրա համար էլ տեղ չգտավ լրատվական դաշտում և մոռացվեց, գնաց։

«Եթե դու տեխնոլոգիա ես կիրառում, որն օդից կտրված է և իրականության հետ ոչ մի կապ չունի, դա արդյունք չի տալիս»,- կարծում է նա։

Հարցին, թե հնարավո՞ր է, որ իշխանությունները նման կերպ փորձում են հերքել Նիկոլ Փաշինյանի և Ալեն Սիմոնյանի միջև տարաձայնությունների առկայության մասին պնդումները, մեր զրուցակիցը նշեց՝ չի կարծում, որ հասարակությունն ամբողջ օրը մտածում է, թե հիշյալ գործիչներն ինչ հարաբերություններ ունեն։ Նրա խոսքով՝ գուցե դա փորձագիտական և լրատվական դաշտին ինչ-որ չափով հետաքրքրում է, սակայն հասարակությունն այդքան էլ հետաքրքրված չէ այս հարցով։

Արմեն Բադալյանը նման տեսանյութերի տարածումը չի պայմանավորում նաև հնարավոր արտահերթ խորհրդարանական ընտրությունների անցկացման հանգամանքով, քանի որ Նիկոլ Փաշինյանն իր այսօրվա ասուլիսի ժամանակ հայտարարեց, որ արտահերթ ընտրությունների իմաստ չի տեսնում, ուստի այս հարցն օրակարգից դուրս է գալիս։ Քաղաքագետը թեև Փաշինյանի կարծիքը չի կիսում, սակայն նշեց, որ հարցը կարելի է քննարկել այն ժամանակ, երբ ընտրությունների անցկացումն օրակարգում կլինի։

«Արտահերթ ընտրությունների հարցը դիտարկելիս պետք է ուշադրություն դարձնենք նախորդ տարվա դեկտեմբերի 13-23-ը Միջազգային հանրապետական ինստիտուտի կողմից Հայաստանում անցկացված սոցիոլոգիական հարցումների արդյունքներին, որովհետև դրանց պատկերը շատ ավելի էական ու որոշիչ նշանակություն կունենա ընտրությունների հնարավոր արդյունքների վրա, քան նման կարգի լուսանկարներ ու տեսանյութեր տարածելը»,- նկատեց։

Մեր զրուցակիցը կարծում է, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնելու իմաստ չկա, որովհետև ԱԺ-ում ընդդիմությունը խնդիրներ չի ստեղծում, ցանկացած անհրաժեշտ որոշում 71 ձայնով իշխանությունը կարողանում է անցկացնել, իսկ քաղաքական ճգնաժամեր, հասարակական ցնցումներ ու հուզումներ առհասարակ չկան։ Նրա խոսքով՝ արտահերթ ընտրություններն ըստ ցանկության չեն անցկացվում, դրանց համար պատճառներ ու հիմնավորումներ են պետք։

«Եթե ոչ մի հիմնավորում չունի, ապա անցկացնելն անիմաստ է, ընդհակառակը՝ ընտրությունները կարող են ավելի բացասական գործընթացների հանգեցնել, որովհետև ամեն դեպքում նախընտրական քարոզարշավի ժամանակ ինչ-որ լարումներ են լինում, որոնցից այս կամ այն ձևով կարող են ներսի կամ դրսի ուժերն օգտվել։ Ինչո՞ւ իզուր տեղը նման արհեստական լարումներ ստեղծել, երբ ոչ մի խնդիր չկա արտահերթ ընտրություններ անցկացնելու համար»,- ասաց նա։

Արմեն Բադալյանը հավելեց՝ ոչ մի հարց չկա, որն իշխանություններին կդրդի արտհերթ խորհրդարանական ընտրություններ անցկացնել։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել