Ուղիղ եթեր
copy image url
Ներքին Արտաքին Խոսք 2 տարի առաջ - 18:00 01-03-2024

Երկխոսության փորձ. Բեռլինյան հանդիպմանն առաջընթաց չի արձանագրվել

Դավիթ Գույումջյան

Խմբագիր

Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունից հայտնում են՝ փետրվարի 28-29-ը Բեռլինում Արարատ Միրզոյանն ու Ջեյհուն Բայրամովը քննարկել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման վերաբերյալ» երկկողմ համաձայնագրի նախագծի դրույթների տեսակետները։ ԱԳՆ-ից նշել են նաև, որ հանդիպումներում արտահայտվել է փոխադարձ համաձայնություն՝ շարունակել բանակցությունները բաց հարցերի շուրջ։

Հատկանշական է, որ սա Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների առաջին հանդիպումն էր շուրջ 8 ամիս տևած դադարից հետո։

Oragir.News-ի հետ զրույցում քաղաքագետ Արմեն Վարդանյանը համոզմունք հայտնեց, որ Բեռլինում չի հաջողվել լուրջ առաջընթաց արձանագրել՝ նշելով, որ ի սկզբանե նման ակնկալիքներ չի ունեցել։ Ըստ նրա՝ սա երկու կողմերին բանակցությունների սեղանի շուրջ նստեցնելու փորձ էր, հատկապես այն դեպքում, երբ Ադրբեջանը հրաժարվում է արևմտյան հարթակներում բանակցելուց, իսկ Հայաստանը՝ ռուսական։

«Սա ընդամենը երկխոսություն հաստատելու, որոշ հարցերի շուրջ կողմերին ընդհանուր դաշտ բերելու փորձ էր, բայց այս հանդիպումներից գլոբալ, մեծ ակնկալիքներ պետք չէ ունենալ»,- կարծում է նա։

Հարցին, թե Բեռլինում կայացած բանակցությունները որքանո՞վ կչեզոքացնեն Ադրբեջանի կողմից նոր ագրեսիայի վտանգը, ինչի մասին երեկ զգուշացրել էր միջազգային հեղինակավոր Freedom House իրավապաշտպան կազմակերպությունը՝ մեր զրուցակիցը բացասական պատասխանեց։ Նա ընդգծեց, որ հավանական պատերազմի չեոքացումն ավելի շատ արևմուտքի կոշտ դիրքորոշումից է կախված, որովհետև Ադրբեջանը փորձում է անընդհատ Հայաստանից ինչ-որ բաներ կորզել՝ հաշվի առնելով ՀՀ-ի ներկայիս թույլ վիճակը։

Արմեն Վարդանյանը կարծում է, որ վերջին ամիսներին Բաքվի կոշտ խոսույթը վկայում է այն մասին, որ վերջինս փորձելու է սահմանային էսկալացիաներ հրահրել՝ թեժ պահելով հատկապես անկլավների թեման։ Նրա համոզմամբ՝ կարծես թե մինչև այս պահը Ադրբեջանի համար զսպող հանգամանք ամերիկացի և եվրոպացի պաշտոնյաների կոշտ դիրքորոշումն է եղել։

Մեր զրուցակցից հետաքրքրվեցինք, թե ի՞նչ ակնկալիքներ ունի Անթալիայում մեկնարկած դիվանագիտական ֆորումից, սակայն նա նշեց, որ այս ֆորումից նույնպես լուրջ ակնկալիքներ չունի։ Նա հիշեցրեց, որ Հայաստանը վերջին տարիներին քայլեր է ձեռնարկում Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու, սահմանները բացելու համար, սակայն թուրքական կողմն անգամ խորհրդանշական հարցերում չի պատրաստվում զիջումների գնալ։

Վարդանյանն ուշադրություն հրավիրեց այն բանին, որ խորհրդանշական պայմանավորվածություն էր ձեռք բերվել հայ-թուրքական սահմանը 3-րդ երկրների քաղաքացիների ու դիվանագիտական անձնագիր ունեցող անձանց համար բացել, բայց Թուրքիան անգամ սրա իրագործմանը չի պատրաստվում գնալ ու նոր պահանջներ է առաջ քաշում։ Նա այս համատեքստում հիշատակեց հատկապես վերջին շրջանում ակտիվորեն քննարկվող ՀՀ Սահմանադրությունը փոխելու պահանջը։

Քաղաքագետը հավելեց, որ Թուրքիան ՀՀ-ի հետ հարաբերություններում իր բոլոր քայլերը պայմանավորում է Ադրբեջանի գործողություններով։ «Եթե պատկերավոր ասենք, ապա Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման դեղին կոճակը գտնվում է Իլհամ Ալիևի ձեռքում։ Եթե վերջինս հավանություն տա ու այդ դեղին կոճակը սեղմի, ապա հարաբերությունները կկարգավորվեն։ Սակայն մինչև այս պահը, կարծում եմ ապագայում էլ Ալիևը չի գնալու այդ քայլին՝ հաշվի առնելով, որ ինքը դեռևս Հայաստանից որոշակի վտանգ է տեսնում»,- եզրափակեց նա։

Դավիթ Գույումջյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել