copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:39 25-01-2024

Վարչապետի գլխավորությամբ քննարկվել է Անապահովության գնահատման նոր համակարգի հայեցակարգի նախագիծը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել է Անապահովության գնահատման նոր համակարգի հայեցակարգի նախագիծը: Այն մշակվել է վարչապետի հանձնարարականի համաձայն՝ 2021 թվականին ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի կողմից:

Մինչ նախագծի ներկայացումը, Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է միջին ամսական աշխատավարձի վերաբերյալ Կառավարության նիստում ներկայացրած տվյալներին և նշել.

«Միջին ամսական աշխատավարձը 2023 թվականի դեկտեմբերին կազմել է 356 180 դրամ, որը 2018 թվականի դեկտեմբերի համեմատ ավելի է 133 399 դրամով կամ 59.9 տոկոսով՝ իմ սպասածից մի քիչ ավելի ցածր: 2022 թվականի դեկտեմբերի համեմատ այն ավելի է 25 273 դրամով կամ 7.6 տոկոսով»:

Ներկայացնելով Անապահովության գնահատման նոր համակարգի հայեցակարգը՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանը նախ ներկայացրել է անապահովության գնահատման գործող համակարգում առկա խնդիրները՝ կապված համակարգի բանաձևի, հասցեականության և արդյունավետության հետ:

Հաջորդիվ՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալը մանրամասներ է ներկայացրել նոր համակարգի ներդրման քաղաքականության, նպատակների, նոր բանաձևի, համակարգի հիմքում դրված հիբրիդային ստուգման մեթոդի վերաբերյալ: Աննա Ժամակոչյանի ներկայացմամբ, գործող համակարգի բանաձևի թերությունը կայանում է նրանում, որ խոցելիության անուղղակի գնահատման հիմքով ենթադրյալ անապահովություն է չափվում և բանաձևի հիմքում եկամուտների հաշվարկը երկրորդական դեր է խաղում:

«Ամենակարևոր բանը, որ պետք է փոխենք, բանաձևի փոփոխությունն է նոր համակարգում, այսինքն՝ ոչ միայն ընթացակարգերը, ոչ միայն թիրախի հարցը, այլ հենց բանաձևի տրամաբանությունը: Սա հաշվի առնելով՝ նոր բանաձևի հիմքում ընտրվել է միջոցների ստուգման հիբրիդային մեթոդը: Այս պահին ամենակարևորը բանաձևի տրամաբանության մեջ եկամուտների չափումը դնելն է, որպեսզի մեր անապահովության իրական պատկերը և գնահատված անապահովությունը տեսանելի և հասկանալի լինի, չափելի լինի այն քաղաքականությունը, որ վարում է Կառավարությունը»,- ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը:
Աննա Ժամակոչյանի ներկայացմամբ, նոր մեթոդի միջոցով նպաստի իրավունքը որոշվելու է ընտանիքի կողմից տնօրինվող եկամուտների հիման վրա:

Որպես նոր համակարգի թիրախ, ըստ Աննա Ժամակոչյանի, վերցվում է մեկ չափահաս անդամին հավասարեցված անդամի հաշվով նվազագույն պարենային զամբյուղից ցածր ամսական եկամուտներ ունեցող ծայրահեղ աղքատ ընտանիքը:

«Այս մոդելով առաջարկվում է թիրախավորել ծայրահեղ աղքատ խմբերին և հասնել այն նպատակին, որ Կառավարությունն իր առջև դրել է, այսինքն՝ ունենալ 0 տոկոս ծայրահեղ աղքատություն»,- ասել է նախարարի տեղակալը:

Նրա խոսքով՝ նոր համակարգի ակտիվացման խթանների շնորհիվ նաև անհրաժեշտ ջանքեր կներդրվեն անապահովության համակարգում հաշվառված ընտանիքների կարողությունների զարգացման միջոցով զբաղվածության ձեռքբերման և կենսապայմանների բարելավման ուղղությամբ: Ըստ Աննա Ժամակոչյանի, կիրականացվի ինտեգրված դեպքի վարում, այսինքն՝ ընտանիքների հետ համալիր կարիքների հիման վրա կտարվի սոցիալական աշխատանք:

Անձանց աշխատանքի խրախուսման առումով վարչապետն ընդգծել է, որ աշխատանքի շուկայում տարբեր ծրագրեր կան և հավելել.
«Կարող ենք նախատեսել հետագա խթաններ, որպեսզի գործատուին էլ, աշխատողին էլ շահագրգռություն հաղորդենք: Ի՞նչն է իմ ասածի նրբությունը: Մարդը 20 տարի նպաստի համակարգի մեջ է, և 20 տարի պետությունն ահռելի միջոցներ է ծախսում իր համար, բայց դրանից իր կյանքը չի լավանում: Սա է խնդիրը: Մենք այս ծրագրին պետք է մոտենանք այս 20 տարվա տրամաբանության մեջ, որովհետև կարող է սուբսիդավորման, եկամտային հարկի, այլ ծրագրերով իրեն ուղեկցենք մինչ մեր ասած աշխատանքն արդեն իր մոտ դառնա մենթալիտետ»:

Նախագծի շուրջ ծավալվել է մտքերի փոխանակություն, ներկայացվել են դիտարկումներ, հին համակարգից նոր համակարգի անցման գործընթացի, նոր համակարգի գործարկման քայլերի, հիբրիդային մեթոդի առանձնահատկությունների, ակնկալվող արդյունքների վերաբերյալ:

Ամփոփելով՝ վարչապետը նշել է, որ քննարկման արդյունքներով կարելի է արձանագրել, որ փաթեթը մշակված է և կարելի է սկսել նոր համակարգի ներդրման աշխատանքները:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը