copy image url
Ներքին 2 տարի առաջ - 19:24 24-01-2024

Արամ Ա Վեհափառ Հայրապետը այցելել է Լիբանանի և Հայաստանի դեսպանատներ

Արամ Ա Վեհափառ Հայրապետը այցելել է Լիբանանի և Հայաստանի դեսպանատներ։ Հայտնում են Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսությունից․

«Չորեքշաբթի, 24 Յունուար 2024-ին, Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Ա. Վեհափառ Հայրապետը յաջորդաբար այցելեց Լիբանանի եւ Հայաստանի դեսպանատուները՝ Արաբական Միացեալ Էմիրութեանց մայրաքաղաք Ապու Տապիի մէջ:

Նորին Սրբութիւնը նախ այցելեց Լիբանանի դեսպանատուն, ուր դիմաւորուեցաւ դեսպան Ֆուատ Շհապ Տանտանի եւ դեսպանատան անձնակազմին կողմէ։ Դեսպանատան մէջ ներկայ էին Ապու Տապի հաստատուած հայ եւ լիբանանցի անձնաւորութիւններ։

Հանդիպումը առիթ հանդիսացաւ անդրադարձ կատարելու ընդհանրապէս Լիբանանը յուզող ներկայ հարցերուն։

Դեսպանը նախ ողջունեց Վեհափառ Հայրապետին այցելութիւնը եւ յիշեց Լիբանանի հայութեան բերած գործօն մասնակցութիւնը՝ երկրին ծաղկման ու շինութեան եւ հայութեան կառչածութիւնը Լիբանանի համակեցութեան ու արժէքներուն։ Միաժամանակ ան ընդգծեց Նորին Սրբութեան կարեւոր դերը Լիբանանի միասնականութեան պահպանման եւ արտաքին աշխարհին մէջ անոր ներկայութեան ամրապնդման:

Խօսք առնելով Նորին Ս. Օծութիւնը՝ անդրադարձաւ այն իրողութեան, որ Լիբանանը հայ ժողովուրդին համար դարձած է երկրորդ հայրենիք, յատկապէս Ցեղասպանութենէն ետք: Վեհափառ Հայրապետը յիշեց Լիբանանի կարեւորութիւնը՝ իբրեւ կրօններու ու մշակոյթներու երկխօսութեան երկիր, նաեւ այն յատուկ սէրն ու յարգանքը, որ այլ երկիրներ ունին Լիբանանի նկատմամբ եւ անոնց սպասումը՝ կարելի փութով Լիբանանը վերականգնումի ու վերածաղկումի ընթացքին մէջ մտնելու:

Խօսք առաւ նաեւ Արաբական Միացեալ Էմիրութեանց (Ա.Մ.Է.), Քաթարի Եւ Շրջակայից Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մեսրոպ Եպս. Սարգիսեան եւ յիշեց, թէ Ա.Մ.Է.ի եւ Լիբանանի դեսպանատան միջեւ գործակցութեան սերտ կապեր գոյութիւն ունին՝ վստահեցնելով, որ հայ համայնքը պիտի շարունակէ զօրավիգ կանգնիլ դեսպանատան ծրագիրներուն ու աշխատանքներուն:

Ապա, Վեհափառ Հայրապետը այցելեց Հայաստանի դեսպանատուն եւ ընդունուեցաւ դեսպան Կարէն Գրիգորեանի կողմէ, շրջապատուած դեսպանատան անձնակազմի անդամներով:

Դեսպան Գրիգորեան ողջունելով Վեհափառ Հայրապետին այցելութիւնը՝ յայտնեց, որ այս օրերուն, երբ մեր ազգը ու յատկապէս Հայաստանը կը դիմագրաւեն լուրջ դժուարութիւններ, մաղթանքն է, որ Նորին Սրբութեան այցելութիւնը դառնայ օրհնաբեր: Դեսպանը իր վստահութիւնը յայտնեց, որ Վեհափառ Հայրապետը իր այցելութիւններու ընթացքին միշտ կ՚անդրադառնայ Հայրենիքին դիմագրաւած մարտահրաւէրներուն եւ իր կարելին ի գործ կը դնէ մեր տագնապներու լուծման ճամբաներ ու կարելիութիւններ որոնելու համար:

Խօսք առաւ Վեհափառ Հայրապետը։ Ան իր ուրախութիւնը յայտնեց, որ կը գտնուի հայկական հողի վրայ եւ ապա ընդգծեց Մեծի Տանն Կիլիկիոյ Կաթողիկոսութեան կատարած աշխատանքները՝ ի խնդիր Հայաստանի անկախութեան հզօրացման, անվտանգութեան ու հողային ամբողջականութեան պահպանման: Անդրադառնալով ներկայ կացութեան՝ Հայրապետը յայտնեց, որ Հայաստանը շրջապատուած է լուրջ տագնապներով: Հայաստան-Սփիւռք յարաբերութիւնները փաստօրէն փայլուն ու յուսալից չեն: Ներկայ ճակատագրական ժամանակներուն աւելի քան երբեք հրամայական է մեր ոյժերուն համախմբումը՝ ազգին ու Հայրենիքին ընդհանրական շահերուն շուրջ, ընդգծեցՎ Նորին Սրբութիւնը:

Հանդիպման աւարտին յուշանուէրներու փոխանակում տեղի ունեցաւ, որմէ ետք, ի պատիւ Վեհափառ Հայրապետին, տեղի ունեցաւ հիւրասիրութիւն՝ դեսպանատան պարտէզին մէջ, ներկայութեամբ դեսպանատան պաշտօնեաներուն, Ա.Մ.Է., Քաթարի Եւ Շրջակայից Հայոց Թեմի առաջնորդ Գերշ. Տ. Մեսրոպ Եպս. Սարգիսեանի, Քուէյթի Եւ Շրջակայից Հայոց Թեմի կաթողիկոսական փոխանորդ Գերպ. Տ. Պետրոս Ծ. Վրդ. Մանուէլեանի, ինչպէս նաեւ թեմի ազգայիններուն ու բարերարներուն»,- ասվում է հաղորդագրության մեջ:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը