Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 2 տարի առաջ - 11:55 01-11-2023

ԿԳՄՍՆ-ում քննարկվել են հայ-նիդերլանդական համագործակցության հեռանկարները

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունից հայտնում են՝ նախարարի պարտականությունները կատարող Արթուր Մարտիրոսյանն ընդունել է ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսին:

Հանդիպմանը մասնակցել են նաև նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն ու փոխդեսպան Կիվեն Կոուվենարը:

Ողջունելով Յապ Ֆրեդերիքսին՝ Արթուր Մարտիրոսյանն արդյունավետ աշխատանք է մաղթել նրան՝ ի շահ հայ-նիդերլանդական բարեկամական կապերի զարգացման: Նա համոզմունք է հայտնել, որ Յապ Ֆրեդերիքսն իր ներդրումը կունենա Հայաստանի և Նիդերլանդների միջև հարաբերությունների առավել ամրապնդման և խորացման գործում։

«Նիդերլանդների Թագավորության հետ մշտապես ունեցել ենք բարեկամական ջերմ հարաբերություններ: Վստահ եմ՝ ԿԳՄՍՆ համակարգման բոլոր ոլորտներում առկա են համագործակցության մեծ հեռանկարներ»,- ասել է Արթուր Մարտիրոսյանը՝ պատրաստակամություն հայտնելով խորացնելու փոխգործակցությունը:

Անդրադառնալով կրթության ոլորտում համագործակցության հեռանկարներին՝ Արթուր Մարտիրոսյանը դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատարին տեղեկացրել է՝ ընդունվել է ««ՀՀ կրթության՝ մինչև 2030 թվականի զարգացման պետական ծրագիրը», որով հստակ ուղենշվել են կրթության բոլոր մակարդակների համար զարգացման առաջնահերթություններն ու թիրախները:

«Սա միակ ռազմավարությունն է, որն ունի օրենքի կարգավիճակ՝ նշանավորելու կրթության առանցքային դերը հանրային զարգացման համար: Այն ուղղված է լինելու սովորողների կարողությունների զարգացմանը՝ աշխատաշուկայի պահանջները հաշվի առնելով, ինչպես նաև արժեքային համակարգի ամրապնդմանը: Միտված ենք բոլոր բնակավայրերում համընդհանուր ներառական, որակյալ և հասանելի կրթական ծառայությունների ապահովման, կրթության արդյունավետության բարձրացման, ինչպես նաև կրթական ծառայությունների միջազգայնացման՝ ՀՀ դերը գլոբալ կրթության համակարգում փոխակերպելու առումով»,- ընդգծել է Արթուր Մարտիրոսյանը:

Հայ-նիդերլանդական բարեկամական համագործակցության շրջանակում Արթուր Մարտիրոսյանն առաջարկել է դիտարկել միջբուհական համագործակցության զարգացման ապահովման հնարավորությունը՝ համատեղ կրթական և հետազոտական, ինչպես նաև ուսանողների և դասախոսների փոխանակման ծրագրերի իրականացմամբ: Արթուր Մարտիրոսյանը ԿԳՄՍ նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել միջբուհական համագործակցության շրջանակում իրականացնելու համատեղ ծրագրեր՝ ուղղված Նիդերլանդների Թագավորության բուհերից մեկում հայագիտական կենտրոնի կամ ամբիոնի զարգացմանը:

ՀՀ-ում Նիդերլանդների Թագավորության դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Յապ Ֆրեդերիքսը շնորհակալություն է հայտնել ընդունելության համար՝ ընդգծելով երկու երկրների միջև հարաբերությունների զարգացման ու ոլորտային համագործակցության մեծացման ներուժը:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը գործընկերների ուշադրությունը հրավիրել է ադրբեջանական ագրեսիայի հետևանքով Լեռնային Ղարաբաղի տարածքում վտանգված ավելի քան 5000 հայկական պատմամշակութային հուշարձանների, թանգարանների, այնտեղ պահվող ցուցանմուշների, ինչպես նաև ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության խնդրին: Փոխնախարարի խոսքով՝ դրանք նաև համաշխարհային մշակութային ժառանգության եզակի արժեքներ են և գտնվում են Ադրբեջանի կողմից վերացման և խեղման հստակ սպառնալիքի տակ:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են նաև մշակույթի և երիտասարդության ոլորտներում հետագա համագործակցության հեռանկարները, ինչպես նաև 2024 թվականին Նիդերլանդների Թագավորությունից Հայաստանի պատմության թանգարանում ժամանակավոր ցուցադրություն հյուրընկալելու հնարավորության հարցը՝ նախանշելով համագործակցությանն առնչվող հնարավոր մանրամասները:

Կողմերը քննարկել են նաև թանգարանային ոլորտի ներկայացուցիչների մասնակցությամբ համատեղ ճանաչողական այցելությունների, փորձի փոխանակման, թանգարանային գործում մասնագիտական կրթության աջակցման, համատեղ ծրագրերի իրականացման, կարճաժամկետ վերապատրաստման ծրագրերի կազմակերպմանը վերաբերող հարցեր:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել