copy image url
Մշակույթ 2 տարի առաջ - 21:46 20-06-2023

Լեռների քաջ որսկանն ու աշխարհեաշխարհ կտրող քարավանապետը․ այսօր Ղազարոս Աղայանի հիշատակի օրն է

«Կարծես հեքիաթների միջից եկած, մեր իրականության մեջ քայլող մի զորապետ իշխան լիներ, լեռների քաջ որսկան, աշխարհեաշխարհ կտրող քարավանապետ»,- ասյպես է բնութագրել Ղազարոս Աղայանին իր մտերիմ գրչընկերը՝ Ավետիք Իսահակյանը։

Այսօր հայ գրող, մանկավարժ, հրապարակախոս, «Վերնատուն» գրական խմբակի անդամ Ղազարոս Աղայանի հիշատակի օրն է։



Ասում են՝ Աղայանն ու Թումանյանը հեռազգացողություն են ունեցել։ Թեև հաճախ էին վիճում, բայց հոգու ամենանուրբ լարերով կապված էին իրար։ Մուշեղ Աղայանը պատմում է, որ մի անգամ Աղայանը զգացել է, որ Հ. Թումանյանը հիվանդ է, և ուշ գիշերին գնում է նրա բնակարանի առաջ կանգնում և կանչում է: Թումանյանի կինը դուրս է գալիս և հայտնում նրան, որ դրությունը լավացել է: Իսկ ամենանշանակալից դեպքը Թումանյանի հեռազգացողության դեպքն է, երբ իր առանձնասենյակում պարապելիս գրիչը վայր է ձգում և բացականչում է. «Ղազարն ընկա՛վ»... Արտավազդը ներս է գալիս և հայտնում, թե՝ «Պապեն վախճանվել է»...։

Թեև առաջավոր մանկավարժ էր, բայց Աղայանը աչքի էր ընկնում իր նահապետականությամբ ընտանիքին վերաբերող հարցերում։ Աղայանն իր ընտանիքի մեջ պահպանողական էր, նույնիսկ բռնակալ: Նա իր երեխաներին կրթության չտվեց (Հայկանուշին, Հռիփսիմեին և Անահիտին)՝ ասելով. «Ինքնակրթությամբ առաջ գնացեք»: Իսկ Թումանյանն, ընդհակառակը, իր բոլոր զավակներին կրթության տվեց՝ ուղարկելով մինչև բարձրագույն դպրոցներ, մեծ ուշադրություն դարձնելով մասնագիտականի վրա: Խրախուսում էր իր երեխաներին, երբ տեսնում էր նրանց մեջ տաղանդի նշաններ: Աղայանը նման դեպքերում անուշադիր էր զավակների նկատմամբ: Թումանյանը չափազանց հյուրասեր էր, ինչպես և Աղայանը: Հյուր եկած ժամանակ Ղազարոսը նշանով կհեռացներ զավակներին. եթե տղամարդ էր գալիս, աղջիկներին չէր թողնի ներս մտնել և կկանչեր այն ժամանակ, երբ հարկավոր էր սպասարկել նրանց: Թումանյանը հյուր եկած ժամանակ ստիպում էր երեխաներին զբաղեցնել հյուրերին, հավաքում էր բոլորին և պատվիրում ներկա լինել, լսել նրանց ասքն ու զրույցը, հյուրերի հետ միասին նստել, երգել, պարել, հանելուկներ ասել, զանազան խաղեր խաղալ, նվագել:



1900-ական թթ. սկզբներին սրվել էին հայ-թաթարական հարաբերությունները: Թումանյանը, իր հետ վերցնելով ամենամտերիմ ընկերոջը՝ Ղազարոս Աղայանին, գնում է Ելիզավետպոլի նահանգի Ղազախ գավառ՝ բանակցությունների: Կողմերից ոչ մեկը չի ուզում զիջել:

Թուրքերից մեկն առաջարկում է. «Թող ձեզնից մեկը կոխ բռնի մեր փահլևանի հետ: Թե դուք հաղթեք` ձեր ուզածով լինի, թե մենք՝ մեր ուզածով»: Խեղճ Թումանյանը, որ մի նրբիրան մարդ էր, անհանգստանում է: Բայց անմջապես տեղից կանգնում է հաղթահասակ Աղայանը և թավ մորուքն սպառնագին առաջ ցցելով ասում. «Բերեք ձեր փահլևանին»:

Մեյդան են բերում մի ջլապինդ հսկայի: Սկսվում է մենամարտը: Հուզմունքից քրտնաթոր Թումանյանը մի գլուխ բացականչում է. «Ղազար ջան կեռ տուր, Ղազար ջան կեռ տուր...», Աղայանի համբերությունը հատնում է. «Դե հերիք է, էլի, Հովհաննես, դու ինձանից վեր գցած թուրք ուզի»: Ասում է Ղազարն ու գետնով տալիս թուրքին:



Աղայանի մասին հետաքրքիր հուշեր ունի նաև Շիրվանզադեն․ «Աղայանը շատ էր հափշտակվում քաղաքականությամբ և սիրում էր վիճաբանել: Եւ վիճաբանելիս նա սովորաբար բռնում էր, բառի բուն իմաստով, հակառակորդի օձիքը և սեղմում պատին: Հաճախ նա իր ասածը պնդելու համար իր հսկա ձեռքը զարկում էր նրա ուսին՝ գոչելով.

-Հասկացիր, այ մարդ:

Մարդը, իհարկե, իսկույն հասկանում էր՝ զգալով իր ուսի վրա կատարյալ ծանրությունը»:

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան