copy image url
Ներքին 3 տարի առաջ - 11:46 18-05-2023

Շիրակի մարզում մեկնարկեց Կապսի ջրամբարի կառուցումը, այն կտևի 3 տարի

Շիրակի մարզում 30 տարի անց մեկնարկեց 60 միլիոն խորանարդ մետր ընդհանուր ծավալով Կապսի ջրամբարի կառուցումը։

«Արմենպրես»-ի թղթակցի հաղորդմամբ՝ ջրամաբարի կառուցումը կիրականացվի երկու փուլով. նախ երեք տարվա ընթացքում նախատեսվում է կառուցել ընդհանուր 25 միլիոն խորանարդ մետր ծավալով ջրամբար, իսկ արդեն երկրորդ փուլում ջրամբարի ծավալը կհասցվի 60 միլիոն խորանարդ մետրի։

Ծրագրի բյուջեն կազմում է մոտ 120 միլիոն եվրո։



«Այսօր մեզ համար շատ կարևոր և նշանակալի իրադարձության սկիզբ է։ Երկար տարիների դադարից հետո վերջապես մեկնարկում է Կապսի ջրամբարի շինարարությունը և այն շահագործման հանձնելու որոշումը, որը մի շարք առանցքային փոփոխություններ կառաջացնի թե՛ սոցիալական, թե՛ տնտեսական կյանքում։

Կառավարության վերջին տարիներին վարած քաղաքականության հիմքում կարևոր նշանակություն ունի ավելի շատ քանակով հողատարածություններ ոռոգելի դարձնելը և այս ջրամբարի շինարարությունը մեր շատ համայնքների և բնակավայրերի համար դառնալու է կայուն գյուղատնտեսությամբ զբաղվելու անհրաժեշտ նախադրյալ»,-Կապսի ջրամբարի հիմնարկեքի արարողության ժամանակ ասաց փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը: Ջրամբարի հիմնարկեքին ներկա էին նաև Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը, դեսպաններ, ֆինանսավորող և կառուցապատող կազմակերպությունների ներկայացուցիչներ։



Ջրամբարի 25 միլիոն խորանարդ մետր ծավալով կառուցման դեպքում ջրով կապահովվի շուրջ 17,000 հա հողատարածք, ինչպես նաև հնարավորություն կստեղծվի 2280 հա հողատարածքների մեխանիկական ոռոգումը փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 1.3 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա, իսկ 60 միլիոն խորանարդ մետր ծավալի դեպքում հնարավորություն կստեղծվի Շիրակի մարզի ոռոգելի հողատարածքներն ավելացնել ևս 920 հա-ով, իսկ Արագածոտնի մարզի Թալինի տարածաշրջանի շուրջ 6600 հա հողատարածքների ոռոգումը մեխանիկականից փոխարինել ինքնահոս ոռոգման եղանակի՝ տարեկան խնայելով 11.0 մլն կվտ/ժամ էլեկտրաէներգիա:



Կանոնավոր ոռոգման արդյունքում կավելանա գյուղատնտեսական մթերքների արտադրությունը, ջրաչափության հուսալի համակարգի տեղադրման արդյունքում կբարձրանա կառավարման և մոնիտորինգի մակարդակը։

«Բավականին երկար ժամանակ մեծ ջանքեր ենք գործադրել, որ այսօրվա միջոցառումը կայանա և շինարարության մեկնարկը տրվի։ Կառավարությունը շատ մեծ կարևորություն է տալիս ջրամբարների կառուցմանը և դա ունի բազմաթիվ պատճառներ։ Եթե ջրամաբարները չլինեն, մեր երկրում գոյացող ջրի հիմնական մասը կկորչի և ոռոգման շրջանում հաճախ չի բավարարում այդքան անհրաժեշտ ջուրն իր բազմաթիվ հետևանքներով։ Բայց այս ջրամաբարը ոչ միայն այդպիսի խնդիր կարող է լուծել, այլ նոր տարածքներ կդառնան ոռոգելի, բավականին շատ էլեկտրաէներգիա կխնայվի, ինչպես նաև տուրիստական և այլ առումներով իր դրական ազդեցությունը կունենա»,- ընդգծեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։

Ծրագիրն իրականացվում է Վերակառուցման վարկերի բանկի (ՎՎԲ/KfW) վարկային միջոցներով և ՀՀ կառավարության համաֆինանսավորմամբ, իսկ կառուցապատողը չինական «Shanxi Construction Investment Group Co» ընկերությունն է։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը