Ուղիղ եթեր
Ներքին Տեսանյութ 3 տարի առաջ - 13:42 30-03-2023

«Ակադեմիական քաղաք»-ի նախագծը հայտարարվեց անհետաձգելի

Կառավարության այսօրվա հերթական նիստում հավանություն է ստացել «Գիտական և գիտատեխնիկական գործունեության մասին», «Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին» և «Պետական կառավարման համակարգի մարմինների մասին» օրենքներում փոփոխություններ կատարելու նախագիծը, որը համարվել է անհետաձգելի:

Նախագիծը ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը․ «Կառավարության ծրագրով գիտության և բարձրագույն կրթության ոլորտների որակական և շեշտակի զարգացումն առաջնահերթություն է, որի շրջանակներում արվել է մեծածավալ աշխատանք։ Բավարար է նշել, որ միայն գիտության ֆինանսավորման ուղղությամբ Կառավարությունը 2018 թվականի համեմատ ոլորտի ֆինանսավորումն այս տարվա համար ավելացրել է շուրջ 21,74 մլրդ դրամով՝ դարձնելով 36 մլրդ դրամ, ինչը շուրջ 2,5 անգամ ավել է 2018 թվականին գիտության ոլորտին ոլորտին տրամադրված ֆինանսավորումից»,- ասաց նախարարը՝ հավելելով, որ ոլորտում մեկնարկել են գիտաշխատողների ատեստավորման գործընթացը, որի արդյունքում կբարձրանա աշխատավարձը:

«Որպեսզի աշխատանքները լինեն ավելի արդյունավետ և նպատախաուղղված, փաթեթով նախատեսվում է, որ գիտության ոլորտում ռազմավարության հաստատման, ֆինանսավորման նոր մեխանիզմների, գիտական կազմակերպությունների գործունեության վերջնարդյունքների և հստակ կատարողական ցուցանիշների հաստտման, գիտաշխատողների ատեստավորման նոր կարգի, գիտության ոլորտում տվյալների հավաքագրման և տեղեկատվական համակարգի վարման մեխանիզմները լավարկել ու հստակեցնել, ինչպես նաև ձևավորել Բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որը կձևավորվի Գիտության կոմիտեի, Բարձրագույն որակավորման կոմիտեի և ԿԳՄՍՆ բարձրագույն և հետբուհական կրթության վարչության հիման վրա:

Բարձրագույն կրթության և գիտության կոմիտեն գործելու է նախարարության ենթակայությամբ և իրականցնելու է ոլորտի միասնական քաղաքականությունը»,-ասաց Անդրեասյանը:

Նա նաև ընդգծեց, որ մինչև 2030 թվականը կրթության պետական զարգացման ծրագրի ընդունումից հետո ներկայումս լրամշակվում է «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի նախագիծը, որը կոչված է ապահովել պետական միասնական քաղաքականությունը:

Արձագանքելով՝ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց. «Մենք բազմիցս արձանագրել ենք, որ առանց կրթության ոլորտում խորը և բովանդակային փոփոխությունների, որոնք կբերեն կրթության որակի և արդյունավետության բարձրացման, չենք կարող ապահովել մեր երկրի ապագան: Այդ իմաստով՝ շատ մանրամասն հետազոտել ենք այն պրոցեսները, որոնք տեղի են ունեցել, կամ այն պրոբլեմները, որոնք մենք ունենք բարձրագույն կրթության ոլորտում:

Այդ պրոբլեմներից մեկը ֆիզիկական ենթակառուցվածքների անհապատասխանությունն է ժամանակակից պահանջներին, երկրորդը բովանդակային հատվածի անհամապատասխանությունն է ժամանակակից չափանիշներին: Եվ այս հատվածում մենք արձանագրել ենք հետևյալը, որ, ցավոք, չենք նկատել, թե ինչպես է բուհական համակարգը շարունակաբար մեկուսանում հետազոտական բաղադրիչից, այսինքն՝ մենք այսօր ունենք իրավիճակներ, երբ կարող է ՀՀ-ում դիմորդն ընդունվել և ավարտել բուհը, դիպլոմավորվել և այդպես էլ որևէ առարկայական առնչություն չունենալ իր մասնագիտության հետ:

Այս իրավիճակները գնալով ավելի մեծանում են: Մեր ռազմավարության կարևոր բաղադրիչներից է հետազոտական բաղադրիչը և բուհական բաղադրիչը մեկտեղել այնտեղ, որտեղ դա անհրաժեշտ է և տրամաբանական:

Ակադեմիական քաղաքի շրջանակներում մենք արձանագրել ենք, որ ՀՀ-ում պետք է ունենանք մինչև 8 լիարժեք ՀՀ պետական բյուջեից ֆինանսավորվող բուհ, և այդ բուհերը պետք է ձևավորվեն ոչ միայն բուհական, այլև հետազոտական բաղադրիչների հիման վրա:

Տնտեսական, ենթակառուցվածքային և ֆինանասական հարցերը պետությունը կվերցնի իր վրա: Այս ճանապարհին մենք հերթական կարևոր որոշումն ենք կայացնում, և ստեղծում ենք նոր մարմին կամ բարեփոխում ենք մեր ունեցած կառուցակարգերը, և գիտության կոմիտեի փոխարեն կունենանք բարձրագույն կրթության և գիտության կոմիտե, որը կիրականացնի մեր ռազմավարությունների այս հատվածը, որը վերաբերում է բուհերի հետազոտական բաղադրիչն ուժեղացնելուն, կամ հետազոտական, գիտահետազոտական և կրթական բաղադրիչները բարձրագույն և հետբուհական կրթության ոլորտում ինտեգրելու, մեկտեղելու և միասնական դարձնելու ուղղությամբ»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել