copy image url
Արտաքին 3 տարի առաջ - 14:30 06-02-2023

Իրանի նախագահը ցավակցել է Ասադին և Էրդողանին

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսին ցավակցական հեռագրեր է հղել Սիրիայի նախագահ Բաշար ալ Ասադին և Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին՝ այդ երկրներում տեղի ունեցած ավերիչ երկրաշարժի կապակցությամբ։ Այս մասին տեղեկացնում է իրանական Mehr լրատվական գործակալությունը։

Հաղորդվում է, որ Իրանի նախագահը ցավակցություն է հայտնել Սիրիայի և Թուրքիայի ժողովուրդներին, ինչպես նաև կառավարություններին՝ կապված երկրաշարժի հետևանքով մարդկանց մահվան, ինչպես նաև բազմաթիվ ավերածությունների հետ։

Իրանի նախագահը միևնույն ժամանակ պատրաստակամություն է հայտնել հրատապ աջակցություն ցուցաբերել երկու երկրներին՝ երկրաշարժի հետևանքները վերացնելու համար։

Հիշեցնենք, ինչպես ավելի վաղ տեղեկացրել է Oragir.News-ը, Թուրքիայի հարավ-արևելքում ՝ Սիրիայի հետ սահմանից ոչ հեռու, ինչպես նաև Սիրիայի տարածքում հզոր երկրաշարժ է տեղի ունեցել։ Թուրքիան հայտարարել է վտանգի ամենաբարձր մակարդակը. իշխանությունները դիմել են միջազգային օգնություն ստանալու համար։

Վերջին տվյալներով՝ Թուրքիայում երկրաշարժի հետևանքով մահացածների թիվը հասել է 284-ի, իսկ Սիրիայում՝ 427-ի։ Բացի այդ Թուրքիայում երկրաշարժից տուժեկ է 2323, իսկ Սիրիայում՝ 639 քաղաքացի։