copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:27 01-02-2023

Կստեղծվի արհեստների կամպուս. ստորագրվել է հայ-ֆրանսիական համագործակցության հուշագիր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության, «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի և Ռոնի մասնագիտական կրթության ընկերության (SEPR) միջև կնքվել է համագործակցության հուշագիր՝ հետագա ծրագրերի առաջխաղացման և զարգացման նպատակով:

Հուշագրի ստորագրման արարողությանը մասնակցել են ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը, «Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյանը և հիմնադրամի գործընկեր, Ռոնի մասնագիտական կրթության ընկերության նախագահ Քրիստիան Դրոզը:

Հանդիպմանը ներկա են եղել նաև Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն, դեսպանության ներկայացուցիչներ:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը կարևորել է մասնագիտական կրթության ոլորտում ֆրանս-հայկական համագործակցության ամրապնդմանն ուղղված հուշագրի կնքումը` վստահություն հայտնելով, որ այն կնպաստի ոլորտում իրականացվող բարեփոխումների արդյունավետությանը:

«Արդեն հաստատվել է ՀՀ կրթության զարգացման՝ մինչև 2030 թվականի ռազմավարական ծրագիրը, որտեղ առանձին և շատ կարևոր մասնաբաժին ունեն հենց մասնագիտական կրթության զարգացմանն ուղղված գործողությունները: Այս համատեքստում նախատեսում ենք ունենալ ռեսուրս կենտրոններ, հանրապետական նշանակության քոլեջներ և այս գործընթացի շրջանակում կարևորում ենք ֆրանս-հայկական քոլեջի կարողությունների զարգացումն ու նոր հնարավորությունների ընձեռումը»,- նշել է նախարարի տեղակալը:

Շնորհավորելով հուշագրի կնքման կապակցությամբ՝ նա կարևորել է մարզային կառույցների ակտիվացմանն ուղղված գործընթացը: Նախարարի տեղակալը վստահություն է հայտնել, որ Հայաստանի մարզային ուսումնական հաստատությունների կապն ինչպես Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոնի, այնպես էլ Ֆրանսիայում գործող ուսումնական կենտրոնների հետ նոր մասնագիտություններ ներդնելու և առկա մասնագիտությունները զարգացնելու հնարավորություն կընձեռի:

«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի զարգացման նպատակով նախատեսվում է Երևանում ստեղծել Արհեստների կամպուս, որտեղ կիրականացվեն փորձարարական նոր կրթական ծրագրեր՝ զարգացնելով հատկապես աշխատանքի վրա հիմնված կրթությունը և մեծահասակների կրթությունը: Նախատեսվում է, որ այն կդառնա մասնագիտական կրթության ռեսուրս կենտրոն: Արհեստների կամպուսի ստեղծման ծրագիրն արդեն հաստատվել է հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նիստում:

Ռոնի մասնագիտական կրթության ընկերության նախագահ Քրիստիան Դրոզն ընդգծել է՝ այս հուշագրի կնքումն հետագայում կոնկրետ քայլեր իրականացնելու հնարավորություն է ստեղծում:

«Նախորդ մեկ շաբաթվա ընթացքում մեծ առաքելություն ենք կատարել Հայաստանի մարզերում. անցել ենք 1600 կմ-ից ավելի ճանապարհ, այցելել ենք 15 նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատություններ, եղել ենք Հայաստանի 2 մարզպետարաններում և 5 քաղաքապետարաններում: Այս հուշագրով այնպիսի նպատակներ են սահմանված, որոնք մենք միասին պետք է իրագործենք»,- ասել է Քրիստիան Դրոզը՝ հուշագրի կնքումը կարևորելով նաև Երևանի և Լիոնի միջև համագործակցության ամրապնդման համատեքստում:

Հիմնադրամի զարգացման ծրագրով նախատեսվում է աջակցել հաշմանդամություն ունեցող անձանց ներգրավմանը, կանանց դերի բարձրացմանը տնտեսության մեջ, ինչպես նաև ներառել սոցիալական կյանքի բաղադրիչ համայնքի համար:

«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի տնօրեն Գոհար Գրիգորյանը նշել է, որ ստեղծվելիք կամպուսի գործունեության կարևոր ուղղությունը Հայաստանի մարզերում լավագույն փորձի տարածումն է լինելու` պետական և մասնավոր մասնագիտական ուսումնական հաստատությունների հետ համագործակցությամբ: Կողմերն արդեն իսկ համագործակցության հեռանկարներ են նախանշել Ալավերդու ուսումնարանի և Վայոց ձորի տարածաշրջանային քոլեջի հետ՝ տարբեր մասնագիտությունների գծով փոխանակման ծրագրեր իրականացնելու ուղղությամբ:

«Ֆրանս-հայկական մասնագիտական ուսումնական կենտրոն» հիմնադրամի և Ռոնի մասնագիտական կրթության ընկերության ներկայացուցիչներն այցելել են նաև ոչ ֆորմալ կրթություն իրականացնող հաստատություններ, մասնավորապես Դեբետի ՔՈԱՖ կենտրոն, Գորիսի կանանց զարգացման «Ռեսուրս կենտրոն» հիմնադրամ, որտեղ արհեստների զարգացման հեռանկարներ կան: Գոհար Գրիգորյանի խոսքով՝ համագործակցության ավելի լայն շրջանակ են նախատեսվում ԵՄ «Erasmus+» փոխանակման ծրագրի շրջանակում:

Հայաստանում Ֆրանսիայի դեսպան Անն Լույոն ևս իր լիակատար աջակցությունն է հայտնել նախաձեռնությանը` նշելով, որ այն համահունչ է ֆրանկոֆոնիայի տարածմանը. «Ծրագրի իրականացումը կարևորություն ունի ինչպես ֆրանս-հայկական կրթամշակութային, այնպես էլ քաղաքացիական հասարակությունների համագործակցության շրջանակում: Սա մեծ թվով երիտասարդների թույլ կտա ավելի մոտենալ Ֆրանսիային, կնպաստի նաև ֆրանսերենի կիրառմանը և առավել տարածմանը»:

Ամենից շատ դիտված

21:35 Ալեն Սիմոնյանին եկեղեցում ամուսնացրել է Վայոց ձորից «բերված» քահանան. «ազապբաշին» Հրաչյա Հակոբյանն է
19:18 ՔՊ-ն «Մերժիր Սերժին»-ը վերածել է նեղ–կուսակցական շարժման. Շահեն Հարությունյան
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
18:02 ՆԳՆ-ն զարգանում է. Արմավիրում ոստիկանները դրոններով են կանեփ փնտրում
17:39 Ալեն Սիմոնյանն ամուսնացել է
21:40 Գյումրիի բացօթյա առևտրով զբաղվողներին առաջարկվել է տեղափոխվել, առևտրականները դժգոհ են
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
17:32 1 տեխնիկա, 2 բանվոր․ հյուսիս–հարավ ճանապարհի բացմանը երևի էլի ենք սպասելու
21:04 Գուշակնե՞ր են, թե՞ դատավորներին ճնշողներ. «Հյուսիս-հարավի» վերակառուցումն ապացուցում է դատարանների կախվածությունը

Ձեզ գուցե հետաքրքրի