copy image url
Ներքին 3 տարի առաջ - 17:39 29-12-2022

Արցախի հանքավայրի շահագործման ժամանակավոր դադարեցումը բնավ ադրբեջանական կողմին զիջելու նշան չէ․ պատգամավոր

Արցախի հանքավայրի աշխատանքի ժամանակավոր դադարեցումը չեմ համարում ադրբեջանական կողմի պահանջներին անսալու և զիջման նշան։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Ազատ Հայրենիք-ՔՄԴ» խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը:

«Ես սա չեմ համարում զիջման քայլ։ Այսօր փաստացի հանքի շահագործումը հնարավոր չէ, քանի որ ճանապարհը փակ է և արտահանած ապրանքը հնարավոր չէ երկրից դուրս հանել։ Իսկ պահեստավորելու հնարավորությունը սահմանափակ է։ Մյուս կողմից էլ, քանի որ ստեղծված իրավիճակում, պատերազմի ավարտով պայմանավորված, այնպիսի ուժային բալանս է ձևավորված, որ մենք այսօր հարցի լուծման տարբերակ դիտարկում ենք դիվանագիտական լուծումը»,- ասաց նա։

Սա, ըստ պատգամավորի, նշանակում է, որ կա՛մ կողմերը պետք է կյանքի կոչեն իրենց վրա վերցրած պարտավորությունները, կա՛մ միջազգային հանրության կողմից պետք է այնպիսի ճնշման գործիքներ կիրառվեն, որոնք Ադրբեջանին կստիպեն բացել միջանցքը։

«Քանի որ Ադրբեջանն այսօր դիրքավորվել է այնպես, ասես ինչ-որ շրջակա միջավայրին էկոլոգիական վնաս է հասցվում։ Դադարեցումից բացի մենք նաև ՄԱԿ-ին կոչ ենք արել համապատասխան փորձագիտական խումբ ուղարկել Արցախ և այդ խումբը հետազոտությունից հետո նաև համապատասխան եզրակացություն կանի և, ավելի քան վստահ եմ, որ արդյունքները ստիպելու են, որ Ադրբեջանը հրաժարվի իր կեղծ օրակարգից»,- ասաց նա։

Ըստ պատգամավորի՝ ադրբեջանական կողմից հետագայում էլ հնարավոր սադրանքներին ու վտանգներին պետք է միշտ պատրաստ լինել։ «Ադրբեջանի կողմից ճանապարհ փակելը, միանշանակ, նոյեմբերի 9-ի հայտարարության խախտում է, և իր իսկ ստանձնած պարտավորությունների չկատարում»,- ասաց նա։

Արամ Հարությունյանն անդրադարձավ նաև այս ֆոնին ռուսական խաղաղապահ առաքելության գործունեությանը։ «Ռուսական խաղաղապահ առաքելությունը չի կարողանում իր վրա դրված ֆունկցիաները լիիրավ կատարել և հայտարարության տվյալ կետն ապահովել։ Մյուս կողմից էլ նաև միանշանակ, չի բացառվում Ադրբեջանի կողմից նոր սադրանքների հավանականությունը։ Սա որևէ կասկածի ենթակա չէ։ Բայց մենք ունենք այն գործիքները, որոնք ունենք։ Եվ ստիպված ենք կիրառել այն գործիքակազմը, որը մեզ համար հասանելի է»,- ասաց Հարությունյանը։

Ավելի վաղ, Oragir.News-ը հայտնել էր, որ Արցախի հանրապետության Կառավարությունը որոշում է կայացրել դիմելու միջազգային կազմակերպություններին՝ «Բեյզ Մեթըլս» ընկերության գործունեության հետ կապված միջազգային էկոլոգիական փորձաքննություն իրականացնելու համար: Հանքավայրի շահագործումը ժամանակավորապես դադարեցված է։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին