copy image url
Ներքին 3 տարի առաջ - 12:39 07-12-2022

Ծախսերն ու եկամուտներն ավելացել են. 2023-ի պետբյուջեի նախագծում փոփոխություններ են արվել

ՀՀ ազգային ժողովի քննարկմանն է ներկայացվել ՀՀ 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագիծը, որում նախնական տարբերակի համեմատ կատարվել են որոշակի փոփոխություններ, մասնավորապես ավելացել են նախատեսվող ծախսերն ու եկամուտները: 2023 թվականի պետական բյուջեի մասին օրենքի նախագծի լրամշակված նախագիծն ԱԺ նիստում ներկայացրեց ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը:

«Ըստ նախագծի՝ 2023 թվականի պետական բյուջեի ծախսերը կազմելու են 2 տրլն 591 մլրդ դրամ, իսկ եկամուտները՝ 2 տրլն 302 մլրդ դրամ: Դեֆիցիտը կազմի 289 մլրդ դրամ: ԱԺ ներկայացված նախորդ նախագծի համեմատությամբ բյուջեի ծախսերում ավելացել է 826 մլն դրամ, եկամուտներն ավելացել են 734.5 մլն դրամով և կազմում են 2 տրլն 302 մլրդ դրամ: Հարկային եկամուտները չեն փոփոխվել և սահմանված են 2 տրլն 203.7 մլրդ դրամ չափով: Եկամուտների ավելացումը կատարվել է այլ եկամուտների և պաշտոնական դրամաշնորհների հաշվին: Պետբյուջեի դեֆիցիտը մնացել է անփոփոխ»,- ներկայացրեց Խաչատրյանը:

2023 թվականի պետբյուջեի նախագծի փոփոխությունները պայմանավորված են մի քանի պատճառներով: Նախ արտարժութային գործառնություների դրամային համարժեքները վերահաշվարկվել են նոյեմբերի 1-ի փոխարժեքով, այդ վերահաշվարկը ճշգրտումներ է առաջացրել պետբյուջեի եկամուտների, ծախսերի, նաև դեֆիցիտի դրամային համարժեքներում:

Փոփոխության երկրորդ պատճառն այն է, որ ծրագրերի համակարգողները լրամշակել են որոշակի ծրագրերին վերաբերող փաստաթղթային հիմնավորումները, ինչի արդյունքում որոշ դեպքերում ավելացել են այդպիսի ծրագրերին հատկացվող բյուջետային միջոցները: Առանձին ծրագրերի համար ավելացված բյուջետային միջոցների հաշվով նվազեցվել են 2023 թվականի պետբյուջեով սահմանված կառավարության պահուստային ֆոնդի միջոցները:

Խաչատրյանի խոսքով՝ բյուջեի ծախսերի ավելացումը պայմանավորված է տոկոսավճարների ավելացմամբ՝ 826 մլն դրամով: Առաջնային ընթացիկ ծախսերի, ինչպես նաև կապիտալ ծախսերի հանրագումարը մնացել է անփոփոխ: Արտարժութային փոխարժեքների վերահաշվարկի արդյունքում ծախսերի հանրագումարը նվազել 4.1 մլրդ դրամով:

Ոլորտային ծախսային պատասխանատուների առաջարկություններով առանձին ծախսային ուղղություններին հատկացված միջոցներն ավելացել են 27.2 մլրդ դրամով, իսկ դրանց հատկացված ֆինանսավորման պատճառով կառավարության պահուստային ֆոնդը նվազել է 22.3 մլրդ դրամով: Որոշ դեպքերում 2023-ի պետբյուջեի ծախսային ավելացումները պայմանավորված են այն հանգամանքով, որ 2022-ին նախատեսված ծախսերի մի մասը չեն իրականացվել այս տարվա ընթացքում ամբողջությամբ և այդ մասով ներառվել են հաջորդ տարվա ծրագրային անելիքների ցանկում:

Ծրագրային ծախսերի ավելացումների հիմանական մասը վերաբերում են պաշտպանական, տնտեսական, ինչպես նաև սոցիալական ապահովության ծրագրերին:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը