Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:08 15-11-2022

Մեծամորը հռչակվել է Հայաստանի 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունում ամփոփվել են «Հայաստանի Հանրապետության 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի արդյունքները:

2023 թվականի «Տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթի համար հայտ էր ներկայացրել 2 քաղաք՝ Ծաղկաձորը (ՀՀ Կոտայքի մարզ) և Մեծամորը (ՀՀ Արմավիրի մարզ)։ Հայտերի գնահատման գործընթացի ամփոփիչ փուլի ընթացքում փորձագիտական գնահատման և կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկության արդյունքների համադրմամբ մրցույթի կազմկոմիտեն Հայաստանի 2023 թվականի երիտասարդական մայրաքաղաք է հռչակել Մեծամորը:

Մինչ գնահատականների հայտարարումը մրցույթի ամփոփման ընթացակարգը ներկայացրել է ԿԳՄՍ նախարարության երիտասարդական քաղաքականության, լրացուցիչ և շարունակական կրթության վարչության պետ Զարա Ասլանյանը: Մրցույթի կազմկոմիտեի քարտուղար Վերոնիկա Խորասանյանն էլ ներկայացրել է հայտերի գնահատման և մրցույթի անցկացման ամբողջ գործընթացը:

Համաձայն մրցույթի կանոնակարգի՝ մրցութային հանձնաժողովը գնահատել է հայտերը՝ ըստ սահմանված պահանջների: Հոկտեմբերին իրականացվել են փորձագիտական գնահատման խմբի անդամների այցելությունները հայտատու քաղաքներ, որտեղ նրանք հանդիպումներ են ունեցել համայնքների ղեկավարների, համայնքապետարանների աշխատակազմերի, կրթական հաստատությունների ղեկավարների հետ, ծանոթացել տեղի երիտասարդական կազմակերպությունների ներկայացուցիչների և երիտասարդական ակտիվ խմբերի հետ՝ ուսումնասիրելով նրանց ներգրավվածության աստիճանը տեղական ինքնակառավարման մարմիններում: Որպես պայման դիտարկվել են համայնքների մարզական, մշակութային, ժամանցային, հանգստի կազմակերպման հաստատությունների ներուժն ու հնարավորությունները, ինչպես նաև ընթացիկ և նախատեսվող երիտասարդական ծրագրերը:

Հոկտեմբերի 26-ից նոյեմբերի 14-ը կայացել է կարճ հաղորդագրությամբ (SMS) քվեարկությունը: 20 օր շարունակ, անկախ բնակության վայրից, ՀՀ բոլոր քաղաքացիները հնարավորություն են ունեցել քվեարկելու իրենց նախընտրելի քաղաքի օգտին:

Այսպիսով, փորձագիտական խմբի գնահատմամբ մրցույթում առավելագույն միավոր է հավաքել Մեծամոր քաղաքը, SMS քվեարկությամբ՝ Ծաղկաձորը: Քանի որ, ըստ կանոնակարգի, հավասար միավորների դեպքում առավելությունը տրվում է փորձագիտական խմբի գնահատականին, երիտասարդական մայրաքաղաքի մրցույթում հաղթող է ճանաչվել ՀՀ Արմավիրի մարզի Մեծամոր համայնքը:

Ըստ փորձագետների՝ վերջին տարիների համեմատությամբ այս տարվա մրցույթում իրականացրել են բարդ ընտրություն: Նրանք ընդգծել են, որ թեկնածու քաղաքներ կատարած այցերը գնահատման գործում ավելի ծանրակշիռ և որոշիչ դեր են ունեցել, քան ներկայացված փաստաթղթերի ուսումնասիրությունը:

Մեծամոր քաղաքի ներկայացուցչի խոսքով՝ իրենց քաղաքը մեծ հեռանկարներ ունի, և այս հաղթանակը նոր լիցք կհաղորդի քաղաքին: Ըստ նրա՝ այսօր Մեծամորում մեծ ծավալի աշխատանքներ են իրականացվում, և «Երիտասարդական մայրաքաղաք» կոչումը լրացուցիչ պատասխանատվություն է՝ հավուր պատշաճի ներկայանալու նախատեսվող ծրագրերին: Ծաղկաձոր քաղաքի ներկայացուցիչն էլ իր հերթին պատրաստակամություն է հայտնել փորձի փոխանակմամբ աջակցելու, ծանոթանալու և համագործակցելու հաղթող քաղաքի՝ Մեծամորի երիտասարդական համայնքի հետ:

Նշենք, որ «ՀՀ տարվա երիտասարդական մայրաքաղաք» մրցույթին մայրաքաղաք Երևանը չի մասնակցում: Նույն քաղաքը չի կարող երկու անգամ անընդմեջ հաղթող ճանաչվել:

Մրցույթն իրականացվում է 2014 թվականից ի վեր։ ՀՀ առաջին երիտասարդական մայրաքաղաքը եղել է Սիսիանը, հաջորդիվ՝ Ստեփանավանը (2015), Գյումրին (2016), Չարենցավանը (2017), Իջևանը (2018), Վանաձորը (2019), 2020-ին մրցույթը չի կայացել, այնուհետև՝ Կապանը (2021), իսկ 2022-ին՝ Հրազդանը։

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել