copy image url
Ներքին 3 տարի առաջ - 20:05 11-11-2022

ՊԵԿ նախագահը մասնակցում է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության գլոբալ ֆորումի լիագումար ժողովին

ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահ Ռուստամ Բադասյանի գլխավորած պատվիրակությունը նոյեմբերի 9-11-ը մասնակցում է Իսպանիայի Սևիլիա քաղաքում անցկացվող` Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպության (ՏՀԶԿ) հարկման նպատակով թափանցիկության և տեղեկությունների փոխանակման գլոբալ ֆորումի 2022 թվականի լիագումար ժողովին, որը կազմակերպվել է Իսպանիայի ֆինանսների և հանրային ծառայության նախարարության հետ համագործակցությամբ:

Lիագումար ժողովը միավորել է նախարարների, բարձրաստիճան ղեկավարների և պատվիրակների Գլոբալ ֆորումին անդամակցող 100-ից ավել պետություններից` հարկային համագործակցության և տեղեկությունների փոխանակման ոլորտի առջև ծառացած ժամանակակից մարտահրավերները քննարկելու և դրանց միասնական ուժերով արձագանքելու նպատակով: Ժողովի խորագիրն է՝ «Տեղեկատվության փոխանակության և թափանցիկության տեղափոխումը նոր մակարդակի»:

2009թ.-ին մեկնարկած ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի գործունեության ընթացքում էական առաջընթաց է արձանագրվել հարկային տեղեկությունների թափանցիկության ապահովման և փոխանակման ասպարեզներում: Միայն 2022 թվականի ընթացքում, տեղեկությունների ավտոմատացված փոխանակման ՏՀԶԿ ստանդարտը ներդրած երկրները միմյանց փոխանակել են 11 տրիլիոն եվրո ընդհանուր արժեքով ակտիվներին առնչվող մոտ 111 տրիլիոն ֆինանսական հաշիվների վերաբերյալ տեղեկություններ: 2009 թվականից ի վեր ավելի քան 114 մլրդ եվրո լրացուցիչ հարկային եկամուտ է հայտնաբերվել ստանդարտի ներդրման շրջանակում գործարկված կամավոր հայտարարագրման ծրագրերի, օֆշորային հաշիվների ստուգումների և հարկային մարմինների կողմից ձեռնարկված այլ միջոցառումների շնորհիվ:

Հայաստանն անդամակցում է Գլոբալ ֆորումին 2015 թվականից և անցած տարիների ընթացքում ձեռնամուխ է եղել հարցումների հիման վրա տեղեկությունների փոխանակման ՏՀԶԿ ստանդարտի ներդրմանը, իսկ 2022 թվականից մեկնարկել են տեղեկությունների ավտոմատացված փոխանակման ստանդարտի ներդրմանն ուղղված նախապատրաստական աշխատանքները:

Lիագումար ժողովի ընթացքում ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հանդես է եկել շնորհանդեսով, որտեղ ներկայացրել է հարկային տեղեկությունների փոխանակման հայաստանյան փորձը և ձեռքբերումները: ՊԵԿ նախագահը ներկայացրել է ստանդարտների ներդրման ընթացքը, կազմակերպումը և արդյունքները, շեշտելով Գլոբալ Ֆորումի քարտուղարության կողմից տրամադրած փորձագիտական աջակցության կարևորությունը հաջողության հասնելու համար: Առանձնահատուկ ուշադրության է արժանացել ՀՀ-ում ներդրված` ընկերությունների իրական սեփականատերերի մասին տեղեկությունների հավաքագրման նոր համակարգը և հարկային մարմիններին բանկային գաղտնիք հանդիսացող տեղեկությունների հասանելիության ապահովման համար կիրառված լուծումները:

Ներկայում, հարցումների հիման վրա տեղեկությունների փոխանակման ՀՀ համակարգն անցնում է Գլոբալ Ֆորումի կողմից անցկացվող փորձագիտական գնահատում, որի արդյունքում ակնկալվում է, որ Հայաստանը կստանա «մեծապես համապատասխանողի» գնահատականը:

ՏՀԶԿ Գլոբալ ֆորումի ամենամյա լիագումար ժողովի շրջանակում նախատեսվում է անցկացնել նաև Գլոբալ ֆորումի Ասիայի Նախաձեռնությանն անդամակցող երկրների ներկայացուցիչների նիստ, որին կմասնակցի նաև ՀՀ պատվիրակությունը:

Ամենից շատ դիտված

09:48 Ծնվել է Մարմարիկ գետում մահացած հայտնաբերված 2-ամյա Տիգրանի եղբայրը
12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
10:32 ԱՄՆ-ի նոր հարվածներից հետո Իրանը հարձակվել է Քուվեյթում և այլ երկրներում գտնվող ամերիկյան թիրախների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից