copy image url
Ներքին 3 տարի առաջ - 14:38 01-11-2022

Գլխավոր դատախազի ղեկավարությամբ քննարկվել է պետությանը պատճառված վնասի վերականգնման միասնական հաշվեհամարի գործարկման հարցը

Քրեական գործերով մինչդատական վարույթի փուլում պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման նպատակով վճարումները պետք է կատարվեն մեկ միասնական գանձապետական հաշվեհամարին: Այս մասին այսօր հայտարարել է ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը՝ այս նպատակով ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի առաջին հանդիպման ժամանակ:

Հանդիպմանը մասնակցել են Դատախազության, Հակակոռուպցիոն կոմիտեի, Ազգային անվտանգության ծառայության, Պետական եկամուտների կոմիտեի, ինչպես նաև Քննչական կոմիտեի ներկայացուցիչները:

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը ողջունել է հանդիպման մասնակիցներին և տեղեկացրել, որ աշխատանքային խումբը մինչև տարեվերջ Վարչապետի աշխատակազմ պետք է ներկայացնի պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման մեկ միասնական գանձապետական հաշվեհամար ունենալու գործընթացի կազմակերպման մասին եզրակացություն՝ ֆինանսական և իրավական բաղադրիչներով:

«Հարցը շատ կարևոր է. բոլորս պետք է շահագրգռված լինենք, որ օր առաջ ստեղծենք միասնական հաշիվ, որպեսզի, ինչպես ՀՀ վարչապետն է բազմիցս նշել, ամեն տարի ունենանք պետությանը պատճառված վնասի վերականգնման հանրագումար, այն արտացոլվի նաև պետական բյուջեի եկամուտների մեջ»,- ընդգծել է Աննա Վարդապետյանը:

Գլխավոր դատախազության Կազմակերպական-վերահսկողական և իրավական ապահովման վարչության պետ Արմեն Մարուխյանը աշխատանքային խմբին է ներկայացրել պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման գործող կարգավորումների կապակցությամբ իրականացված ուսումնասիրության արդյունքներն ու գույքագրված խնդիրները, որոնք խոչընդոտում են վերականգնված գումարները տնօրինելիս և հաշվառելիս:

Մասնավորապես, ուսումնասիրությունները ցույց են տվել, որ իրավասու մարմիններում քննվող քրեական վարույթներով պետությանը կամ համայնքներին պատճառված վնասը վերականգնվում է տարբեր նախաքննական մարմինների կամ դատախազության դեպոզիտային, պետությանը պատճառված վնասի վերականգնման և ՊԵԿ միասնական հաշվեհամարներին:

«Որոշ դեպքերում պատճառված վնասը վերականգնվում է այն կազմակերպության հաշվեհամարին, որին հանցագործությամբ պատճառվել է վնասը, իսկ հաճախ մեկ նախաքննական մարմնում քննվող քրեական վարույթով պատճառված վնասը վերականգնվում է մեկ այլ նախաքննական մարմնի դեպոզիտային հաշվին»,- տեղեկացրել է Վարչության պետը:

Հանդիպման ընթացքում պետական մարմինների ներկայացուցիչներն անդրադարձել են պետությանը և համայնքներին պատճառված վնասի վերականգնման արդյունավետ մեխանիզմ ներդնելու, դրան զուգահեռ՝ տարիների ընթացքում տարբեր պետական մարմիններին այդ նպատակով փոխանցված գումարների գույքագրում սկսելու հարցերին, տրվել են նաև հանձնարականներ, սահմանվել են ժամկետներ:

Աշխատանքային խմբի հանդիպումները կրելու են շարունակական բնույթ՝ ապահովելու համար Վարչապետի որոշմամբ սահմանված վերջնաժամկետի պահպանումը:

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում