Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 3 տարի առաջ - 18:09 17-10-2022

Թաթոյանը հակահայկական ու հակապետական արարքներում է մեղադրել իշխանությանը․ Դատախազությունում այս հիմքով որևէ գործընթաց չկա

Նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը երեկ հարցազրույցում պատմել է, որ ՀՀ իշխանությունը շարունակաբար փորձել է խոչընդոտել իր աշխատանքը, արգելել, որ ինքը խոսի ադրբեջանցիների՝ մեր սահմանային շրջաններում բնակվող հայրենակիցների նկատմամբ պարբերաբար դրսևորվող ապօրինությունների մասին։ Իսկ երբ չի ստացվել լռեցնել իրեն, թույլ չտալ, որ այցելի սահմանային բնակավայրեր ու արձանագրի ադրբեջանցիների՝ այնտեղ հարուցած խնդիրները, որոշել են տնտեսական պատիժներ սահմանել։

«Առաջին անգամ խոսել եմ այն մասին, որ իրականում Կառավարությունից իմ առջև պահանջ էր դրվել չքննադատել պատերազմից անմիջապես հետո մեր գյուղերի մոտ ու ճանապարհներին հայտնված ադրբեջանական զինված ծառայողների անօրինական ներկայությունը, այդ թվում՝ տեղակայած ցուցանակներն ու ադրբեջանական զինված ծառայողների ներկայությունը, նրանց արարքները կամ առաջարկվող այլընտրանքն էր` աշխատել միայն գրավոր ու ոչինչ չհրապարակել:

Պատճառ էր նշվում, թե իբր դա կապ չունի մարդու իրավունքների հետ, և հետո իմ հայտարարությունները իշխանությունների նկատմամբ առաջացնում են քաղաքացիների դժգոհությունը, և այդ տվյալներն օգտագործում է ընդդիմությունը։ «Պատիժն» էլ մեր աշխատակազմի ավտոմեքենաների մոտ 90% հարկադրաբար վերցնելու նախաձեռնությունն էր, որպեսզի չկարողանանք գնալ սահմանային բնակավայրեր»,- նշել է Թաթոյանը։

Նա ընդգծել է, որ Հայաստանի քաղաքական իշխանության ներկայացուցիչ բարձրաստիճան պաշտոնյաների բազմաթիվ անպատասխանատու հայտարարություններն ու քայլերը Հայաստանի և Արցախի անվտանգության գլխավոր սպառնալիքներից են: Միջազգային հարթակներում, երբ ինքը բարձրացրել է Ադրբեջանի հարուցած հումանիտար խնդիրները՝ սահմանամերձ շրջաններում ապրող մեր հայրենակիցների կյանքի, անվտանգության, կրթության, առողջապահական և այլ տարրական իրավունքների իրացման անհնարինության հետ կապված, հաճախ եվրոպացի գործընկերներն իրեն հակադարձել են, թե ձեր իշխանությունները նշում են, որ Ադրբեջանն ինչ անում է, իր իրավունքն է, ու որ իրենք որևէ խնդիր չեն տեսնում։

Ըստ էության՝ նախկին ՄԻՊ-ի հայտարարություններից հետևում է, որ Հայաստանի քաղաքական իշխանությունն աշխատել է Հայաստանի ու Արցախի պետական շահի դեմ, խոչընդոտել է Հայաստանի ու Արցախի բնակիչների իրավունքների պաշտպանությանը, նրանց կենցաղային, հոգեկան և քաղաքական իրավունքների իրացման պաշտպանությանը։

Այսինքն, Արման Թաթոյանը փաստել է, որ Մարդու իրավունքների պաշտպանի գործն արգելակելով՝ կատարվել են հակահայկական և հակապետական քայլեր, նա բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրել է պետական դավաճանության մեջ։

Oragir.News-ը ՀՀ Դատախազությունից հարցրեց՝ արդյոք հնչած ծանր մեղադրանքների հիմքով նախատեսվում է սկսել հետաքննություն, այս հարցազրույցի հիման վրա հարուցվելո՞ւ է քրգործ պետական դավաճանության հատկանիշներով։ Դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը մեզ հաղորդեց, որ այս հարցազրույցի հիմքով այս պահին որևէ գործընթաց չկա։ Նախատեսվո՞ւմ է, հնարավո՞ր է՝ ելնելով մեղադրանքի ծանրությունից. այս և այլ հարցերի նա հրաժարվեց պատասխանել։


Կարմեն Մարտիրոսյան

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
20:17 Գերմանիայից արտաքuված քաղաքացիներ տեղափոխող ևս մեկ ինքնաթիռ է եկել Հայաստան
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ