copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:58 04-08-2022

Կտպագրվի «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքում կառուցապատման կանոնակարգման ուղեցույց

Իտալացի փորձագետները Քաղաքաշինության կոմիտեի և Ասիական զարգացման բանկի համատեղ նախաձեռնությամբ մշակել են «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի տարածքում կառուցապատման կանոնակարգման ուղեցույց և գոտևորման աշխատանքների մեթոդաբանություն՝ միտված Գյումրիի պատմական միջավայրի քաղաքաշինական ամբողջականության պահպանմանը: Մինչ վերջնական տարբերակի հաստատումը՝ մշակված փաստաթղթերը ներկայացվում են շահագրգիռ կողմերին՝ պատվիրատու գերատեսչությանը, համայնքի բնակիչներին, տեղական ինքնակառավարման մարմիններին, մասնագիտական հանրությանը: Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության կոմիտեից։

Մասնավորապես՝ փաստաթղթերի լրամշակված տարբերակը քննարկվել է Քաղաքաշինության կոմիտեի պատասխանատուների հետ: Դիտարկվել են պատմական ժառանգության ամբողջականության պահպանման հիմնավորումները և առաջարկվող գործիքակազմը: Կատարված աշխատանքը ներկայացվել է նաև Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ Դավիթ Առուշանյանի գլխավորությամբ կայացած խորհրդակցության ընթացքում, որի ժամանակ վերջինս կարևորել է փորձագետների վերհանած հիմնախնդիրները: Ուշադրություն է դարձվել նաև արդիական այլ խնդիրների՝ պատմական միջավայրում գովազդային և տեղեկատվական վահանակներին ներկայացվող պահանջների հստակեցմանն ու հանրային տարածքների կազմակերպմանը:

Ուղեցույցն ու մեթոդաբանությունը մեկ անգամ ևս շրջանառվել են հիբրիդային ձևաչափով կազմակերպված աշխատաժողովի շրջանակում, որի ընթացքում շահառու խմբերի, ոլորտի մասնագետների հնչեցրած առաջարկները ներառվել են փաստաթղթերում: ԱԶԲ կողմից գործընթացը համակարգող իտալացի մասնագետներն անդրադարձել են նաև «Կումայրի» պատմաճարտարապետական արգելոց-թանգարանի և ողջ քաղաքի տարածքի վերաբերյալ հավաքագրված տվյալների թվայնացման հնարավորությանը:

Փաստաթղթերի կազմմանը նախորդել են հետազոտական աշխատանքներ՝ հավաքագրելու պատմամշակութային արգելոց-թանգարանի պատմական միջավայրի վերաբերյալ տվյալներ: Գործընթացում ներգրավվել են նաև մասնագիտացված բուհերի դասախոսները և ուսանողները: Նախաձեռնության շրջանակում կարևորելով կրթական բաղադրիչը՝ կազմակերպվել են դասախոսություններ Հայաստանի ամերիկյան համալսարանում նաև Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանում: Իտալացի փորձագետներն ուսանողներին ներկայացրել են ժառանգության պահպանության մեթոդաբանության, ինչպես նաև տեղեկատվության թվայնացման առանձնահատկությունները:

Հաջորդ փուլում նախատեսվում է ուղեցույցի և մեթոդաբանության վերջնական տարբերակը տպագրել երկու լեզվով՝ հայերեն և անգլերեն: Ուղեցույցը կընդգրկվի Քաղաքաշինության կոմիտեի համակարգմամբ «Շիրակ-4» միկրոռեգիոնի համար մշակվող քաղաքաշինական ծրագրային փաստաթղթի կազմում, որը ներառում է 3 մակարդակ՝ տարածքային պլանավորում, գլխավոր հատակագիծ, գոտևորման նախագիծ: Դա հնարավորություն կտա ուղղորդելու և կանոնակարգելու համայնքում իրականացվող քաղաքաշինական գործընթացները՝ պահպանելով պատմական ժառանգությունը և քաղաքաշինական միջավայրի ամբողջականությունը:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
22:17 «Սպայկա»-ն ֆինանսապես գահավիժել է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին