Ուղիղ եթեր
copy image url
Մշակույթ Միտք 3 տարի առաջ - 21:05 26-07-2022

Հայրենակիցները անարդար և վատ վարվեցին իրենց արժեքավոր եղբոր հանդեպ...

Նկարիչ Պետրոս Կոնտուրաջյանը հայ իրականության և հայ արվեստի հերթական մերժված, մոռացված, չգնահատված ու չարժևորված անունն է, որը, թողնելով ֆրանսիական մայրաքաղաքում արվեստով զբաղվելու ու հայտնի նկարիչ լինելու հեռանկարը, վերադարձել էր հայրենիք ու... կործանվել։



1905 թվականի հուլիսի 26-ին Ուրֆայում ծնված Պետրոս Կոնտուրաջյանը Ցեղասպանության ժամանակ կորցրել էր հարազատներին։

Տասնամյա Պետրոսին ապաստան էր տվել Հալեպի ազգային որբանոցը, որտեղ նախնական կրթություն ստանալուց հետո նա ուսումը շարունակել էր Հայկազյան վարժարանում:
1923 թվականին Կոնտուրաջյանը մեկնել էր Փարիզ։ Այստեղ նա մասնագիտական կրթություն էր ստացել նախ Մոնպառնասի ազատ արվեստանոցներում, ապա ֆրանսիացի նկարիչ, քանդակագործ, դեկորատիվ-կիրառական արվեստի վարպետ Ֆերնան Լեժեի ստուդիայում։ Կոնտուրաջյանը այնուհետև ուսանել էր Փարիզի գեղարվեստի ակադեմիայում և զուգահեռ հետևել Սորբոնի համալսարանի փիլիսոփայության և հնագիտության դասընթացներին։

Պետրոս Կոնտուրաջյանը1930 թվականից սկսած արվեստների մայրաքաղաքում ակտիվ ներգրավվել էր ստեղծագործական կյանքին։ Նա մասնակցել է «Աշնանային սալոնի», «Անկախների սալոնի» և «Հայ ազատ արվեստագետներու միության» ցուցահանդեսներին։



Կոնտուրաջյանն իր լավագույն գործերը ստեղծել է հենց փարիզյան շրջանում։ 1930-1940-ական թվականներինց ծնված նրա «Գետափին», «Բանվորական թաղամաս», «Քարե կամուրջ», «Մայրը մանկան հետ», «Փարիզի շրջակայքը» և այլ կտավներն այսօր պահվում են Հայաստանի ազգային պատկերասրահում։

1939 թվականին հայազգի նկարիչը զորակոչվել է ֆրանսիական բանակ։ Ծառայությունն ավարտելուց հետո` 1945 թվականին, Պաբլո Պիկասոյի, Անրի Մատիսի և այլ ականավոր նկարիչների հետ նա միասին մասնակցել է «Ժամանակակից մեծ նկարիչները ռազմագերիների օգտին» նշանավոր ցուցահանդեսին։

Սակայն, ազգային գաղափարներով ու մտածողությամբ տարված, հայրենիքի կարոտը սրտում՝ Կոնտուրաջյանը1947 թվականին թողնում է Փարիզն ու իր նոր սկսվող հաջողությունները և ներգաղթում հայրենիք…

Եվ քանի որ այդ տարիներին ներգաղթյալներին թույլ չէին տալիս մայրաքաղաքում հաստատվել, նկարիչը սկզբում ապրում ու աշխատում է Լենինականում, ապա մի քանի տարի անց տեղափոխվում Երևան:



Թե ինչպես են ընդունում Կոնտուրաջյանին հայրենիքն ու գործընկերները, կարծում եմ, գաղտնիք չէ ոչ ոքի համար։ Խորհրդային ռեժիմի և ոչ մարդկային վերաբերմունքի հետևանքների մասին շատ պատկերավոր գրել է նկարիչ Հակոբ Հակոբյանը.«Կոնտուրաջյանի արվեստը առաջին կարգի արժեք է մեր մշակույթի գանձարանի համար: Իր կյանքը եղավ դժբախտ, ինքը՝ոչինչ ստացավ իր տվածի փոխարեն: Հայրենակիցները անարդար և վատ վարվեցին իրենց արժեքավոր եղբոր հանդեպ: Ես միշտ ափսոսում եմ, սիրտս կծկվում է իրեն համար…»։

Հայրենիքում՝ դաժանությունների, արհամարհանքի, մերժման ու անտարբերության այդ միջավայրում Կոնտուրաջյանը ապրեց ինը տարի։



Նրա մահվան մասին հստակ փաստեր չկան: Ըստ որոշ մարդկանց պատմածների, Բյուրական նկարելու մեկնած նկարիչը հիվանդացել է, նրան տեղափոխել են Երևանի հիվանդանոց: Պատմում են, որ տեղափոխող բեռնատարի մեջ նրան կոպտել, ծաղրել ու վիրավորել են: Հիվանդանոցում նկարիչը կոտրել է ջրամանը ու ապակու կտորով փորձել է պատռել որովայնը: Նրա ձեռքերը կապել են և տվել վերջանական ախտորոշում՝ հոգեպես խանգարված:

1956 թ. օգոստոսի 23-ին Պետրոս Կոնտուրաջյանը խնդրել է բուժքրոջը թույլ տալ զուգարան գնալ, որտեղ էլ պատուհանից նետվել է:

Այսպես անհեթեթ, անիմաստ ու ցավալի կերպով ընդհատվել է նկարիչ Պետրոս Կոնտուրաջյանի կյանքը, ով երազանքների ու արարումների մեծ բեռով հայրենիք էր եկել` հաստատ որոշմամբ. «Ես չեմ ուզում անհետանալ այս աշխարհեն խոտի մը պես…»:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին