copy image url
Արտաքին 4 տարի առաջ - 17:17 06-07-2022

Թուրքիայի և Իտալիայի միջև ստորագրվել են համագործակցության 9 պայմանագրեր

Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի՝ Թուրքիա կատարած պաշտոնական այցի շրջանակներում կնքվել են թուրք-իտալական համագործակցության 9 պայմանագրեր։ Դրանք ստորագրվել են Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագիի նախագահությամբ ընթացած միջկառավարական գագաթնաժողովի նիստից հետո։ Այս մասին տեղեկացնում է ermenihaber-ը:

Նշվում է, որ նման նիստ վերջին 10 տարում առաջին անգամ է անցկացվում։

Ըստ Թուրքիայի նախագահականի տարածած տեղեկության՝ կողմերը փոխըմբռնման հուշագիր են ստորագրել քաղաքացիական պաշտպանության ոլորտում համագործակցելու վերաբերյալ։

Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարար Մուստաֆա Վարանքը և Իտալիայի արտաքին գործերի և միջազգային համագործակցության նախարար Լուիջի Դի Մայոն ստորագրել են պայմանագիր գիտական ​​և տեխնոլոգիական համագործակցության 2023-2025թթ. ծրագրի թարմացման մասին։

Փոքր և միջին ձեռնարկությունների ոլորտում համագործակցելու վերաբերյալ փոխըմբռնման հուշագիր է կնքվել Թուրքիայի արդյունաբերության և տեխնոլոգիաների նախարարության և Իտալիայի տնտեսական զարգացման նախարարության միջև։

Երկու երկրների պաշտպանության նախարարները համաձայնագիր են ստորագրել Թուրքիայի և Իտալիայի կառավարությունների միջև ռազմապաշտպանական բնույթի գաղտնի տեղեկատվության փոխադարձությունն ապահովելու մասին։

Ներքին գործերի նախարարները վարորդական վկայականների փոխադարձ ճանաչման մասին համաձայնագիր են կնքել, իսկ արտգործնախարարները ստորագրել են քաղաքական խորհրդակցությունների և դիվանագետների պատրաստման ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագրեր։

Ամենից շատ դիտված