copy image url
Մշակույթ Ներքին 3 տարի առաջ - 21:14 08-06-2022

Դուք ինքներդ մի կարգին գոմ շինեք, հետո քննադատեք...

Ալեքսանդր Թամանյանը 1926-1928 թվականներին նախագծեց Հողժողկոմատի կառավարական շենքը, որը դարձավ առաջինը շինությունը նախկին՝ Լենինի, այժմ՝ Հանրապետության հրապարակում։

Հողժողկոմատի շենքը կառուցվեց վարդագույն ֆելզիտ տուֆից, բազալտե հիմքի վրա:

Շենքի շինարարությունն ավարտվել է 1929-ին:

Ալեքսանդր Թամանյանի անժամանակ մահից (1936թ.) հետո նախագիծն իրագործեց և ավարտեց նրա ավագ որդին՝ ճարտարապետ Գևորգ Թամանյանը, որը երկար տարիներ հոր աջակիցը, օգնողն ու գործընկերն էր եղել:

Կառավարական տունը կառուցվել է նախնական հատակագծի մեծ կրճատումներով՝ միջոցների բացակայության պատճառով: Շենքի հիմնական մասի շինարարությունն ավարտվել է 1941-ին, իսկ ամբողջ շենքը՝ 1952-ին:

Եթե այսօր Կառավարական տան շենքը համարվում է հայ ճարտարապետության գլուխգործոցներից և Երևանի խորհրդանիշներից մեկը ու բոլորին հիացնում է իր գեղեցկությամբ, ապա կառուցման ընթացքում այնքան էլ ոգևորությամբ ու հիացմունքով չի ընդունվել։
Ալեքսանդր Թամանայանն արժանացել է քննադատությունների ու քարկոծումների։

Այս մասին արձակագիր Ստեփան Զորյանը իր հուշերում գրում է.

«Երբ սկսվեց Կառավարական տան կառուցումը, մի խումբ երիտասարդ ճարտարապետներ՝ տարված եվրոպական կոնստրուկտիվիստական ճարտարապետության և հատկապես ֆրանսիացի ճարտարապետ Կորբյուզեի ոճով, հարձակվեցին խեղճ Թամանյանի վրա, թե` «Հայ-հարայ, հասեք, Թամանյանը սովետական օրով եկեղեցի է կառուցում… » և այլն, և այլն։

Հայկական ճարտարապետության առանձնահատուկ ոճը նրանց թվում էր եկեղեցական ոճ։

Այնքան աղմուկ բարձրացրին իրենց հոդվածներով, ելույթներով ու ծաղրանկարներով, որ հանգուցյալ հողժողկոմ Արամայիս Երզնկյանը ստիպված եղավ մի հոդվածով պատասխանել և դառը խոսքեր ասել երիտասարդներին։ Նրա հոդվածը, որքան հիշում եմ, ավարտվում էր այսպիսի ֆրազով.
«Դուք ինքներդ մի կարգին գոմ շինեք, հետո քննադատեք…»։

Թամանյանը շատ զգայուն մարդ էր, թե որքան էր ազդվում այդ քննադատությունից, դժվարանում եմ ասել։ Սակայն մի անգամ, երբ խոսք եղավ այդ մասին, և ես հարցրի, թե ինչպես է ընդունում այդ քննադատությունը, նա ձեռքը թափ տվեց.

«Ոչի՛նչ։ Երիտասարդներ են… Թող գրեն։ Երբ հասակ առնեն և աշխարհ տեսնեն, կհասկանան, որ հայկական ճարտարապետական ոճը կրոնական չէ, որ նա հիմնականում առաջացել է շինանյութի բնույթից, երկրի կլիմայական և աշխարհագրական առանձնահատկությունից, և նա` այդ ոճը, աշխարհի գեղեցիկ ոճերից մեկն է…»։

Չնայած բարձրացրած աղմուկին, փուչ և սին քննադատություններին, այնուամենայնիվ 1942-ին Կառավարական տան նախագծի համար Ալեքսանդր Թամանյանը հետմահու արժանացավ Ստալինյան մրցանակի:

Նաիրա Եղիազարյան

Ֆոտոշարք

Ամենից շատ դիտված

17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:40 Սամվել Կարապետյանը խոստանում է անվճար էլեկտրաէներգիա և ջուր՝ անապահով ընտանիքների համար
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
13:39 Նիկոլ Փաշինյանը հորդորեց Գուրգեն Սիմոնյանին ու Արամ Սարգսյանին դիմել ԿԸՀ՝ ընդդիմադիր կուսակցությունների գրանցումը չեղարկելու համար
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան