copy image url
Ներքին 4 տարի առաջ - 15:46 28-05-2022

Պատասխանատու ենք մեր նախնիների առջև և պարտք` ապագա սերունդներին. «Հայաստան» դաշինք

«Հայաստան» դաշինքն իր ֆեյսբուքյան էջում շնորհավորական ուղերձ է հղել Հանրապետության օրվա առթիվ.

«Հարյուրամյակների ծանր փորձություններից և անղեկ նավարկություններից հետո 104 տարի առաջ` 1918 թ․ մայիսի 28-ին, Հայ ժողովուրդը վերահաստատեց անկախություն ունենալու իր կամքը՝ այն ամրագրելով Հայաստանի Հանրապետության ստեղծման մասին Հայոց ազգային խորհրդի հայտարարությամբ։

Մայիսի 28-ը Հայաստանի Հանրապետության հիմնադրման օրն է և, անհերքելիորեն, Հայոց պատմության շրջադարձային էջ: Այն հնարավոր դարձավ Սարդարապատում, Բաշ Ապարանում և Ղարաքիլիսայում թուրքական բանակի դեմ տարած մայիսյան հաղթանակներով։

Ցեղասպանությունից ընդամենը երեք տարի անց հայ ժողովրդի վճռական կամքով, միասնականությամբ և համազգային զորաշարժով և, անշուշտ, օրվա քաղաքական ու ռազմական ղեկավարության բացառիկ նվիրումի, խորատեսության և զոհողությունների գնով կասեցվեց հայ ժողովրդին վերջնականապես բնաջնջելու թուրքական ծրագիրը։ Արևելյան Հայաստանի փոքր մի հատվածի և Ցեղասպանությունից մազապուրծ հայ ժողովրդի մնացորդացի վրա վերընձյուղվեց Հայոց պետականությունը։

Մենք բոլորս՝ իբրև ինքնություն, իբրև կազմակերպված ազգ և հավաքականություն, սերում ենք Մայիսի 28-ից, մենք Մայիսի 28-ով կերտված Հայաստանի առաջին հանրապետության ժառանգորդն ենք, մեր հավաքական հաղթանակների և պարտությունների պատասխանատուն։

Այսօր, երբ Հայոց պետականության ընթացքն անդառնալի կորուստներ է արձանագրում, երբ գնալով խորանում են հայ ժողովրդին ուղղված սպառնալիքները, երբ հայ ժողովուրդը դարձյալ գոյաբանական խնդրի առջև է կանգնած, Մայիսի 28-ի դասերն ավելի քան զորեղ են հնչում ու մեզ պարտադրում համախմբվել հանուն համաժողովրդական, միասնական պայքարի, հանուն Արցախի փրկության, հանուն Հայոց պետականության կազմալուծման կասեցման, հանուն մեր ազգային արժանապատվության ու համերաշխության վերականգնման։ Օրհասական է պահը։ Մենք պատասխանատու ենք մեր նախնիների առջև և պարտք` ապագա սերունդներին։

Փա՜ռք և խոնարհում Մայիսի 28-ը կերտողներին։ Արժանի հետևորդը լինենք նրանց պատգամի։
Փա՜ռք Հայոց Պետականությանը։
Շնորհավոր Անկախության Տոնդ, ՀԱՅԱՍՏԱ՛Ն»:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը