Ուղիղ եթեր
copy image url
Միտք Ներքին 4 տարի առաջ - 21:41 25-05-2022

Վերջին զանգը՝ սթափության կոչնակ…

Պետությունների ապագան, նրանց լինելիության երաշխիքը ուղիղ համեմատական է կրթության և գիտության հանդեպ նրա բնակիչների կողմից դրսևորվող վերաբերմունքին: Որքան գիտակցված է կրթության կարևորությունը, այնքան կայուն ու երաշխավորված է տվյալ հանրության ապագան: Այս անվիճարկելի, աքսիոմատիկ ճշմարտությունն է այն ուղենիշը, որով առաջնորդվում են շատերի նախանձը շարժող առաջադեմ պետությունները: Տրամագծորեն հակառակ է կրթության ու գիտության հանդեպ հայերիս ունեցած ընկալումը:

Դեռ Խորենացու «Ողբ»-ում է ուրվագծվում բոլորիս սպառնացող վթարի՝ մեզ պարուրող տգիտության անխուսափելիությունը. «Ուսուցիչները՝ տխմար ու ինքնահավան, իրենք իրենցից պատիվ գտած և ոչ աստծուց կոչված, փողով ընտրված և ոչ սուրբ հոգով, ոսկեսեր, նախանձոտ, թողած հեզությունը, որի մեջ աստված է բնակվում, և գայլ դարձած գիշատում են հոտերը…»: Այլ կերպ՝ կրթության արժեզրկումն ու ձևախեղումը գալիս է դեռ վաղնջական այն ժամանակներից: Հնուց եկող «ավանդույթի» համաձայն՝ ուսման հանդեպ սեր ունեցող աշակերտներն ու ուսանողները մեր օրերում արդեն՝ «բատան», «գիտունիկ» կամ «ծակ պրոֆեսոր» են որակվում: Այսինքն՝ նորմալ, ուսյալ մարդ լինելը մեզանում արատ ու ամոթ է համարվում: Համամիտ չե՞ք, որ նման մոտեցումը հարիր է դրսի համալսարաններում «կրթված», գողական պատկերացումներով ու «զոնի» օրենքներով ապրող, իրենց մանկության օրերին վթարի ենթարկված մարդկանց հիվանդագին պատկերացումներին, բայց ոչ երբեք գիտակից տեսակին: Հենց այդ տեսակին վերաբերող մի պատմություն եմ ցանկանում ներկայացնել ձեր ուշադրությանը:

Հիշողությանս մեջ հիմնավորապես տպավորվել է Սանկտ Պետերբուրգի (նախկին Լենինգրադի) Արևելագիտության ինստիտուտի ազգությամբ հրեա դեկանի՝ ինձ հետ ունեցած անձնական զրույցի ընթացքում արված դիտարկումը․ «Մենք կաշառք վերցնում ենք վրացիներից, հայերից, ղազախներից, ումից ասես: Իսկ այ հրեաներից մենք երբեք փող չենք վերցնում: Գիտե՞ք, թե ինչու: Չենք վերցնում, քանի որ հրեան թեկուզ քառասուն անգամ ձախողվելուց հետո, մեկ է, պարտավոր է իր իմացությամբ , իր գիտելիքով բուհ ընդունվել, քանի որ Իսրայելին մասնագետներ են անհրաժեշտ»: Խոստովանում եմ՝ այդ օրվանից ի վեր ես խուսափում եմ ծանոթ-բարեկամներիս երեխաների բարձր գնահատականների համար սրան-նրան միջնորդելուց: Նախանձ շարժող նման մոտեցումը մտորման տեղիք է տալիս, վերահաստատում այն ճշմարտությունը, որ ապագայի մեջ ներդրումներ կատարողներն են իրատեսները, կայուն ու կանխատեսելի ապագայի երաշխավորները և ոչ երբեք ուսյալներին, գիր ու գրականության հանդեպ սեր ու հարգանք ունեցողներին հնարավոր ու անհնար բոլոր մեթոդներով նվաստացնել փորձողները: Իսկ դա համակարգի պահանջն է, համակարգի, որին ոչ թե մտածող, տրամաբանող մարդիկ են պետք, այլ նախիր, որի «հոտաղներին» իրենք կկարգեն:

Ես այն համոզմանն եմ, որ դպրոցականներին կրթող ուսուցիչների աշխատավարձը պիտի լինի ամենաբարձրը՝ որակական ամենաբարձր չափանիշների ապահովման դեպքում, իհարկե: Այդպիսին պիտի լինի նաև շտապօգնության ոլորտում աշխատող բժիշկների հանդեպ դրսևորվելիք մոտեցումը, քանի որ այդ պատասխանատու ոլորտներից է կախված մարդու ապագան: Այլ կերպ՝ մարդկանց աշխատավարձը պիտի ուղիղ համեմատական լինի նրանց ստացած կրթությանը: Հարկ է գիտակցել նաև, որ ուսումը նույնպես աշխատանք է, որ ուսման տանջանքը ժամանակավոր է, անկրթությանը՝ ընդմիշտ: Մի՞թե այդքան բարդ է սա գիտակցելը: Իմացությունն ու գիտելիքը շատ տեղ չեն պահանջում, հասկացեք…

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
19:10 Մանիպուլյացիա՞, թե՞ անտեղյակություն. Նիկոլ Փաշինյանի՝ 8 միլիարդ դոլարի առասպելը
18:16 Նարեկ և Սամվել Կարապետյանների հատուկ ուղերձը` հաղթանակի ճանապարհին
18:15 Գյումրիում զբաղված են Փաշինյանի ամփոփիչ հանրահավաքին մարդ տեղափոխելու հարցերով
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին