copy image url
Ներքին 4 տարի առաջ - 12:26 24-04-2022

Եթե Հայոց ցեղասպանությունը ժամանակին դատապարտվեր, ապա կկանխարգելվեին հետագա ցեղասպանությունները. ՀՀ նախագահի ուղերձը

Հայաստանի Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն ուղերձ է հղել Հայոց ցեղասպանության տարելիցի առթիվ: Ինչպես տեղեկացնում են ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, ուղերձում նշվում է.

«Այսօր հայ ժողովուրդն ու նրա բարեկամները, ողջ առաջադեմ մարդկությունը ոգեկոչում են Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը:

Անցյալ դարասկզբին, օգտվելով Առաջին համաշխարհային պատերազմի խառնաշփոթից և մեծ տերությունների թողտվությունից, Օսմանյան կայսրության երիտթուրք պարագլուխները ծրագրավորեցին և իրականացրեցին հայ բնակչության դաժանագույն ջարդերն ու կոտորածը: Այդ ողբերգությանը զոհ դարձավ ավելի քան 1,5 միլիոն հայ, հարյուր հազարավոր հայեր ստիպված լքեցին իրենց բնօրրանը, տարհանվեցին, զրկվեցին հայրենիքից ու գույքից՝ բռնելով գաղթի ճամփան: Փրկվելով մահից, կորցնելով հարազատներին՝ մեր հայրենակիցները սփռվեցին աշխարհով մեկ, գտան իրենց նոր հանգրվանն օտար ափերում, տարբեր հյուրընկալ երկրներում: Դրսևորելով ապրելու և արարելու անկոտրում կամք՝ նրանք կազմեցին ընտանիք, կառուցեցին դպրոցներ ու եկեղեցիներ, հիմնեցին գաղթօջախներ, հայրենակցական միություններ ու տարաբնույթ կազմակերպություններ: Սփյուռքահայությունը հարստացրեց իր ապրած երկրների հասարակական, գործարար ու մշակութային ներկապնակը՝ ի ցույց դնելով հայի տաղանդն ու բացառիկ ընդունակությունները, փառք ու պատիվ բերելով մեր ժողովրդին:

Այսօր Հայոց ցեղասպանությունը ճանաչել և դատապարտել են մի քանի տասնյակ պետություններ և հեղինակավոր միջազգային կազմակերպություններ: Համոզված ենք, եթե Հայոց ցեղասպանությունը ժամանակին դատապարտվեր, ապա կկանխարգելվեին հետագա ցեղասպանությունները: Հենց այդ պատճառով է Հայաստանի Հանրապետությունը միջազգային ասպարեզում հետևողական պայքար մղում ցեղասպանության հանցագործության դատապարտման և կանխարգելման ուղղությամբ: Հայաստանի ջանքերով դեկտեմբերի 9-ն ամրագրվել է որպես Ցեղասպանության հանցագործության զոհերի հիշատակի ու արժանապատվության և այդ հանցագործության կանխարգելման միջազգային օր: Ցեղասպանությունների կրկնությունը բացառելու նպատակով կարևոր է պատմական հիշողությունը, շարունակական կրթությունը ու կատարվածի մասին ճշգրիտ տեղեկատվության տարածումը:

Մենք գիտակցում ենք, որ մեր նահատակված հայրենակիցների հիշատակին հարգանքի տուրք մատուցելու լավագույն ձևը՝ հզոր և ժողովրդավար Հայաստանի կայացումն է, մեր ժողովրդի բարօր կյանքի, մեր երկրի սահմանների ամրության ու անվտանգության ապահովումն է, Հայաստանի միջազգային հեղինակության ամրապնդումն է»:

Ամենից շատ դիտված

15:30 Հակարիի կամրջի մոտ ադրբեջանցիներն ուզում են առաջանալ, հայ սահմանապահները չեն թողնում․ կրակոցներ չկան, միայն լեզվակռիվ է
12:56 Ես իմ երջանկությունը գտել եմ` ի հեճուկս բոլոր չարախոսների և չկամեցողների. Ալեն Սիմոնյան
14:20 Ողբերգական դեպք՝ Երևանում․ «Ուիգմոր» ԲԿ տեղափոխված 8-ամյա տղան մահացել է
15:48 ՀՀ-ում, կապված ՌԴ-ում էժանացման հետ, ցորենի գինը իջել է, բայց հացի գները ոչ մի տեղ չեն իջել
18:00 ՍԱՏՄ ղեկավարը` խոշորագույն բեռնափոխադրող
14:00 11 մլն դրամ. Տիգրան Ավինյանը մեր հաշվին օգնության ձեռք է մեկնել Հ1-ին
11:34 Սարդարապատում 42-ամյա վարորդը վրաերթի է ենթարկել  87-ամյա հետիոտնի․ վերջինը հիվանդանոցում մահացել է
09:32 Ադրբեջանը Շուշիում ոչնչացրել է պատմական հայ-ռուսական գերեզմանոցն ու միջնադարյան խաչքարերը
17:43 16-ամյա վարորդը «Mercedes»-ով բախվել է ապառաժ քարերին․ կան վիրավորներ
09:00 101%-ով հետընթաց և անգրագիտություն. պարեկներն անջատում են փարոսիկները և անցնում հին մեթոդներին