Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 20:45 18-04-2022

Քաղաքագետը զուգահեռներ է տարել Ռուանդայի ցեղասպանության ու ՀՀ ներքաղաքական պայքարի միջև

Քաղաքագետ Ստեփան Դանիելյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում զուգահեռներ է տանում Ռուանդայի ցեղասպանության ու ՀՀ ներքաղաքական պայքարի միջև։ Գրառումը կարդացեք ստորև։

«Մինչև Հայաստանի ներքաղաքական պայքարին անցնելն անդրադառնանք Ռուանդային:

1962-ին Ռուանդան Բելգիայից անկախություն է ստանում: 1962-ին Ռուանդայի երկու ազգություններից մեկը, խուտուները, իշխանությունը վերցնում են իրենց ձեռքը, սակայն 1972-ին թութսիների բանակը սպանում է մոտ 15 հազար խուտու, իսկ ըստ խուտուների՝ հարյուր հազար, սակայն 1994-ին խուտուները ռևանշ են վերցնում և սպանում մոտ 800 000 թութսի:

Հիմա անցնենք ամենահետաքրքիր հատվածին: Թութսիներն ու խուտուները խոսում են նույն լեզվով, ունեն նույն մշակույթը, և նրանց բաժանումն ուներ սոցիալական բնույթ: Թութսիները իշխող սոցիալական խավն էր, խուտուները՝ իշխվող: Օրինակ, եթե մեկը ծնվում էր խուտու, աղքատ ընտանիքում, սակայն կարողանում է սոցիալական աստիճանով վեր բարձրանալ, դառնում էր թութսի, և հակառակը: Պատկերավոր օրինակ, եթե մինչև 2018 թվականը Հանրապետականները Հայաստանում թութսի էին, իսկ ՔՊ-ականները՝ խուտու, ապա հիմա տեղերով փոխվել են: Ինչպես տեսնում ենք, սոցիալական ասպեկտը չի դարձել էթնիկ բաժանում: Դեռ:

Ժամանակին բելգիացի գողութարարները, ըստ եվրոպական պատկերացումների, անձնագրերում սկսում են ֆիքսել ազգությունն ու այդ պահին ով թութսի էր, գրում են թութսի, և հակառակը: Ըստ եվրոպական ավանդույթների խառը ամուսնությունների դեպքերում ազգությունը ֆիքսվում էր ըստ հոր: Այդ ժամանակվանից սկսած թութսին ու խուտուն սոցիալական կարգավիճակից վերածվում է էթնիկ բաժանման ու, ամենակարևորը, թութսիներն ու խուտուները սկսում են դրան լուրջ վերաբերվել: Ինչի դա հանգեցրեց, արդեն գրել եմ: Դա օրինակ է, թե ինչպես է կարելի «բաժանիր, որ տիրես» սկզբունքը կյանքի կոչել, անգամ երբ դրա համար հիմքեր չկան:

Հիմա տեսնենք, թե ինչպես են Հայաստանը բաժանում հակամարտող ու իրարամերժ հատվածների:

1988-ից սկսած ձևավորվել էր մեկ ազգային օրակարգ. «Ղարաբաղը մերն է»: Բոլորը խոսում էին մեկ լեզվով, ունեին մեկ մշակույթ, միասնական հերոսներ: 1998-ին Հայաստանում իշխանությունը փոխվեց ու հաստատվեց ռազմա-ֆեոդալական համակարգ: Պարտված կողմին, թութսիներից խուտուների վերածված կոլեկտիվ հհշականներին, անհրաժեշտ էր գաղափարախոսություն, որ բաժանումը քաղաքական պայքարից վերածվի խորն անջրպետի, որպեսզի ռևանշի հող ունենան:

Այդ ժամանակվանից իշխանությունն անվանեցին ղարաբաղցիների կլան, այսինքն սուբէթնիկ երանգ հնարվեց, սոցիալական անարդարությունները (իրոք գոյություն ունեցող 1998-ից առաջ և հետո) դարձրեցին պայքարի գաղափարախոսություն, իսկ ամեն ինչի պատճառը հանրության ուղեղներում մտցրեցին Ղարաբաղի հարցը՝ «Զիջենք Ղարաբաղը, կտիրի խաղաղություն և սոցիալական համերաշխություն»: Ներքաղաքական պայքարը վերածվեց Ղարաբաղի շուրջ ծավալվող դիսկուրսի:

Այդ գաղափարախոսությունը երկար ժամանակ եփվում էր ու դա հաղթանակ պարգևեց 2018-ին, երբ պատերազմի հերոսները սկսեցին անվանարկվել (կուլմինացիան գեներալ Մանվելի էկզեկուցիան էր), «հեղափոխությունն ավելի կարևոր էր, քան Ղարաբաղի հաղթանակը», «գեներալները թալանչիներ են» և կոնկրետ «թալանչի» գեներալներին պատժելու փոխարեն սկսեցին հեղինակազրկել բանակը, հռչակվեց դասակարգային պայքարի թեզը, անցումային արդարադատությունը - ֆիքսենք, որ անցումային արդարադատությունը լայնորեն կիրառվել է հենց Ռուանդայում:

Ռուանդայի պատմության պահով հիշենք, որ ամեն ինչ սկսվել էր բելգիացիների քաղաքականության պատճառով, այսինքն, երբ արտաքին ազդեցություն է լինում, ապա սոցիալական բաժանումները միտումնավոր կերպով կարող են վերածվել գաղափարախոսության, հիմնարար բաժանարար գծի ու արտաքինց եկող պատվերը իրականացնել:

Հայաստանում մոնոէթնիկ, մոնոարժեքային համակարգ ունեցող երկրում խորքային բաժանում իրականացնելը շատ դժվար էր, սակայն այն իրականություն դարձավ, հատկապես արտաքին պատվիրատուների համար:

Հիմա Հայաստանում 1998-ի իշխանափոխության ռևանշը իրականացվել է (մի փոքր անտեսված խումբը չհաշված), սակայն դրա համար ստեղծված գաղափարախոսությունը, ի դեմս Ղարաբաղից ազատվելը, մնացել է ժառանգություն ու արդեն ապրում է իր ինքնուրույն կյանքով, որի տակ էլ մնացել են ներկայիս թութսիների վերածված խուտուները: Իշխանության համար հնարված գաղափարը, որը գործիք էր, հիմա իր սև գործ է անում դրա հեղինակների համար»:

Ամենից շատ դիտված

23:22 Ո՞վ է այդ թույնը հասցրել երեխային. 12-ամյա աշակերտը էքսկուրսիայից հետո հայտնվել է հիվանդանոցում
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել
15:03 Ստեփանավանում և հարակից գյուղերում ուժեղ կարկուտը մեծ վնասներ է հասցրել