copy image url
Ներքին 4 տարի առաջ - 09:32 01-04-2022

Հերթը հասել է Ստեփանակերտը հանձնելուն. Ավետիք Չալաբյան

«ԱՐԱՐ» հիմնադրամի համահիմնադիր Ավետիք Չալաբյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

ԱՐՑԱԽԻ ՓՐԿՈՒԹՅԱՆ ՀՐԱՄԱՅԱԿԱՆԸ

Մարտի 31-ին, ելույթ ունենալով ՀՀ Կառավարության նիստում, վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Ադրբեջանը էթնիկ զտման քաղաքականություն է իրականացնում, և որ նրա նպատակն է Արցախի վերջնական հայաթափումը և ոչնչացումը։

Կարելի է միայն ողջունել պրն Փաշինյանի կողմից այս պարզ ճշմարտության վերջնական ընդունումը, եթե սակայն նույն Փաշինյանը, մեկ և կես տարի հայ հասարակությանը մատուցած չլիներ ուղիղ հակառակը՝ որ Ադրբեջանի հետ հնարավոր է արժանապատիվ խաղաղության հասնել, որ հնարավոր է ապահովել Հայաստանի և Արցախի խաղաղ և անամպ ապագան, որ հնարավոր է տարածաշրջանում բացել բոլոր հաղորդակցության ուղիները և բարգավաճման դարաշրջան բացել՝ ընդամենը պետք է մի փոքրիկ զիջում էլ անել Ադրբեջանին՝ հանձնել մի "գորշ և մռայլ" Խծաբերդ, ձյունով ծածկված մի "անպիտան" Սև լիճ, "ոլորաններով և անհարմար" մի Գորիս-Կապան ճանապարհ, անտառներում կորած մի փոքրիկ Ներքին Հանդ, չգիտես որտեղ գտնվող մի աննշան Փարուխ։ Կարևորը, խաղաղություն լինի, առևտուր անենք և պարգևավճար ստանանք, իսկ որ ամեն օր ատամները սրած գազանը ևս մի քայլ մոտենում է մեր տներին, կարելի է թաքցնել, մարսել, ի վերջո Երևանում և նրա շուրջն ապրողների մեծ մասը դրանց տեղը ոչ գիտի, ոչ էլ պատկերացնում է, թե ամեն անգամ ինչ է կորցնում։

Այսօր սակայն, հերթը հասել է Ստեփանակերտը հանձնելուն։ Թշնամին չի էլ թաքցնում իր նպատակը, թշնամական երկու մայրաքաղաքներից գիշատիչները խոսքները մեկ արած, պահանջում են Պաշտպանության բանակի դուրս բերում Արցախի հայկական վերահսկողության տակ մնացած հատվածից։ Կասկած չկա, որ Փաշինյանը, եթե ոչ մի բան իրեն չխանգարի և եթե դա մենք թույլ տանք, ձևի համար մի քանի անգամ հակադարձելով, ի վերջո այդ պահանջը ևս կընդունի (քանի որ դա իր կողմից իրականացվող ծրագրի մաս է), և կթողի Արցախը բախտի քմհաճույքին և հրեշների ողորմածությանը։ Եթե մենք դա թույլ տանք՝ մեր լռությամբ, անտարբերությամբ, կրավորականությամբ, մեր նեղ քաղաքական և անձնական հաշվարկներով։ Սական այսօր մենք կանգնած են առավել իրական, դաժանագույն երկնտրանքի առաջ՝ կորցնել ոչ միայն մեր հայրենիքի կարևորագույն մասը, այլև մեր վերջին 30 տարիների պատմությունը, մեր հպարտությունը, մեր իդեալները, մեր սերունդի հավաքական կենսագրությունը։ Որպեսզի դա տեղի չունենա, մենք պետք է այսօր համախմբվենք Արցախի փրկության հրամայականի շուրջ, ոտքի կանգնենք և նորից պարզենք պայքարի դրոշը։ Հայաստանը պետք է ձերբազատվի թշնամու կամակատարներից և փաստաբաններից, նորից տեր կանգնի Արցախին, պաշտպանի նրան զենքի և միջազգային իրավունքի ողջ ուժով, և դրանով իսկ վերանվաճի սեփական անկախության, խաղաղ և արժանապատիվ ապրելու իրավունքը։

Հազարավոր մեր եղբայրներ, մարտնչելով Արցախի և Հայաստանի անկախության համար, գերադասել են պատիվն ու հայրենիքը, և անմահացել իրենց սխրանքով։ Այսօր մենք ոտքի ենք կանգնում՝ շարունակելու իրենց գործը, պաշտպանելու մեր պատիվն ու հայրենիքը, ու մերժելու անպատիվ գոյությունը։ Յուրաքանչյուրդ ձեզ էլ հարց տվեք, թե ինչն է ձեր համար ավելի թանկ, և դուրս եկեք պայքարի՝ հանուն Արցախի փրկության, և հանուն մեր բոլորիս արժանապատվության»։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել
09:31 Ռուսաստանի Ազգային գվարդիան նախապատրաստվում է զորահավաքին և ռազմական դրությանը
09:21 Ռուսաստանում Wildberries-ի ևս երկու պահեստներ են ենթարկվել հարձակման. կան վիրավորներ