copy image url
Խոսք 4 տարի առաջ - 21:18 03-03-2022

Հանգիստ ժամանակ իրար միս ենք ուտում, բայց երբ ճգնաժամային վիճակ է, կոնսոլիդացիա ենք ձեռք բերում. ֆինանսների նախկին նախարար

Ռուսաստանի դեմ արևմտյան պատժամիջոցների հետևանքով առաջացող տնտեսական ազդեցութունը Հայաստանի վրա կլինի միջնորդավորված, և հետևանքները հնարավոր է մեղմել ու կառավարել։ Oragir.news-ի հետ զրուցում ասաց ՀՀ ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը` նշելով, որ համաշխարհային միջբանկային SWIFT համակարգից Ռուսաստանի անջատումը կարող է վերջինին դրդել հարևանների, այդ թվում Հայաստանի հետ առևտուրն իրականացնել ռուբլիով։

«ֆինանսական շուկայում երեք հարթությունները պետք է տարանջատել, օրինակ՝ SWIFT-ը, որը ֆինանսական տեղեկատվական հոսքերի փոխանցման համակարգ է։

Արամյանի խոսքով՝ Ռուսաստանի դեմ Արևմուտքի ֆինանսատնտեսական պատժամիջոցները շատ կոշտ են և էապես տարբերվում են 2014-ի պատժամիջոցներից, որոնք կիրառվեցին Ղրիմի բռնակցումից հետո: Այժմ պատժամիջոցները գերազանցապես կիրառվում են Ռուսաստանի ֆինանսական համակարգի դեմ, որն առավել զգայուն ոլորտ է:

Հարցին, թե ինչպիսի վիճակում է այժմ մեր բանկային համակարգը, պատասխանեց, որ համակարգը բավականին կապիտալացված է. «Այն, ինչ շուկայում տեղի է ունենում, լինում է սպասումների հիման վրա, որովհետև իրական գործարքներն ավելի երկարաժամկետ ժամանակահատված են պահանջում, որպեսզի ի ցույց դնեն տրամադրությունները մեր տնտեսության վրա, թուլանում է ռուսական արժույթը դոլարի նկատմամբ, օրինակ՝ երբ 1 ԱՄՆ դոլորը 513 դրամ բարձրացավ, դա ավելի շուտ էմոցիաների և սպասումների արդյունք էր, քան տնտեսական արձագանք։ Ամեն դեպքում մեր բանկային համակարգը կապիտալացված է, ընդ որում՝ առաջին անգամ չէ, որ մեր ֆինանսական համակարգը փորձությունների մեջ է ընկնում, 2009 թ․, 2014 թ․, 2020 թ․ պատերազմի ժամանակ էլ էինք ճգնաժամային իրավիճակում։ Մենք շատ ծայրահեղական ազգ ենք, հանգիստ ժամանակ իրար միս ենք ուտում, բայց երբ ճգնաժամային վիճակ է, կոնսոլիդացիա են ձեռք բերում։ Չնայած մնացած ազգերը շատ ավելի արագ են ընկնում խուճապի մեջ ու ոչ ռացիոնալ վարքագիծ դրսևորում։ Բայց մենք ամբողջ կյանքում միշտ ճգնաժամերի մեջ ենք եղել, ու երբ հանգիստ միջավայր է, զգում ենք, որ մի բան այն չէ, և եթե շարունակվի այս վարքագիծը, մենք շահեկան ենք դուրս գալու։ Անկարգությունը գալիս է Կառավարությունից, որովհետև երբ եկավ ու նմանատիպ մեսիջներ տվեց, որ ձեր վարկերը կջրվեն, ձեր բոլոր տուգանքները կհանվեն, իրականում ազգաբնակչության մեջ սերմանեց, որ կարող են անգամ վարկեր չմարել, ու գցում են դա ժողովրդի վրա, բա դուք ինչու՞ եք այդպես խոստացել»։

Հայաստանի համար ռուս-ուկրաինական պատերազմի ծագող տնտեսական ռիսկերը գնահատելու համար, ըստ Արամյանի, պետք է նախ դիտարկել դրանց փոխանցման ուղիները․ «Նախ, արդեն իսկ Հայաստանում գրանցվեց ռուսական ռուբլու կտրուկ արժեզրկում: Ընդ որում, սովորաբար այսպիսի իրավիճակներում սկզբում արժեզրկման տեմպն ավելի շատ էմոցիաների վրա է հիմնված և հոտային վարքագծի ազդեցության հետևանք է: Դա ֆինանսական շուկաների ֆենոմենն է, որ կրում են իրենց վրա սպասումների արձագանքը։ Ամեն դեպքում, ռուբլին թուլանալու է, բնականաբար սա վատ լուր է մեզ համար, որովհետև մեր ապրանքները հարաբերականորեն թանկանալու են՝ ռուսական ապրանքների համեմատությամբ»:

Ռիսկերի փոխանցման երկրորդ աղբյուրը, Արամյանի խոսքով, առհասարակ Ռուսաստանի տնտեսության հնարավոր թուլացումն է:
Արամյանը կանխատեսում է, որ Ռուսաստանում տնտեսական զարգացումը շատ թույլ կլինի․ «Շատ մեծ է հավանականությունը, որ նրանք ոչ միայն շեղվեն 3-3,5 տոկոսանոց տնտեսական աճից, այլև անկում գրանցեն: Ընդ որում, այդ ամենը կախված է նրանից, թե այս պատժամիջոցները որքան կձգվեն: Մարտի 26-ին կարծես եվրոանտլանտիկ բլոկի կողմից ներդրվելու է պատժամիջոցների նոր փաթեթ, որի ազդեցությունը էլի լինելու է ֆինանսական ուղղություններով: Պատժամիջոցների ազդեցության հարցում ամեն բան կախված է, թե ինչ նոր գործիքներ կկիրառվեն: Բայց ամեն դեպքում փաստը մնում է փաստ, որ այս տարի այնտեղ կլինի տնտեսական անկում»,- նշում է Արամյանը:
Ռուսաստանի տնտեսության հնարավոր ռեցեսիան հանգեցնելու է պահանջարկի կրճատման, որն, ըստ Արամյանի, բացասական է անդրադառնալու Հայաստանից Ռուսաստան արտահանվող ապրանքների ու ծառայությունների սպառման վրա:

Երրորդ փոխանցման ուղին Ռուսաստանում արտագնա աշխատանքի մեկնած Հայաստանի քաղաքացիների մասնավոր դրամական փոխանցումներն են։ «Դա եղել է նաև 2014-ին․ երբ տնտեսական անկում է լինում Ռուսաստանում, այն հանգեցնում է տրանսֆերտների կրճատման, նաև արժեզրկման, եթե ռուբլիով են փոխանցում»։

Քնարիկ Պետրոսյան

Ամենից շատ դիտված

12:36 Առևտրային պատերազմ Հյուսիսային Ամերիկայում. Թրամփը 50% մաքսատուրք է սահմանել կանադական ապրանքների վրա
15:00 Բարը դպրոցին չի խանգարում. Ալեն Սիմոնյանի նախկին կնոջ բիզնեսը՝ Աբովյանի անվան դպրոցի տարածքում
15:40 Ռոմելա Սարգսյանից բաժանվելուց հետո դերասան Գևորգ Գրիգորյանն այլևս չի թաքցնում իր նոր ընտրյալին
21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
12:20 Ադրբեջանը ստիպեց Իսրայելին չճանաչել Հայոց ցեղասպանությունը
18:43 Դիվանագիտական լարվածություն. Հնդկաստանը պահանջում է Ռուսաստանից պատասխանատվություն կրել
19:00 Թալանչի՞, թե՞ բարերար. «Իտեքս»-ի միլիոնները՝ «Իմ քայլը» հիմնադրամին
10:59 Զանգվածային բողոքներ. Wildberries-ի վաճառողները չեն կարողանում դուրս բերել իրենց ապրանքները պահեստներից
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
15:59 Երևանում աղբատար KamAZ-ը փլուզել է քարե պարիսպն ու հայտնվել գերեզմանոցում