copy image url
Ներքին 4 տարի առաջ - 11:32 26-02-2022

Չնայած մեծ շոկերին՝ պատերազմին և Covid 19-ին, ՀՀ-ի մակրոտնտեսական ցուցանիշները բավականին տպավորիչ են

ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Գերմանիայի Դաշնային Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վիկտոր Ռիխտերին. հայտնում են ՀՀ էկոնոմիկայի նախարարությունից։

Հանդիպմանը մասնակցել է նաև նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանը։ Ողջունելով դեսպանին՝ էկոնոմիկայի նախարարը կարևորել է հայ-գերմանական տնտեսական համագործակցությունը և նշել, որ Հայաստանն այն ընդլայնելու լայն օրակարգ ունի։

Շեշտելով Գերմանիայի մեծ փորձը՝ Վահան Քերոբյանն առանձնացրել է մի շարք ոլորտներ, որտեղ Գերմանիան կարող է խորհրդատվական և փորձագիտական աջակցություն ցուցաբերել Հայաստանին։

Դրանք են՝ փոքր և միջին ձեռնարկատիրության, նորարարությունների, զբոսաշրջության, արդյունաբերության ոլորտները, կրթություն-գիտություն-տնտեսություն կապի հաստատումը:

Հանդիպման ընթացքում որպես հայ-գերմանական համագործակցությունն ընդլայնելու ներուժ ունեցող ոլորտներ՝ Վահան Քերոբյանը նշել է արդյունաբերությունը՝ շեշտադրելով քիմիական արդյունաբերությունը և տեղեկացրել, որ Հայաստանում կան նաև վերագործարկման կարիք ունեցող շատ գործարաններ։

Կարևորվել է նաև ֆինանսական շուկաների՝ հատկապես գերմանական և հայկական բանկերի միջև կապերի անհրաժեշտությունը։ Նախարարը նաև տեղեկացրել է, որ ներկայումս պետական ծրագրեր են իրականացվում Հայաստանի հին ավտոպարկը թարմացնելու ուղղությամբ և քննարկվում են Հայաստանում էլեկտրական մեքենաների արտադրության հնարավորությունները։

Նա նաև նշել է, որ Հայաստանը հետաքրքրված է այս ոլորտի գերմանական առաջադեմ ընկերություններին Հայաստան բերելով։ Այս համատեքստում նախարարը հավելել է, որ Հայաստանում արդեն գործում է «Թրեյդ-ին» համակարգը, որը նոր մշակույթ է Հայաստանի համար և հնարավորություն կտա հին մեքենաները փոխարինել նորերով՝ նպաստելով ավտոպարկի թարմացմանը։

Նախարարի տեղակալ Ռաֆայել Գևորգյանն անդրադարձել է տեքստիլ արդյունաբերության զարգացման ծրագրերին, Գերմանիայի միջազգային համագործակցության ընկերության (GIZ) հետ արդյունավետ համագործակցությանը։ Նա խոսել է նաև կրեատիվ արդյունաբերության զարգացման մասին և նշել, որ այսօր մեծ ուշադրություն է դարձվում տեքստիլ արդյունաբերության և նորաձևության զարգացմանը Հայաստանում։

Այս համատեքստում նա նաև հետաքրքրություն է հայտնել դիտարկելու «Mercedes-Benz Fashion Week»-ը Հայաստան բերելու հնարավորությունը, ինչը կնպաստի զբոսաշրջության և նորաձևության զարգացմանը։

Դեսպան Վիկտոր Ռիխտերը բարձր է գնահատել հայ-գերմանական համագործակցությունը և նշել, որ Գերմանիան հետաքրքրված է շարունակելու համագործակցությունը բոլոր նշված ուղղություններով և պատրաստակամ է աջակցություն ցուցաբերել Հայաստանին իր որդեգրած ճանապարհը սահուն անցնելու համար։

Նա ասել է նաև, որ, չնայած 2 մեծ շոկերին՝ պատերազմին և Covid 19-ին, Հայաստանի մակրոտնտեսական ցուցանիշները բավականին տպավորիչ են։ Հանդիպման ավարտին կողմերը պատրաստակամություն են հայտնել շարունակելու ակտիվ համագարծակցությունը։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
18:45 Ոնց են ավտոբուսներով Աշտարակի համայնքապետարանի մոտից մարդկանց տանում ՔՊ հավաքին
14:59 Երեկ ամբողջ Հայաստանը տեսավ, թե ինչպիսի անհավասարակշիռ մարդ է զբաղեցնում վարչապետի պաշտոնը․ Նարեկ Կարապետյան
17:13 Երջանիկ պատահականությամբ բոլորը Վանաձորից «կամավոր», կազմակերպված գնում են Փաշինյանի հանրահավաքին. Մենուա Սողոմոնյան
19:57 Եթե Փաշինյանը արգելում է «Ուժեղ Հայաստանին» մասնակցել ընտրության՝ պատճառը պարտվելու տագնապն է. քաղաքագետ
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
16:31 ՔՊ-ի աջակիցը վրաերթի է ենթարկել ԲՀԿ-ի քարոզարշավի մասնակիցներին
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
17:07 Մեզնից խլեցին ամենաթանկն ու ասացին, որ առանց խլելու էլ հնարավոր էր, բայց մենք ուզեցինք, որ դուք սգաք՝ հանուն «ոչնչի». զոհված զինծառայողի քրոջ գրառումը