copy image url
Ներքին 4 տարի առաջ - 17:28 22-02-2022

Հակոբ Սիմիդյանը Ռայմոնդ Յելեի հետ քննարկել է անտառածածկ տարածքների պահպանման և ավելացման խնդիրները

Այսօր շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանն առցանց հանդիպում է անցկացրել ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության (ՊԳԿ) հայաստանյան ներկայացուցիչ Ռայմոնդ Յելեի հետ։

Հանդիպմանը մասնակցել են շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Ա․ Մազմանյանը, նախարարության միջազգային համագործակցության վարչության պետ Ռ․ Գրիգորյանը, «Հայաստանի անտառների դիմադրողականության բարձրացում՝ հարմարվողականության և գյուղական տարածքների կանաչ աճի խթանում՝ մեղմման միջոցով» ՊԳԿ ծրագրի համակարգող Ա․ Հայրապետյանը, Ռաթոնի, Տարածաշրջանային գրասենյակի անտառային գծով պատասխանատու Ն․ Ուինկլերը։

Ողջունելով գործընկերներին՝ նախարար Սիմիդյանը նախ շնորհակալություն է հայտնել հանդիպման նախաձեռնության համար, ապա նշել, որ նախարարի կարգավիճակում արդեն հասցրել է ծանոթանալ ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության և շրջակա միջավայրի նախարարության համագործակցության օրակարգին։

«Երկու կառույցների միջև առկա են արդյունավետ համագործակցության լայն շրջանակ և փոխգործակցության լավ նախադեպեր, ինչը նշանակում է, որ առաջիկայում ևս կարող ենք բավական հեռանկարային համագործակցություն իրականացնել»,- նշել է նախարարը և անդրադարձել մասնավորապես անտառածածկ տարածքների պահպանության, դրանց ծավալների ավելացման ու գրագետ կառավարման խնդիրների շուրջ համագործակցությանը։

ՄԱԿ-ի Պարենի և գյուղատնտեսության կազմակերպության հետ նախարարությունն իրականացնում է «Հայաստանի անտառների դիմադրողականության բարձրացում՝ հարմարվողականության և գյուղական տարածքների կանաչ աճի խթանում՝ մեղմման միջոցով» ծրագիրը։

Ծրագիրն ուղղված է մոտ 5700 հեկտար անտառածածկույթը (ավելացրած ընդհանուր անտառային ծածկույթի 2%-ը և ԱՄՍՆ թիրախի 24%-ը) ընդլայնելուն՝ ապահովելով անտառների կայուն կառավարում առնվազն 135800 հեկտար անտառների դեպքում և ածխածնի կլանման կարողության ավելացում առնվազն 18.8 մետրական տոննա ածխածնի չափով (20 տարի) և արտանետումների պակասեցում 200000 տոննա ածխածնի չափով (20 տարի)։ Թիրախային տարածքներ են ընտրվել Հայաստանի հյուսիսում Լոռու մարզը և հարավում Սյունիքի մարզը՝ ելնելով անտառների տեսակից, բնակչության խտությունից և աղքատության մակարդակից, նրանց՝ կլիմայի փոփոխության ազդեցության ենթարկվելու աստիճանից, ինչպես նաև կարևոր անտառային էկոհամակարգերի վրա ունեցած ազդեցությունից։ Ագրոանտառաբուծության ոլորտներում ներդրումների և կարողությունների զարգացման միջոցով ծրագիրը ջանքեր կգործադրի անտառային տարածքների ընդլայնման և ածխածնի քանակների նվազեցման ուղղությամբ՝ նվազեցնելով վառելափայտի պահանջարկը, նպաստելով անտառվերականգնմանը և անտառապատմանը, և, վերջապես, ներդնելով անտառների կայուն և կլիմային հարմարված կառավարման գործելակերպեր:

Քննարկվել է նաև՝ «Հայաստանում հողերի դեգրադացման չեզոքացման հանձնառությունների/պարտականությունների իրականացումը՝ հողերի կայուն կառավարման և դեգրադացված մարգագետինների վերականգնման միջոցով» ծրագիրը։

Նախարարը նշել է, որ դեգրադացված հողերի վերականգնումը կնպաստի ոչ միայն անտառածածկ տարածքների վերականգնմանը, այլ նաև ագրոէկոլոգիայի զարգացմանը։

Նախարար Հակոբ Սիմիդյանն անձամբ իր և շրջակա միջավայրի նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել հետևողական լինել ծրագրերի անխափան ընթացքին և արդյունքներին միտված հանձնառություններին։

«Շրջակա միջավայրի նախարարությունը շահագրգռված է ծրագրերի տրամաբանական և արդյունավետ շարունակությամբ, դրանց իրականացման արդյունքում ոլորտում բազմաթիվ խնդիրներ լուծումներ կստանան՝ ի նպաստ շրջակա միջավայրի կայուն և դինամիկ զարգացման»,-նշել է նախարարը։

Ամենից շատ դիտված

21:35 Զինծառայող է մահացել. ՀՀ քննչական կոմիտե
13:55 Մհերս, կարոտս, 1 տարի առանց քեզ. Ռուզան Ավետիքյանի հրապարակումը
22:37 11 ժամ տևած հարցաքննությունից հետո Ծառուկյանին կրկին տարան մեկուսարան
09:05 Փոփոխություններ «Պալլադա Ծաղկաձոր»-ի սեփականատերերի կազմում. 50 մլն-անոց նախագծի նոր պատկերը
20:44 Այլևս չեմ կարողանա վերադառնալ ԱՄՆ. Վաչե Ամարյանը հայտարարել է Հայաստան վերջնական վերադառնալու մասին
22:21 Մեսսին ավարտեց կարիերան Արգենտինայի հավաքականում
23:55 Այս խոսքերը կհիշեմ ողջ կարիերայիս ընթացքում․ Յամալը բացահայտել է, թե ինչ է իրեն ասել Մեսսին եզրափակիչից հետո
10:41 Մերցը անհարմար դրության մեջ է հայտնվել Ալիևի հետ ասուլիսում՝ Բաքվում ռուս-գերմանական գաղտնի հանդիպման պատճառով
19:48 Լուսակունք գյուղում բնակելի տանը կից խոտածածկ տարածքում հրդեհ է բռնկվել
21:05 Բարի գալուստ, Իլհամ, Ռամիլ․ Հայաստանում ադրբեջանական անուններով ԱՁ-ներ են գրանցվել