Ուղիղ եթեր
copy image url
Մամուլ 4 տարի առաջ - 11:58 05-02-2022

Ղրիմի թաթարների «խաղաքարտը»․ Հայաստանի Հանրապետություն

«Հայաստանի Հանրապետություն» օրաթերթը փետրվարի 5-ի համարում գրել է, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանն Ուկրաինա կատարած այցի ընթացքում հանդիպել է Ղրիմի թաթարների պատվիրակությանը, որի առաջնորդն է Մուստաֆա Ջեմիլևը։ Էրդողանը հասկանում է, որ Ղրիմի թաթարների «խաղաքարտն» օգտակար կարող է լինել թե Ռուսաստանի, թե Ուկրաինայի հետ հարաբերություններում։ Էրդողանը պաշտպանում է Ղրիմի ինքնավարությունը Ուկրաինայի օգտին։ Բայց միաժամանակ Ղրիմի թաթարները Թուրքիայի համար կարող են «կամուրջ» դառնալ դեպի Ղրիմի թերակղզի։ Այսինքն՝ Թուրքիան դարձյալ չի մոռանում իր շահերը։

«Թուրքիայի ղեկավարը մշտապես տարբեր երկրներ իր այցելությունների ժամանակ պարտադիր հանդիպումներ է ունենում այդ երկրներում թուրքական համայնքների ներկայացուցիչների հետ։ Էրդողանը լավ է հասկանում, որ Ղրիմի թաթարների խաղաքարտն օգտակար կարող է լինել թե Ռուսաստանի, թե Ուկրաինայի հետ հարաբերություններում։

«Հասցեական լսարանի» ներկայացուցիչների հանդիպումներն ուղերձ են առ այն, որ ժամանակի ընթացքում արդյունավետ քաղաքականություն վարելու դեպքում համայնքը կարող է վառոդի դեր կատարել քաղաքական գործընթացներ ապահովելու համար։ Թեեւ տարբեր ժամանակներում, այդ թվում՝ Ուկրաինա վերջին այցելության ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ «Թուրքիան շարունակում է աջակցել Ուկրաինայի ինքնիշխանությանը եւ տարածքային ամբողջականությանը, ներառյալ Ղրիմը», սակայն չպետք է մոռանալ, որ Էրդողանը չի հրաժարվում Օսմանյան կայսրության ժառանգությունից։

Կիեւում Զելենսկու հետ համատեղ ճեպազրույցում Էրդողանը հայտարարել է, որ Ղրիմի թաթարները պատմական բարեկամության եւ համագործակցության կամուրջ են Ուկրաինայի եւ Թուրքիայի միջեւ։ Բայց միաժամանակ Ղրիմի թաթարները Թուրքիայի համար կարող են «կամուրջ» դառնալ դեպի Ղրիմի թերակղզի։ Դրան է ուղղված Ղրիմի թաթարների իրավունքները «պաշտպանելու» ձգտումը, ընդհուպ մինչեւ ինքնավարության ստեղծման երազանքը։

Ղրիմի մահմեդականների իրավունքների թեման ակտիվ են պահում թուրքական լրատվամիջոցները։ Այսպես, «Յենի Շաֆակ»-ը հունվարին անդրադարձել է թերակղզու մահմեդական բնակչությանը՝ նշելով, որ «Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակման դեպքում կտուժեն նաեւ Ղրիմի մահմեդականները, որոնք կազմում են ընդհանուր բնակչության 13 տոկոսը»։ Շարունակելով ներկայացնել իր «մտահոգությունները»՝ հոդվածի հեղինակը պնդում է, որ վերջիններս արդեն տուժել են 2014-ից հետո, քանի որ, ըստ նրա, «Ռուսաստանի կառավարությունը միտումնավոր ռուսներին վերաբնակեցրել է Ղրիմում՝ թաթարների հետ ուծացումը արագացնելու եւ «տարածաշրջանի դեմքը փոխելու» նպատակով։ Եվ, իհարկե, ամենահետաքրքիրը «Ղրիմի թաթարների գրեթե նոր արտաքսումը» կանխելուն ուղղված «խնդրի լուծման» տարբերակն է, որն առաջարկում է հոդվածագիրը, այն է՝ «Խերսոնի մարզում ինքնավարությունը, բնականաբար, հետագա ընդլայնմամբ»։

Երկու տարի առաջ, 2020 թ. հոկտեմբերին ուշագրավ հրապարակում է արել թուրքական «Haber7» ինտերնետային պորտալը. «Ըստ Էրդողանի՝ Ռուսաստանը 1783 թվականին անարդարացիորեն խլել է Ղրիմը Օսմանյան կայսրությունից, եւ այդ հողերը պետք է վերադարձվեն ժամանակակից Թուրքիային, որը կայսրության շարունակությունն է»։ Նմանատիպ նյութ էր հրապարակել նաեւ «Միլիեթ» թերթը՝ հավելելով, որ «Էրդողանը Ղրիմը չի համարում ռուսական, բայց նաեւ չի համարում, որ թերակղզին պատկանում է Ուկրաինային»։ Պաշտոնական հաղորդագրություններում ոչ այդ խոսքերի հաստատումը կա, ոչ էլ՝ վերոնշյալ լրատվամիջոցները ուղղակի մեջբերումներ էին կատարել, սակայն խնդիրն այս պարագայում ոչ այնքան պաշտոնական հաստատումն է, որքան իրական մտադրությունները։

Թուրքական մամուլում այդպիսի հրապարակումները, թեկուզ «ոչ պաշտոնական», պետական եւ հանրային տրամադրություններն ուսումնասիրող ուղերձներ են։ Նման լուրեր հայտնվել էին Ուկրաինայի նախագահի՝ Թուրքիա կատարած այցից հետո եւ մեծ աղմուկ էին բարձրացրել ռուսական լրատվական դաշտում։ Ի դեպ, Թուրքիան աջակցում է «Ղրիմի թաթար ժողովրդի մեջլիսին» (ՌԴ-ում արգելված կազմակերպություն), որը հետեւողականորեն հանդես է եկել Ղրիմի թերակղզին «Ղրիմի թաթարական էթնոկրատական պետության» վերածելու օգտին: Ղրիմի թաթարների ղեկավար ներկայացուցիչները հաճախակի են այցելություններ կատարում Թուրքիա, որտեղ անգամ կառավարական պարգեւներ են ստացել։ Սրանով թուրքական իշխանությունները փաստացի «խաղում են կրակի հետ», որն անկանխատեսելի հետեւանքներ կարող է ունենալ»։

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
20:45 «Ուժեղ Հայաստան»-ի գրանցումը ուժը կորցրած կամ անվավեր ճանաչելու ողջամիտ իրավական հնարավորություն առկա չէ․ փաստաբան
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
09:00 «Թավշյա» տեղահանություն և միլիարդների պետական շնորհ․ ինչպե՞ս է հարստանում «Ռենշինը» հարկատուների հաշվին
20:40 Թույլ չտալ Հայաստանի սպանություն. Անդրանիկ Թևանյանի հոդվածը ՔԿՀ-ից