Ուղիղ եթեր
copy image url
Ներքին 4 տարի առաջ - 21:27 19-01-2022

Արցախի նախագահն աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն է հրավիրել

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը հունվարի 19-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ օրենսդիր և գործադիր մարմինների պատասխանատուների մասնակցությամբ:

Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, իր խոսքում երկրի ղեկավարը մեկ անգամ ևս ընդգծել է, որ պետության առջև ծառացած մարտահրավերները հաղթահարելու համար անհրաժեշտ է բոլոր կարող ուժերի միավորում և այդ իմաստով շատ կարևոր է, որ խորհրդարանական ուժերի հետ, ընդհանուր առմամբ, կա փոխըմբռնում:

«Անկախ քաղաքական դիրքորոշումներից՝ ուրախ եմ, որ մեր պետական, ազգային հիմնախնդիրների շուրջ քաղաքական ուժերի մոտ ունենք միասին աշխատելու կամք ու համաձայնություն: Համոզված եմ՝ ինչպես խորհրդարանական, այնպես էլ արտախորհրդարանական ուժերի և հասարակական կազմակերպությունների հետ ձևավորված աշխատանքային դրական մթնոլորտը միմիայն օգնելու է առկա մարտահրավերներին դիմակայելու և ստեղծված ծանր իրավիճակից հաջողությամբ դուրս գալու ջանքերին»,- ասել է նախագահը:

Անդրադառնալով գործադիր-օրենսդիր համագործակցությանը՝ նախագահ Հարությունյանը նշել է, որ արդյունավետության բարձրացման խնդիր է տեսնում և հանձնարարել է կառավարության անդամներին դրսևորել ավելի բարձր պատասխանատվություն ու համագործակցայնություն: Բացի նշվածից՝ Նախագահը նախարարներին հանձնարարել է նաև պետական տարբեր ծրագրեր կյանքի կոչելուց առաջ քննարկումներ իրականացնել քաղաքական ուժերի և հանրային տարբեր շրջանակների հետ:

«Հանրության հետ պարբերական շփումները, բնակչության դիմումներին ու խնդիրներին պատշաճ արձագանքը և կանոնավոր ընդունելությունները, թափանցիկ գործելաոճը պետք է լինեն ձեր աշխատանքի անբաժանելի մաս, հակառակ դեպքում զբաղեցրած պաշտոնից ազատելու որոշում եմ կայացնելու»,- դիմելով գործադիրի անդամներին նշել է Ա. Հարությունյանը:

Հանրապետության նախագահի խոսքերով՝ սահմանադրական հնարավոր բարեփոխումների առաջարկը դեռևս անցած տարվա կեսից խորհրդակցությունների մակարդակով քննարկել է խորհրդարանական բոլոր ուժերի հետ, սակայն հայեցակարգի ընդունման և հանրաքվեի կազմակերպման համար ճանապարհային քարտեզ ունենալու հարցերը պետք է դեռ քննարկվեն:

«Կարևորը՝ կա գիտակցում, որ սպասվող փոփոխությունները պետք է հաշվի առնեն հնարավոր ներքին ու արտաքին բոլոր ռիսկերն ու առանձնահատկությունները և պետք է ուղենշեն այն ճանապարհը, որը մեզ չի շեղելու մեր պետականակերտման գաղափարից»,- ասել է նախագահ Հարությունյանը:

Հանդիպման ընթացքում ծավալվել է շահագրգիռ քննարկում՝ պետական կառավարման համակարգի արդյունավետության բարձրացման, պետական միջոցների ծախսման նկատմամբ վերահսկողական մեխանիզմների խստացման, անվտանգային միջավայրի բարելավման և ներքին ու արտաքին մարտահրավերներին վերաբերող այլ հարցերի շուրջ:

Ամենից շատ դիտված

23:49 Սա ստոր հերյուրանք է և քաղաքական պատվեր. Սողոմոնյանը՝ «Ուժեղ Հայաստանի» գրանցումը չեղարկելու փորձի մասին
11:38 Ծաղկունքը շոկի մեջ է․ գայլերը 300-ից ավելի ոչխար ու գառ են հոշոտել
16:45 Վրաստան-Հայաստան անցակետում մեծ կուտակումներ են, գալիս են քվեարկելու
22:48 Ժողովրդավարության նկատմամբ ոտնձգություն, այն էլ ընտրություններից 2 օր առաջ. Արման Թաթոյան
16:59 Ահազանգ․ 33/50 տեղամասում 3-րդ համարի քվեաթերթիկների տրցակը բացակայում է, ասում են՝ չեն ստացել
16:11 Պուտինը բաց թողեց իր համար այս ձախողված պատերազմից դուրս գալու հնարավորությունը. Սիբիհա
10:25 Իրանը 7 բալիստիկ հրթիռ է արձակել Քուվեյթի և Բահրեյնի ուղղությամբ
13:04 Ձերբակալվել է «Ապրելու երկիր»-ի քաղաքական խորհրդի անդամ Արթուր Աստոյանը. Մանե Թանդիլյան
19:03 Զարուհի Փոստանջյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել
14:17 Ուկրաինան և Ռուսաստանը «185-ը 185-ի դիմաց» ձևաչափով գերիների փոխանակում են անցկացրել