Ձմեռային տոներին ընդառաջ «Ավրորա» մարդասիրական նախաձեռնությունը եւ ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակը նախաձեռնել են Սուրբծննդյան տոնավաճառ՝ համատեղ ջանքերով օգնելու կարիքի մեջ հայտնված մարդկանց:
Այս մասին հայտնում են IDeA հիմնադրամից՝ նշելով, որ Միջոցառման հիմնական գործընկերն է «Թովմասյան» բարեգործական հիմնադրամը։
Մեկտեղ նշվում է, որ տոնավաճառին մասնակցությունը լավ առիթ է գնահատելու բարի գործն ու առաջ մղելու բարությանը բարությամբ պատասխանելու սովորությունը՝ աջակցելով «Ավրորայի» եւ Հայաստանում ՄԱԿ-ի ծրագրերին:
Ստացված ամբողջ հասույթն ուղղվելու է աշխարհի տարբեր անկյուններում դժվարին պայմաններում հայտնված մարդկանց կյանքը բարեփոխելու ծրագրերին, որոնք տառապում են հակամարտությունների, մարդկության դեմ իրագործվող հանցագործությունների կամ մարդու իրավունքների այլ լուրջ խախտումների հետեւանքով:
Սուրբծննդյան տոնավաճառը տեղի կունենա 2021 թ. դեկտեմբերի 12-ին՝ կիրակի, 10:00-20:00-ն, «Դվին» համերգասրահում (Պարոնյան 40, Երեւան, Հայաստան): Ուրախ մթնոլորտն ու ապրանքների լայն տեսականին՝ գրքեր, խաղալիքներ, հուշանվերներ, բացիկներ, ձեռագործ աշխատանքներ, զարդեր եւ այլն, ինչպես նաեւ տոնական ուտեստներն ու ըմպելիքները, Սուրբծննդյան տոնավաճառը ժամանցի յուրահատուկ վայր կդարձնեն ողջ ընտանիքի համար: Մուտքն ազատ է բոլորի համար։ Միջոցառումը կանցկացվի՝ պահպանելով հակահամաճարակային կանոնները, ներառյալ՝ դիմակների կրումն ու սոցիալական հեռավորության ապահովումը: