Առաջարկում եմ արգելել վերջին 2 տարում անվանափոխված կուսակցությունների մասնակցությունն ընտրություններին:
Առաջարկը ԱԺ նիստի ժամանակ հնչեցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Թագուհի Ղազարյանը:
«Գործող կարգավորումն այնպես է գրված, որ ընտրություններից մի քանի օր առաջ, գրանցումից երեք օր առաջ ստեղծված կուսակցությունները կարող են մասնակցել ընտրություններին։ Քանի որ մենք չենք նախատեսել ընտրությունների այդպիսի սցենար, կանխարգելող նորմ չենք գրել»,- ասել է Ղազարյանը։
Ըստ պատգամավորի՝ տարիներ շարունակ գործող կուսակցությունների ֆինանսական շարժը վերահսկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, մինչդեռ ընտրություններից առաջ հասարակական, բարեգործական կամ այլ կազմակերպությունների հիմքի վրա ձևավորված նոր կուսակցությունների նախկին ֆինանսական գործունեության նկատմամբ նման վերահսկողություն չի իրականացվում։
«Հին կուսակցությունների ֆինանսական շարժը վերահսկվում է Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի կողմից, բոլորը կարող են տեսնել այն։ Մինչդեռ նոր կուսակցությունների ֆինանսական շարժի մասին ոչինչ հայտնի չէ։ Մեր նախորդ ընտրությունների փորձառությունը ցույց տվեց, որ այդ կուսակցությունները հիմնվում են որպես բարեգործական, հասարակական կամ այլ տիպի կազմակերպություններ, որոնց ֆինանսական շարժի նկատմամբ նման վերահսկողություն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը չի կարող իրականացնել»,- ասաց պատգամավորը։
Ղազարյանի գնահատմամբ՝ արդեն գոյություն ունեցող կուսակցությունների անվանափոխմամբ ընտրություններին մասնակցելու հնարավորությունը ևս խնդիրներ է առաջացնում։
«Ընտրությունների ընթացքում կուսակցությունների կնիքները, այսպես ասած, վարձով տրամադրելու պրակտիկան նոր չէ։ Մենք տեսել ենք, որ դրանք գործնականում գործող կուսակցություններ չեն և քաղաքական համակարգը դեֆորմացնելուն միտված երևույթներ են: Այս կապակցությամբ միակ գաղափարը, որ կարող եմ առաջարկել, այն է, որ մենք առնվազն վերջին երկու տարում անվանափոխություն ունեցած կուսակցություններին նույնպես արգելենք մասնակցել ընտրություններին, որպեսզի մարդիկ իրենց քաղաքական գործունեությամբ մասնակցեն քաղաքականությանը, ոչ թե մախինացիաներով»,- նշեց Թագուհի Ղազարյանը: