Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Կառավարությունը երեկ հավանություն տվեց «Պետական պաշտոններ և պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններին, և փաստաթղթից պարզ է դառնում՝ իշխանությունը որոշել է պետական բյուջեի հաշվին էականորեն թանկացնել առաջին հերթին հենց բարձրաստիճան պաշտոնյաների աշխատանքը։
Նախագծով վարչապետ Նիկոլ Փաշինյանի պաշտոնային դրույքաչափի գործակիցը 19-ից դառնում է 32։ 83 հազար 200 դրամ բազային աշխատավարձի պայմաններում վարչապետի աշխատավարձը կհասնի 2 մլն 662 հազար 400 դրամի։
Նույն՝ 2 մլն 662 հազար դրամի սահմանագծին է հասնում նաև Հանրապետության նախագահի աշխատավարձը։
Փոխվարչապետների աշխատավարձը նախատեսվում է հասցնել 2 մլն 163 հազար դրամի, նույնքան կստանան նախարարներն ու վարչապետի աշխատակազմի ղեկավարը։
Նախարարի աշխատավարձը, ըստ ներկայացված հաշվարկի, գործող 998 հազար դրամից ավելի քան կրկնապատկվում է։
ԱԺ նախագահը կստանա մոտ 2 մլն 496 հազար դրամ, փոխնախագահը՝ 2 մլն 163 հազար, պատգամավորը՝ 1 մլն 497 հազար 600 դրամ։
Մարզպետի աշխատավարձը 832 հազարից դառնում է շուրջ 1 մլն 498 հազար դրամ, նախարարի տեղակալինը՝ 707 հազարից՝ 1 մլն 414 հազար դրամ։
Եվ սա այն Հայաստանում, որտեղ, Ազգային վիճակագրական կոմիտեի վերջին հրապարակված տվյալներով, բնակչության 21.7 տոկոսն աղքատ է։
Համեմատության համար՝ կառավարության իսկ ծրագրային հաշվարկով 2026 թվականին միջին կենսաթոշակը պետք է կազմեր մոտ 68 հազար դրամ։ Այսինքն՝ վարչապետի նոր՝ 2 մլն 662 հազար դրամ աշխատավարձը հավասար է մոտ 39 միջին կենսաթոշակի։ Միայն վարչապետի աշխատավարձի ամսական շուրջ մեկ միլիոն դրամանոց աճով կարելի է վճարել մոտ 16 այդպիսի միջին կենսաթոշակ։
Ավելին՝ 2026 թվականին պետությունն անապահովության նպաստ ստանալու համար մեկ հաշվարկային անդամի եկամտի սահմանային շեմ է սահմանել ընդամենը 35 հազար 875 դրամ։ Այսինքն՝ վարչապետի մեկ ամսվա նոր աշխատավարձը ավելի քան 74 անգամ գերազանցում է այդ շեմը։
Իսկ կրթության ոլորտում պատկերը առավել խոսուն է։ Հանրակրթական հաստատությունների պաշտոնական հաստիքացուցակներում կարելի է հանդիպել 117 հազար 520 դրամ դրույքաչափով գրադարանավարի հաստիքի։ Վարչապետի նոր աշխատավարձը այդ գումարից ավելի քան 22 անգամ մեծ է։
Ուսուցիչների դեպքում իշխանությունը տարիներ շարունակ աշխատավարձի էական աճը կապում է կամավոր ատեստավորման, համապատասխան արդյունք ցույց տալու և հավելավճար ստանալու մեխանիզմների հետ։ Այսինքն՝ ուսուցիչը բարձր աշխատավարձ ստանալու համար պետք է քննություն հանձնի, ապացուցի իր մասնագիտական կարողությունները և համապատասխան արդյունք գրանցի»։
Մանրմասները՝ թերթի այսօրվահամարում։