copy image url
Ներքին Միտք 1 շաբաթ առաջ - 11:27 27-08-2026

Զելենսկիի աջակցությունը պետք է ոչ թե ոգևորի, այլ սթափեցնի մեզ․ Սուրենյանց

Եթե Նիկոլ Փաշինյանի պատկերացրած եվրոպական ճանապարհը ենթադրում է Զելենսկիի անցած ճանապարհի կրկնություն՝ պետության վերածում մեծ տերությունների հակամարտության թատերաբեմի, ապա դա պատմություն է ոչ թե եվրաինտեգրման, այլ վտանգավոր արկածախնդրության մասին։ Այս մասին գրել է քաղաքագետ, «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ Սուրեն Սուրենյանցը։

«Հայաստանը չպետք է դառնա երկրորդ Ուկրաինա․
«Հայ ժողովուրդը վստահորեն շարժվում է ԵՄ-ի հետ կապերի սերտացման ուղով, և Ուկրաինան պատրաստ է օգնություն ցուցաբերել իր հնարավորությունների սահմաններում»,- հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Սա, թերևս, այն դեպքերից է, երբ պետք է ցանկանալ, որ Զելենսկին հնարավորինս քիչ «օգնի» Հայաստանին և, առհասարակ, մեր երկիրը չդիտարկի ուկրաինական փորձի տարածման հերթական հասցե։

ԵՄ-ի հետ քաղաքական ու տնտեսական կապերի զարգացումը, եվրոպական շուկաների հասանելիությունը, ներդրումները, տեխնոլոգիական համագործակցությունն ու ինստիտուցիոնալ բարեփոխումները կարող են և պետք է լինեն Հայաստանի արտաքին քաղաքականության կարևոր ուղղություններից մեկը։
Խնդիրը ուկրաինական մոդելն է։

Այդ մոդելի գլխավոր վտանգն աշխարհաքաղաքական կոշտ ընտրության տրամաբանությունն է, որի պայմաններում պետությունը հայտնվում է մեծ տերությունների հակամարտության թիրախում։

Ուկրաինայի դեպքում դրա հետևանքները ողբերգական են՝ պատերազմ, մարդկային ահռելի կորուստներ, ավերված քաղաքներ, միլիոնավոր տեղահանվածներ և մեծ կախվածություն՝ արտաքին աջակցությունից:
Հայաստանն իրավունք չունի կրկնելու այդ ճանապարհը։
Առավել ևս, որ մեր մեկնարկային պայմաններն անհամեմատ ավելի խոցելի են։

Հայաստանը փոքր երկիր է՝ սահմանափակ ժողովրդագրական, տնտեսական և ռազմական ռեսուրսներով, բարդ անվտանգային միջավայրով, Թուրքիայի ու Ադրբեջանի անմիջական հարևանությամբ։ Նման պայմաններում Հայաստանը աշխարհաքաղաքական դիմակայության նոր հարթակի վերածելը պետականության համար չափազանց վտանգավոր արկածախնդրություն է:

Հետևաբար, Հայաստանի իրական ընտրությունը «Ռուսաստան, թե Եվրոպա» պարզունակ երկընտրանքը չէ։
Պետական շահը պահանջում է խորացնել հարաբերությունները ԵՄ-ի և ԱՄՆ-ի հետ՝ առանց քանդելու Ռուսաստանի հետ հարաբերությունները, որոնցից այսօր կախված են Հայաստանի տնտեսության, էներգետիկայի ու անվտանգության կարևոր բաղադրիչներ։

Մինչդեռ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականության մեջ գնալով ավելի տեսանելի է դառնում հենց բևեռացման վտանգավոր տրամաբանությունը։

Հայաստանը եվրոպական ինտեգրման ճանապարհին առաջ շարժվելու հայտ է ներկայացնում՝ միաժամանակ մնալով ԵԱՏՄ անդամ և պահպանելով Ռուսաստանից տնտեսական մեծ կախվածությունը։
Նման իրավիճակը պահանջում է չափազանց զգույշ և հաշվարկված քաղաքականություն։
Այս համատեքստում Զելենսկիի աջակցությունը պետք է ոչ թե ոգևորի, այլ սթափեցնի մեզ։

Ուկրաինայի ողբերգական փորձը Հայաստանի համար ընդօրինակման օրինակ չէ։ Այն նախազգուշացում է, թե ինչպիսի ծանր հետևանքների կարող է հանգեցնել պետության հայտնվելը խոշոր աշխարհաքաղաքական հակամարտության կիզակետում։

Հայաստանի եվրոպական հեռանկարի մասին կարելի է և պետք է քննարկել։ Պետք է զարգացնել հարաբերությունները Բրյուսելի հետ, իրականացնել անհրաժեշտ բարեփոխումներ, ներգրավել ներդրումներ ու տեխնոլոգիաներ, ընդլայնել Հայաստանի արտաքին քաղաքական հնարավորությունները։ Բայց այդ ամենը չպետք է Հայաստանը վերածի արևմտյան էլիտաների հակառուսական քաղաքականության ֆորպոստի:
Եթե Նիկոլ Փաշինյանի պատկերացրած եվրոպական ճանապարհը ենթադրում է Զելենսկիի անցած ճանապարհի կրկնություն՝ պետության վերածում մեծ տերությունների հակամարտության թատերաբեմի, ապա դա պատմություն է ոչ թե եվրաինտեգրման, այլ վտանգավոր արկածախնդրության մասին»:

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
13:29 Ադրբեջանցի դպրոցականներին սովորեցնում են, որ Հայաստանը իրենց «պատմական հողն է». Հայրապետյան
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում

Ձեզ գուցե հետաքրքրի