copy image url
Մամուլ 38 րոպե առաջ - 08:52 22-08-2026

«Հրապարակ». ՔՊ-ում մի ստվար հատված կողմ չի եղել «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուներին մերժելու որոշմանը

«Հրապարակ» թերթը գրում է. «Իշխող թիմում միանշանակ չեն ընդունել «Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուներին մերժելու որոշումը: ՔՊ-ն, հիշեցնենք, նախօրեին չընտրեց ԱԺ ֆինանսավարկային և բյուջետային, տարածքային կառավարման և շրջակա միջավայրի, եվրոպական ինտեգրման հանձնաժողովների նախագահներին:

Առաջադրվել էին «Ուժեղ Հայաստանից»` համապատասխանաբար Հայկ Ֆարմանյանը, Դավիթ Ղազինյանը և Արեգա Հովսեփյանը: Մի քանի օրվա քննարկումներից հետո իշխանականները չընտրեցին ընդդիմադիր թեկնածուներին՝ պատճառաբանելով, թե անձերն են խնդիրը` թեկնածուներին չեն հավանել: Մինչդեռ ՔՊ-ում մի ստվար հատված կողմ չէ այդ մոտեցմանը:

Մեզ ասացին, որ, անկախ թեկնածուների ով լինելուց, իրենք պետք է հարգեին սահմանադրության նորմը: Ավելին` մեր աղբյուրների փոխանցմամբ, խնդիրը ոչ թե ընդդիմադիր թեկնածուներն են եղել, այլ իշխանական նախագահացուները, որոնք պետք է հիշյալ հանձնաժողովների նախագահ դառնային: Նրանցից մեկը, օրինակ, Փաշինյանի քավորի եղբայր Վահե Ղալումյանն է, որը, ասում են, ծանր է տարել, որ զրկվել է տարածքայինի նախագահի պաշտոնից և իր մտերիմների հետ լոբբինգ է արել ընդդիմադիրների դեմ, որ չքվեարկեն հօգուտ նրանց, և հանձնաժողովի նախագահի պաշտոնն անցնի ՔՊ-ին, այսինքն` իրեն:

Մյուսն էլ սորոսականների կարկառուն ներկայացուցիչ Սոնա Ղազարյանն է, որը պետք է դառնար եվրաինտեգրման հանձնաժողովի նախագահ: Սորոսական թևը ոչ մի կերպ չի ուզում այս հանձնաժողովը զիջել ռուսամետներին: Նրանք էլ հույս ունեին, որ կտապալեն նախագահի ընտրությունը, «ուժեղներն» այլևս թեկնածու չեն առաջադրի, և իշխանական փոխնախագահները դե ֆակտո կնախագահեն»։