copy image url
Մամուլ 35 րոպե առաջ - 08:56 21-08-2026

«Հրապարակ». Դատավորին կաշառք առաջարկելու համար կալանավորել են

«Հրապարակ» թերթը գրում է. ««Հրապարակ»-ի տեղեկություններով՝ վերջերս սկանդալային դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզի դատարանում։ Դեպքն առանչվում է դատարանի կին դատավորներից մեկին, որը քննել է մի քաղաքացու` Գուրգեն Մովսիսյանի վերաբերյալ քրեական գործը։ Վերջինիս մեղադրանք է առաջադրված 2022 թվականին Տիգրան Սարգսյանի և այլ անձանց նկատմամբ հրազեն կիրառելու, ինչպես նաև բնակարան ապօրինի մուտք գործելու, կրակելու և այլ արարքների համար։

Մեր տեղեկություններով՝ գործի քննության ընթացքում դատավորին խոշոր չափի կաշառք է առաջարկվել՝ Գուրգեն Մովսիսյանի նկատմամբ արդարացման դատավճիռ կայացնելու համար։ Կաշառքը, ըստ տեղեկությունների, առաջարկել է մեղադրյալի հայրը՝ Հարություն Մովսիսյանը։ Դատավորը գումարը չի վերցրել և այդ մասին հաղորդում է ներկայացրել իրավապահներին։

Դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում Հարություն Մովսիսյանին մեղադրանք է ներկայացվել դատավորին կաշառք առաջարկելու համար: Նա կալանավորվել է»։