Արագածոտնի թեմի միասնական ժամերգությունը կատարվեց Ավան գյուղի 5-րդ դարի խոնարհված Սուրբ Աստվածածին եկեղեցում։ Ժամերգության ընթացքում հավատացյալները աղոթեցին Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու անսասանության, Գարեգին Երկրորդ-ի, թեմի առաջնորդ Մկրտիչ եպիսկոպոս Պռոշյանի, Հայաստանի խաղաղության, հայ ժողովրդի բարօրության և գերության մեջ գտնվող հայրենակիցների համար։
Ժամերգության ընթացքում Տեր Ղևոնդ քահանա Գափոյանը նշեց, որ թեև եկեղեցին խոնարհված է, սակայն շարունակում է բաց մնալ յուրաքանչյուրի համար, ով փնտրում է Աստծուն։ Նա նաև ընդգծեց, որ ամուր ընտանիքը՝ կառուցված հնազանդության, սիրո և խոհեմության վրա, ուժեղ պետության հիմքն է։
Քահանան հավատացյալներին կոչ արեց արթուն հավատքով ապրել և չկորցնել այն պահերը, երբ Աստված հնարավորություն է տալիս հանդիպելու Իր հետ։