«Մուլտի Ռեստ Հաուս»-ում բացահայտվել է շուրջ 78 մլն դրամի թաքցված հարկային պարտավորություններ
ՊԵԿ Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչություն օպերատիվ տեղեկություններ էին ստացվել այն մասին, որ Ծաղկաձոր քաղաքում հյուրանոցային ծառայությունների և հանրային սննդի մատուցման գործունեություն իրականացնող ընկերությունը թաքցնում է վճարման ենթակա հարկերի իրական ծավալները: Հարկեր չվճարելու նպատակով ՊԵԿ ներկայացվող եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական, ինչպես նաև ավելացված արժեքի հարկի և ակցիզային հարկի միասնական հաշվարկներում, ընկերության կողմից, մտցվում են խեղաթյուրված տվյալներ՝ աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցների իրական չափերի, ինչպես նաև իրացման իրական շրջանառության վերաբերյալ։
Ձեռնարկված ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում պարզվել է, որ ընկերությունը 2023-2026 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացվող հարկման համար հիմք հանդիսացող հաշվարկներում աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցների և իրացման շրջանառության վերաբերյալ առերևույթ խեղաթյուրված տվյալներ մտցնելու՝ իրական չափերը չնշելու միջոցով չի հաշվարկել և չի վճարել ընդհանուր շուրջ 78,4 մլն ՀՀ դրամի հարկեր և վճարներ։
Մասնավորապես, ընկերության կողմից 2023-2026 թվականների ընթացքում հարկային մարմին ներկայացված եկամտային հարկի և սոցիալական վճարի ամսական հաշվարկներում աշխատողների վարձատրությանն ուղղվող միջոցները նշվել է շուրջ 190,2 մլն ՀՀ դրամ, մինչդեռ ստացված տեղեկություններով՝ նույն ժամանակահատվածում այն կազմել է ավելի քան 340,4 մլն ՀՀ դրամ։
Բացի այդ պարզվել է, որ 2026 թվականի հունվարի 1-ից մինչև 2026 թվականի հունիսի 15-ն ընկած ժամանակահատվածում ընկերության կողմից հանրային սննդի ծառայությունների մատուցման իրական շրջանառությունը կազմել է շուրջ 237,5 մլն ՀՀ դրամ, մինչդեռ ընկերության ֆիսկալային հասույթը նույն ժամանակահատվածում կազմել է մոտ 136,5 մլն դրամ։
Օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում ՀՀ քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածով նախատեսված առերևույթ հանցանքի վերաբերյալ հաղորդում է ներկայացվել ՀՀ քննչական կոմիտեի տնտեսական հանցագործությունների և մաքսանենգությունների քննության գլխավոր վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ։