Ղրիմի Յալթա քաղաքում էլեկտրաէներգիայի հաճախակի անջատումների պատճառով սկսել են բացօթյա խոհանոցներ տեղադրել։ Այդ մասին հայտնել են Ռուսաստանի կողմից նշանակված քաղաքային իշխանությունները։
Նրանց տվյալներով՝ բացօթյա խոհանոցները տեղադրվում են այն բազմաբնակարան շենքերի հարևանությամբ, որոնք գազամատակարարում չունեն և չեն կարող սնունդ պատրաստել էլեկտրաէներգիայի բացակայության պայմաններում։
Բացի այդ, քաղաքային վարչակազմը հայտարարել է, որ բանակցություններ է վարում տեղական սննդի կետերի և բիզնեսների հետ, որպեսզի բնակիչների համար հնարավոր լինի սնունդ պատրաստել ինքնարժեքով։
Յալթան դարձել է Ղրիմի առաջին քաղաքը, որտեղ էլեկտրաէներգիայի անջատումների պայմաններում կազմակերպվել են նման բացօթյա խոհանոցներ։