Եթե «Առինջ մոլի» տարածքում իսկապես բարձրավոլտ գծի կամ այլ անվտանգության խնդիր լիներ, այն տարիներ շարունակ չէր մնա աննկատ, իսկ համապատասխան մարմինները վաղուց կարձագանքեին։
Այս մասին
Oragir.News-ի հետ զրույցում ասել է էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետ Արմեն Մանվելյանը՝ անդրադառնալով «Առինջ մոլի» տարածքի վերաբերյալ Քննչական կոմիտեի ներկայացրած եզրակացությանը։
ՀՀ քննչական կոմիտեի փոխանցմամբ՝ քրեական վարույթի շրջանակում իրականացված համալիր փորձաքննությամբ պարզվել է, որ Աբովյան համայնքի Առինջ գյուղում գտնվող 3.5 հա հողամասը փաստացի համընկնում է 110 կՎ լարման էլեկտրահաղորդման գծի զբաղեցրած և անվտանգության համար նախատեսված հողամասի հետ։
ՔԿ-ն հայտնել էր նաև, որ տարածքում առկա որոշ ինքնակամ կառույցներ, ավտոկայանատեղին և առևտրային տաղավարների մի մասը գտնվում են բարձր լարման էլեկտրահաղորդման գծերի անվտանգության գոտիներում, ինչպես նաև Երևան-Աբովյան երկաթուղային գծի պաշտպանական գոտում։ Անվտանգության նկատառումներով վարույթն իրականացնող մարմինը կնքել է նշված հատվածները։
Անդրադառնալով այս հիմնավորումներին՝ Արմեն Մանվելյանը նշել է, որ նման խնդիրները պետք է հայտնաբերվեին և բարձրաձայնվեին շատ ավելի վաղ։
«Ինձ թվում է՝ մասնագետի կարիք էլ չկա։ Պարզ է, որ եթե ինչ-որ բարձրավոլտի և նման խնդիր լիներ, առաջին օրը չէ, որ դա պետք է նկատեին։ Քանի տարի է այդ տարածքը գոյություն ունի, նոր է նկատվում։ Եթե նման բան լիներ, նախօրոք պետք էր հետազոտել»,- ասել է նա։
Նա ընդգծել է, որ եթե տարածքը վտանգավոր լիներ, այդ հանգամանքը կանդրադառնար նաև աշխատակիցների վրա։
«Եթե այնտեղ խնդիր լիներ, պարզ է, որ աշխատողները կհասկանային, որ անվտանգության հարց կա, և չէին ցանկանա աշխատել, այդ պայմաններում, բայց, քանի որ աշխատել են, նշանակում է ոչ մի խնդիր էլ չի եղել»,- ասել է Մանվելյանը։
Փորձագետը նաև նշել է, որ նման հարցերը պետք է գնահատվեին դեռևս կառուցապատման փուլում։
«Եթե նման տարածքում շինարարությունը իրականում վտանգ էր ներկայացնում, դա պետք է ի սկզբանե գնահատվեր։ Եթե շնարարության գոտում դեռ կան վտանգներ, թույլ չի տրվում, այն: Եթե իրականացվել է, նշանակում է՝ կամ ի համապատասխան վտանգ չկա, կամ համապատասխան հեռավորության վրա վտանգ չի ներկայացնում, կամ ինչ-որ նորմեր են պահպանված, որոնք անհրաժեշտ են»,- ասել է նա։
Անդրադառնալով Քննչական կոմիտեի կողմից ներկայացված հիմնավորումներին՝ Մանվելյանը նշել է, որ դրանք, իր կարծիքով, բավարար հիմք չունեն։
«Տված ոչ մի հիմնավորում չունի գործողություն, ամբողջը քաղաքական հիմնավորում ունի, այլ ոչ թե բարձրավոլտ և այլն։ Մարդուն վնաս հասցնելու, մաքսիմալ վնաս հասցնելու պատճառաբանություններ են։ Մի անգամ բարձրավոլտ է, երկրորդ անգամ՝ ենթագիծ է մոտ գտնվում կամ մետրոյին է մոտ գտնվում։ Տարբեր պատճառաբանություններ են գտնում, որպեսզի հնարավորինս մաքսիմալ վնաս դարձնեն»,- ասել է նա։
Մանվելյանի խոսքով՝ եթե շինարարության կամ տարածքի օգտագործման հետ կապված խախտումներ լինեին, համապատասխան մարմինները վաղուց պետք է արձագանքած լինեին։
«Եթե խախտված լիներ, այսինքն՝ առանց թույլտվության կառուցելու, համապատասխան մարմինը ինքը վաղուց բողոքարկած կլիներ, կառավարությանը, իշխանություններին կդիմեր և շատ վաղուց կանգ կառներ»,- նշել է նա։
Խոսելով հարցի հնարավոր քաղաքական ենթատեքստի մասին՝ էներգետիկ անվտանգության հարցերով փորձագետը հավելել է․ « Ակնհայտ է, որ այս հարցը քաղաքական է: Հիմա սեփականությունը խլելու կամ արգելելու հարց է առաջ գալիս։ Մնացածը հորինված է, տեղում հորինում են տարբեր պատճառաբանություններ»։