«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի պաշտոնում նախատեսվում է նշանակել ներկայիս ՆԳ նախարարի տեղակալ Դավիթ Համբարյանին։ Նա երկարամյա փորձ ունի պետական կառավարման, տեղական ինքնակառավարման, կրթության և մասնավոր ոլորտում։ Տարբեր տարիներին աշխատել է ՀՀ նախագահի աշխատակազմում, «Հայփոստ»-ում, «Օրանժ Արմենիա»-ում, «Յուքոմ»-ում, «Դասավանդիր Հայաստան» հիմնադրամում, եղել է Երևանի քաղաքապետարանի գլխավոր քարտուղարը, իսկ 2023 թվականի հունվարից զբաղեցնում է ՆԳ նախարարի տեղակալի պաշտոնը։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Հինգ տարի դատարանում քննվող «Թոխմախի Մհերի»՝ Մհեր Սեդրակյանի դեմ հարուցված քրեական գործը կրկին ընթացքի մեջ է։ Գործի քննությունը կասեցվել էր դատաշինարարատեխնիկական փորձաքննության նշանակման պատճառով, սակայն եզրակացությունն արդեն ստացվել է, և դատարանը վերսկսել է քննությունը։ Ըստ մեղադրանքի՝ Սեդրակյանը, Էրեբունի համայնքի ղեկավար եղած տարիներին, չարաշահել է պաշտոնեական լիազորությունները՝ համայնքին պատճառելով էական վնաս։ Միաժամանակ նրա ընտանիքի անունը վերջին շրջանում շրջանառվում է նաև ՔՊ-ի նախընտրական շտաբների անվճար տրամադրված տարածքների և ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վարույթի համատեքստում։
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. Նոր գումարման Ազգային ժողովում ՔՊ-ական պատգամավոր Գագիկ (Գուրգեն) Մելքոնյանը չի լինի, քանի որ կուսակցության ընտրական ցուցակում զբաղեցնում էր 149-րդ հորիզոնականը։ Նրա պատգամավորական գործունեությունն ուղեկցվել է աղմկահարույց հայտարարություններով ու սկանդալներով, այդ թվում՝ Տավուշի գյուղերի վերաբերյալ մեկնաբանություններով, ինչպես նաև որդու պաշտոնանկության և ընտանիքի անդամների հետ կապված միջադեպերով։ Միաժամանակ, 2021-2025 թվականների հայտարարագրերը ցույց են տալիս, որ նրա հիմնական անշարժ գույքը գրեթե չի փոխվել, սակայն պաշտոնական եկամուտները զգալի աճել են՝ շուրջ 6 մլն դրամից հասնելով ավելի քան 13 մլն դրամի, իսկ կանխիկ միջոցների մի մասը տեղափոխվել է բանկային հաշիվներ։