Իսրայելական զինվորականներն առանց ավելորդ աղմուկի, սակայն արագ տեմպերով հսկայական հողային պատնեշ են կառուցում, որն անջատում է իրենց վերահսկողության տակ գտնվող Գազայի հատվածի ավելի քան 50% տարածքը անկլավի մնացած մասից:
Ըստ անկախ արբանյակային լուսանկարների տվյալների՝ դա ավելի է ամրապնդում պաղեստինյան փոքր տարածքի պառակտումը, հայտնում է Associated Press-ը:
Վերջին ամիսների ընթացքում կառուցվել է ավելի քան 23 կիլոմետր երկարությամբ ամրություններ, որոնք անցնում են իսրայելական բանակի ավերած պաղեստինյան բնակավայրերով: Դա գերազանցում է ափամերձ գոտու ամբողջ երկարության կեսը, որի ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 40 կիլոմետր, լայնությունը՝ մինչև 11 կիլոմետր, իսկ բնակչությունը գերազանցում է 2 միլիոն մարդը:
Արբանյակային լուսանկարներին ծանոթանալուց հետո Իսրայելի պաշտպանության բանակը Associated Press-ին հաստատել է «դեղին գծի» շրջանում ֆիզիկական պատնեշի կառուցման փաստը. դա այն սահմանն է, որտեղ իսրայելական զորքերը հետ են քաշվել ՀԱՄԱՍ-ի հետ հոկտեմբերյան հրադադարի համաձայնագրի շրջանակում: ԱՄՆ աջակցությամբ մշակված փաստաթղթում այդ գիծը դիտարկվում էր որպես տարածքի ժամանակավոր սահմանազատում՝ մինչև իսրայելական զորքերի ամբողջական դուրսբերումը: