copy image url
Ներքին 1 ժամ առաջ - 21:00 15-07-2026

«88»-ի շուրջ նոր աղմուկ․ 33 խախտում, ժամկետանց ապրանքներ. ընկերության արձագանքը

Մերի Հակոբյան

Լրագրող

Վերջին ամիսներին «88» սուպերմարկետների ցանցը շարունակում է մնալ հանրային ուշադրության կենտրոնում։ Ամիսներ առաջ այս ցանցի շուրջ քննարկումներ էին ծավալվել սեփականատիրոջ վերաբերյալ շրջանառվող տեղեկությունների և Աննա Հակոբյանի անվան հետ կապվող հրապարակումների պատճառով, որոնք թե՛ «88»-ի ղեկավարության, թե՛ Աննա Հակոբյանի կողմից հերքվել էին։ Այս անգամ ցանցը հայտնվել է ուշադրության կենտրոնում Երևանի քաղաքապետարանի կողմից արձանագրված վարչական իրավախախտումների պատճառով։

Հուլիսի 14-ին Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի հասարակական կարգի պահպանության ծառայությունը վերահսկողական միջոցառում է իրականացրել «88» սուպերմարկետների ցանցի առևտրային օբյեկտներից մեկում, որի արդյունքում արձանագրվել է 33 վարչական իրավախախտում։

Քաղաքապետարանի հաղորդմամբ՝ արձանագրված խախտումներից 16-ը վերաբերել են պիտանելիության ժամկետն անցած ապրանքների վաճառքին, 11-ը՝ մինչև 50 միկրոն հաստության պոլիէթիլենային տոպրակների վաճառքին, մեկ դեպք՝ կառավարության սահմանած պահանջների չպահպանմանը, երեք դեպք՝ առանց համապատասխան թույլտվության ոգելից և ալկոհոլային խմիչքների վաճառքին, ևս երկու դեպք՝ առանց թույլտվության հանրային սննդի կազմակերպմանը։

Oragir.News-ը թեմայի վերաբերյալ կապ է հաստատել «88» սուպերմարկետների ցանցի հետ՝ անդրադառնալով այն դիտարկումներին, թե արդյոք այս ստուգումները կարող են կապված լինել հենց «88»-ի նկատմամբ որևէ առանձնահատուկ վերաբերմունքի հետ։

Ցանցից հերքեցին՝ նշելով, որ նման վերահսկողական միջոցառումներ իրականացվում են նաև այլ առևտրային ցանցերում, օրինակ՝ «Քարֆուր»-ում:

«Մենք դրական ենք գնահատում այն փաստը, որ Հայաստանի Հանրապետությունում իրականացվում են նման վերահսկողական միջոցառումներ՝ բոլոր առևտրային ցանցերի նկատմամբ։ Համոզված ենք, որ նման ստուգումները նպաստում են ոլորտում միասնական չափանիշների պահպանմանը, արդար մրցակցությանը և սպառողների շահերի առավել արդյունավետ պաշտպանությանը»,- նշված է ընկերության տրամադրած պաշտոնական պարզաբանման մեջ

«88»-ից հայտնեցին նաև, որ ստուգումների ընթացքում արձանագրված դիտողությունների հիմքով մեկնարկել են անհրաժեշտ ներքին գործընթացներ, և ընկերությունը ձեռնարկում է քայլեր՝ խախտումները հնարավորինս արագ վերացնելու համար։

«Մեր առաջնահերթությունը եղել և մնում է սպառողների անվտանգությունը, բարձր որակի սպասարկումն ու գործող օրենսդրության պահանջների լիարժեք պահպանումը։ Մենք շարունակելու ենք կատարելագործել մեր ներքին վերահսկողության համակարգերը և ապահովել բարձր չափանիշներին համապատասխան աշխատանքը»,- նշեցին ընկերությունից։

Հավելենք, որ «88»-ը վերջին տարիներին դարձել է Հայաստանի արագ ընդլայնվող սուպերմարկետների ցանցերից մեկը՝ մասնաճյուղեր բացելով Երևանում և մարզերում։ ՀՀ իրավաբանական անձանց պետական գրանցման էլեկտրոնային ռեգիստրում «ՄԱՐԿԵՏ 88» ՍՊԸ-ն գրանցվել է 2021 թվականին։ Մամուլում տարբեր հրապարակումներ են եղել, որոնցում «88» սուպերմարկետների ցանցը կապվել է գործարար Նարեկ Նալբանդյանի անվան հետ։ Սակայն պետական ռեգիստրում նշված է, որ «88»-ի իրական շահառուն Առնո Մարգարյանն է։



Ամենից շատ դիտված

15:22 50 տարվա ամուսնությունից հետո բաժանված Ալեքսանդր Խաչատրյանը նոր սիրելիի հետ հրապարակում է արել
14:43 ՌԴ-ում արջը հոշոտել ու գլխատել է անտառում միայնակ խմող տղամարդուն
13:39 Անհասկանալի վարակ՝ արտերկրից վերադառնալուց հետո. դերասանուհի Մարիամ Ադամյանը տագնապալի հրապարակում է արել
15:00 Փաշինյանի իշխանությունը առերևույթ քայքայվում է
22:43 6.0 մագնիտուդով երկրաշարժ՝ Ֆիլիպինների ափերի մոտ
17:19 Սիրտս նորից նույն վախով է լցվում. Մարի Պետրոսյանի խոստովանությունը
10:51 Դատարանը 19-ամյա երիտասարդի, ով Mercedes CLS-ով բախվել էր ավտոբուսին, խափանման միջոցը փոխել է
11:34 Ուկրաինայի Գերագույն Ռադան պաշտոնանկ է արել վարչապետ Յուլիա Սվիրիդենկոյին և ամբողջ կառավարությանը
11:32 Լավ բանը էժան չի լինում. մեր սրճարանները թանկ են, որովհետև սպասարկումը բարձր մակարդակի վրա է. Փաշինյան
10:12 ԱՄՆ-ն վերսկսել է Իրանի թիրախների ռմբակոծումը և հայտարարել իրանական նավահանգիստների շրջափակման մասին