copy image url
Ներքին 1 ամիս առաջ - 19:12 11-07-2026

Ընտրողները դատի են տվել Նիկոլ Փաշինյանին

Ընդդիմության օգտին իբրև ընտրակաշառքով քվեարկելու մասին Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները վիրավորել են քաղաքացիներին․ վերջիններս հերթով դիմում են դատարան՝ պահանջելով հերքել զրպարտությունը և ներողություն խնդրել իրենցից, հաղորդում է «Փաստինֆո»-ն։

Մասնավորապես, Լուսինե Ավագյանը հայցադիմում է ներկայացրել ընդդեմ Նիկոլ Փաշինյանի՝ խնդրելով ճանաչել, որ պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանի կողմից 2026 թվականի հունիսի 11-ին հրապարակայնորեն տարածված՝ «Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստացել է 100 տոկոսով օրգանիկ քվե, իսկ մյուս քաղաքական ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե» տեղեկությունը այն մասով, որով վերաբերում է հայցվորին՝ որպես ընդդիմադիր քաղաքական ուժին ձայն տված քաղաքացու, չի համապատասխանում իրականությանը և արատավորում է հայցվորի պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը։ Ավագյանը պահանջում է դատարանից՝ պարտավորեցնել պատասխանող Նիկոլ Վովայի Փաշինյանին հայցադիմումը բավարարելու մասին վճիռն օրինական ուժի մեջ մտնելուց հետո 5 (հինգ) աշխատանքային օրվա ընթացքում ՀՀ-ում գործող զանգվածային լրատվության միջոցների համար հասանելի վայրում և առնվազն 24 (քսանչորս) ժամ առաջ այդ մասին ԶԼՄ-ներին նախապես ծանուցելով հրապարակայնորեն հերքել Լուսինե Աբոյի Ավագյանի հասցեին տարածված զրպարտություն համարվող փաստացի տվյալները` հերքումն իրականացնելով հետևյալ կերպ՝ «ՀԵՐՔՈՒՄ, 11.06.2026 թվականին տված ասուլիսիս ընթացքում «մյուս քաղաքական ուժերը ստացել են 100 տոկոսով ընտրակաշառքով քվե» հրապարակված տվյալը չի համապատասխանում իրականությանը՝ սուտ է, հետեւաբար այլ քաղաքական ուժի օգտին քվեարկած Լուսինե Աբոյի Ավագյանի կողմից ընտրակաշառք վերցնելու վերաբերյալ հրապարակված տվյալը չի համապատասխանում իրականությանը՝ սուտ է»։

Հայցվորը նաև պահանջում է ապահովել, որ հերքումը հրապարակվի բոլոր այն ԶԼՄ-ներում, որտեղ տեղ են գտել Փաշինյանի հայտարարությունները։ Ավագյանը նաև պահանջում է դատարանից պարտավորեցնել Փաշինյանին ներողություն խնդրել իրենից՝ իրեն «ընտրակաշառք ստացող անվանելու համար»։ Միևնույն ժամանակ հայցվորը պահանջում է փոխհատուցում 6 մլն դրամի չափով՝ զրպարտության և վիրավորանքի համար։ Հայցը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի դատավոր Նաիրա Ավետիսյանին։

Նշենք, որ ավելի վաղ Փաշինյանի վերոգրյալ հայտարարությունների համար հայցադիմում էր ներկայացրել Բագրատ Սրբազանը՝ պահանջելով հերքել իր պատիվը, արժանապատվությունը և բարի համբավը արատավորող, իրականությանը չհամապատասխանող տվյալները։

Ամենից շատ դիտված

16:00 Ողբերգական ավտովթարի պատասխանատուն նաև կառավարությունն է
20:51 Ինչպես է կայծակը հարվածում Սևանավանքի խաչին
19:59 Մի ամբողջ պետական բյուջե վստահել ենք մի մարդու, ով առաքինություն է համարում պարտք վերցնելը
22:02 Նարեկ Նալբանդյանը միայն մեկ բան պետք է ապացուցի` իր ահռելի կարողության օրինականությունը
08:19 Սերժ Սարգսյանն այցելում է Վեհափառին, նրանք առանձնանում են և մոտ 2 ժամ զրուցում․ «Հրապարակ»
15:59 Իշխանություններն էլ են արդեն մեծահարուստ, ինչ հարուստների հետ կապի մասին է խոսքը. հարցում
21:59 Կանգառը՝ ավտոկայանատեղի․ ուղևորները մեքենաների արանքով են հասնում ավտոբուսին
18:09 Սահմանադրական փոփոխությամբ Փաշինյանը բոլոր դատավորներին դնելու է տոտալ կախվածության մեջ
09:53 «44-օրյա պատերազմում զոհերի թիվը 3755 է»․ ՀՀ նախագահի աշխատակազմը վրիպակ է որակել նախագահի հնչեցրած թիվը
22:16 ՆԱՏՕ-ի չափանիշներով ինքնագնահատում՝ ՀՀ ՊՆ խաղաղապահ բրիգադում